Ոլորտային աջակցության ծրագրեր

Արդյունաբերությունը բիզնեսի ոգին է և բարեկեցության անկյունաքարը։

Չարլզ Դիքենս

Ոլորտային աջակցության ծրագրեր

Այս ուղղության գործունեության առաջին փուլում մենք փորձել ենք բացահայտել Հայաստանում չրագործությամբ զբաղվելու համար նպաստավոր շրջանները: Երկրորդ փուլում մենք մեր աշխատանքը կենտրոնացրել ենք Տավուշի մարզում, որտեղ կապեր են հաստատվել համագործակցելու պատրաստակամություն հայտնած և չրագործության ոլորտում զբաղված 25 տնտեսվարողների հետ:

Իջևանում և Նոյեմբերյանում կազմակերպված 2 տեխնոլոգիական դասընթացի ընթացքում փորձագետները ներկայացրել են չրագործության տեխնոլոգիական գործընթացն ավելի քան 11 պտուղ-բանջարեղենի վերաբերյալ: Դասընթացներին հաջորդել են CEFE մեթոդաբանությամբ կազմակերպված բիզնես-դասընթացներ, որոնց արդյունքում մասնակիցները ձևավորել են 15 գործարար ծրագիր:

Այժմ ընթանում է գործարար ծրագրեր ներկայացրած չրագործների համար համապատասխան չրանոցների /սարքավորումների ձեռքբերման գործընթացը: Ծրագրի շրջանակում համապատասխան ճարտարագետների և մասնագետների հետ գործակցության շնորհիվ հաջողվել է նախագծել և ստանալ դարակային չրանոցի փորձնական նմուշ:

Ծրագրի շրջանակում նաև աշխատանք է իրականացվել չրի միասնական ապրանքանիշի ստեղծման և արտաքին ձևավորման, իսկ հետագայում նաև սպառման շուկաների ձևավորման ուղղությամբ: 

2013թ.-ի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում  «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակություն» ծրագրի (EDMC) հրավիրած միջազգային փորձագետ Ռ. Մալոսսին, անցկացրել է չրագործության ոլորտում դասընթացավարների տեխնոլոգիական դասընթաց (ToT), որին մասնակցել են հայտարարության  և հարցազրույցի հիման վրա ընտրված  դիմորդները: Մասնակցել է  19 դիմորդ: Ապրիլին տեղի է  ունեցել փորձագետի շնորհանդեսը, որտեղ նա ներկայացրել է կատարած աշխատանքը և հիմնական առաջարկությունները: Նույն ժամանակահատվածում շարունակվել է չրագործության աջակցության ծրագիրը Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերում:

Մայիսին մեկնարկել է պանրագործության զարգացման ծրագիրը: Ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է ծրագիրը սկսել Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա,Նորաշեն, Ծովազարդ և Լճափ համայնքներում՝ ելնելով իրենց բարենպաստ բնակլիմայական պայմաններից, խոշոր եղջերավոր անասունների քանակից, կերային բազայից և ավանդույթներից: Այդ համայնքներում կազմակերպվել են  հանդիպումներ ֆոկուս-խմբերի հետ, որին  ներկա էր Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ներկայացուցիչը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են  հնարավորությունները, առկա խնդիրները և հեռանկարները: CARD-ի հետ համատեղ մշակել ենք երեք հիմնական պանրատեսակների (Լոռի, Չանախ, Մոցառելա) արտադրության տեխնոլոգիաները և անհրաժեշտ սարքավորումների ցանկը: Ձեռք է բերվել տեխնոլոգիական դասընթաց անցկացնելու պայմանավորվածություն , մշակվել է ծրագրի իրականացման ժամանակացույց:

JICA-ի ծրագրի  հետ համատեղ մշակել ենք «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» ձեռնարկի` սննդի անվտանգությանը վերաբերող մասը:

Գինեգործության զարգացման ծրագրի շրջանակում  մեր փորձագետներն ընտրել են Վայոց Ձորի մարզի Արենի գյուղը: Աջակցություն տրամադրվելու է փոքրածավալ արտադրություն ունեցող գինեգործներին՝ սարքավորումների և տեխնոլոգիաների ձեռքբերման համար: Սարքավորումների համար բանակցություններ են վարվել CARD-ի հետ, ուսումնասիրվել է տեխնոլոգիան և հստակեցվել են հետագա քայլերը:

Տեղական խաղողատեսակներից արտադրված գինիների արտահանումը խթանելու նպատակով տեղի է ունեցել այց ԼՂՀ ,  որտեղ ուսումնասիրվել են «Խնդողնի» խաղողատեսակից արտադրված գինու արտադրությունը, տեխնոլոգիաները, առաջարկը և  որակը:

Նույն ժամանակահատվածում մեր մասնագետները քայլեր են ձեռնարկել Հայաստանում հյուրատների զարգացման աջակցության գործընթացի ուղղությամբ: Տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի հյուրատների միության գործադիր տնօրենի հետ, հստակեցվել են առկա խնդիրները: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա հյուրատների զարգացման ուղղությամբ ընտրվել է երեք թիրախային վայր՝ Վայոց Ձորի Արենի, Աղավնաձոր և Ռինդ համայնքները, Տավուշի մարզի Իջևան քաղաքը և Լոռու մարզի Սանահին, Օձուն, Դսեղ և Հաղպատ համայնքները: Երկրորդ եռամսյակում նախատեսվում է սկսել աջակցության ծրագիրը ընտրված շահառուների հետ: Ծրագրին մասնակցելու չափորոշիչները մշակված են:

2014թ. ծրագրի շրջանակում նախատեսում ենք իրականացնել միկրոֆրանչայզինգի  գործարար մոդելի մշակումը, ներդնել մշակված մոդելները, հրատարակել տեխնոլոգիական ձեռնարկ-ուղեցույց,  ՓՄՁ-ներին տրամադրել տեխնոլոգիական դրամաշնորհ, ուղեկցել նրանց, մոնիթորինգ և գնահատում իրականացնել: