Մեր տեսլականը
Ձեռնարկատիրական հնարավորություններ` բոլորին:
Մեր առաքելությունը
Տեղեկացնել, ոգևորել և հզորացնել Հայաստանի ՓՄՁ-ներին,  որպեսզի նրանք ստեղծեն ինքնուրույն ձեռնարկություններ,  որոնք կնպաստեն ոչ միայն անհատական տնտեսական կայունությանը, այլև ամբողջ երկրի տնտեսությանն ընդհանրապես:
ՓՄՁ զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը Հայաստանում

Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտը հանդիսանում է ՀՀ տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը: ՀՀ կառավարության կողմից շարունակական քայլեր են իրականացվում ոլորտի զարգացման, մասնավորապես ՓՄՁ պետական աջակցության համակարգի ձևավորման ուղղությամբ:

ՓՄՁ զարգացման քաղաքականությունն ուղղված է ՀՀ տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման գործում ՓՄՁ ոլորտի ներուժի լիարժեք օգտագործմանն ու նրա դերի բարձրացմանը: Այս քաղաքականության հիմնարար փաստաթղթերից է հանդիսանում ՀՀ կառավարության կողմից 2000թ. օգոստոսին ընդունված «Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները», որտեղ ներկայացված են ՓՄՁ զարգացման պետական քաղաքականության տնտեսական, սոցիալական և քաղաքական նպատակներն ու նրանց իրագործման հիմնական ուղղությունները: Վերոհիշյալ փաստաթղթի ընդունումը նախապայմաններ ստեղծեց «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունման համար, որն առաջին անգամ սահմանեց Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտների չափորոշիչները և ՓՄՁ պետական աջակցության հիմնական ուղղությունները:

2001թ. ի վեր երկրում մշակվում և իրականացվում են ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրեր, որոնք նպատակաուղղված են իրականացնելու «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով ամրագրված ՓՄՁ ոլորտի պետական աջակցության հիմնական ուղղությունները:

ՓՄՁ զարգացման քաղաքականության և ռազմավարության մշակման գործառույթները վերապահված են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, որը հանդիսանում է նաև ՓՄՁ ոլորտի պետական աջակցության ծրագրերի մշակման համար պատասխանատու կառույց:

ՓՄՁ պետական աջակցության 2002թ. ծրագրի շրջանակներում, որպես ծրագրային միջոցառում, ՀՀ կառավարության 19.03.2002թ. N282 որոշմամբ հիմնադրվեց «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ), որը հանդիսանում է Հայաստանում ՓՄՁ ոլորտի պետական քաղաքականություն և ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող հիմնական կառույցը:

Հայաստանում ՓՄՁ աջակցության ժամանակակից ենթակառուցվածքները և գործուն մեխանիզմներն անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծել ՓՄՁ հեռանկարային զարգացման համար` ուղղված գիտատար և նորարարական արտադրությունների աջակցմանը, տեխնոլոգիաների փոխանցման համար նպաստավոր պայմանների ձևավորմանը և ՓՄՁ սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնմանը:

Հայաստանում ՓՄՁ զարգացման և աջակցության ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում նշանակալի դեր ունեն նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպությունները (ծրագրերը):

ՓՄՁ ՈԼՈՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ