Մեր տեսլականը

Ձեռնարկատիրական հնարավորություններ` բոլորին։

Մեր առաքելությունը
Տեղեկացնել, ոգևորել և հզորացնել Հայաստանի ՓՄՁ-ներին,  որպեսզի նրանք ստեղծեն ինքնուրույն ձեռնարկություններ,  որոնք կնպաստեն ոչ միայն անհատական տնտեսական կայունությանը, այլև ամբողջ երկրի տնտեսությանն ընդհանրապես:
Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն  հիմնադրամը ստեղծել է ՀՀ կառավարությունը` 2002 թվականին:
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կառավարման գլխավոր մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած Հոգաբարձուների խորհուրդն է:
ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեությունն իրականացվում է ՀՀ ամբողջ տարածքում գործող մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանցի միջոցով:

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեությունն ուղղված է.

  • Պետական կառույցների և ՓՄՁ-ների միջև կապի հաստատմանը,
  • ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը,
  • ՓՄՁ-ների համար բիզնեսի զարգացման ծառայությունների մատչելիության ապահովմանը,
  • ՓՄՁ-ների համար Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը,
  • Նորարարական, հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցությանը,
  • Նոր ՓՄՁ-ների ստեղծմանն աջակցությանը,
  • ՓՄՁ-ների գործունեության միջազգայնացմանը:

Տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրեր

Տեխնիկական աջակցություն

Ֆինանսական աջակցություն

  • Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հետ կապված ցանկացած տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում
  • Տեղական արտադրանքի խթանում և ապրանքանիշերի ձևավորում
  • Արտադրանքի արտահանմանն աջակցություն
  • Իրացման խթանում
  • Սկսնակ գործարարներին աջակցություն
  • Ժանամանակակից տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի իրականացմանն աջակցություն
  • Վարկային երաշխավորությունների տրամադրում 
  • Սեփական կապիտալի ֆինանսավորում
  • Սկսնակներին վարկային երաշխավորությունների տրամադրում
  • Վարկային տոկոսադրույքի մասնակի ֆինանսավորում

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնն իր ծառայությունները մատուցում է մրցութային կարգով ընտրված մասնագիտացված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով: Տրամադրվող ծառայությունները համաֆինանսավորվում են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից:

Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի հաղորդակցման կենտրոնը Հայաստանում ի դեմս Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի

2008թ.-ից սկսած Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը հյուրընկալում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հաղորդակցման կենտրոնը Հայաստանում:

Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, որը պաշտոնապես սկսել է իր գործունեությունը  2008 թվականի փետրվարից, իր մեջ է ներառում ավելի քան 44 անդամ երկրների շուրջ 600 գործընկեր կազմակերպություններ, տրամադրելով բազմաթիվ մասնագիտացված գործարար ծառայություններ իր շահառու կազմակերպություններին ինչպես լոկալ` եվրոպական մակարդակում, այնպես էլ Եվրոպայից դուրս:

Աշխատելով «մեկ պատուհանի» սկզբունքով Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցը կազմակերպությանը կամ ոլորտին առնչվող անվճար խորհրդատվության ու աջակցության հնարավորություն է ընձեռում միևնույն ժամանակ տեղեկատվություն տրամադրելով շուկաներում առկա պայմանների, եվրոպական օրենսդրության և քաղաքականության վերաբերյալ:

ՁԵՑ-ը օժանդակում է ՓՄՁ-ներին շահաբեր պայմաններով գործընկերներ ձեռք բերելու գործում` օգտագործելով գործարար կամ տեխնոլոգիական հիմնապաշարները, տեղեկատվություն է տրամադրում միջազգային համագործակցության վերաբերյալ:

Միջազգային համագործակցություն

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը համատեղ ծրագրեր է իրականացնում և ակտիվ համագործակցում է մի շարք միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ: Համատեղ ծրագրեր են իրականացվել և իրականացվում ՄԱԶԾ, ՄԹ ՄԶՎ, ՃՄՀԳ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ:

Ֆինանսավորում

2002-2008 թվականներին պետական աջակցության համար պետական բյուջեից ուղղվել է շուրջ 1.6 միլիարդ ՀՀ դրամ և ավելի քան 20 հազար սկսնակ և գործող ՓՄՁ-ներ ստացել են աջակցություն: Ընդ որում բյուջեից հատկացումները տարեցտարի ավելանում են: (2002թ.-ին տրամադրվել է 20 մլն դրամ, 2003թ.-ին` 250 մլն դրամ, 2004թ.-ին` 234 մլն դրամ, 2005թ.-ին` 300 մլն դրամ, 2006թ.-ին` 350 մլն դրամ, 2007թ.-ին` 400 մլն դրամ, 2008թ.` 450 մլն դրամ, 2009թ.` 573.5 մլն դրամ, 2010թ.` 150 մլն դրամ, 2012 թ.՝ 150 մլն դրամ, 2013 թ.՝ 150 մլն. 793.500 դրամ:)

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը ծրագրերի և միջոցառումների իրականացման համար միջոցներ է ներգրավում նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից: