Ուսուցում

Արագ փոփոխւթյունների ժամանակ փորձը կարող է դառնալ քո հիմնական թշնամին։

Ջոն Պոլ Գետի

Ուսուցում
 
«Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագիր
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում իրականացվող «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը օգնում է սկսնակներին իրականացնել իրենց գործարար գաղափարները: Ծրագիրը ներառում է ուսուցողական, մասնագիտական խորհրդատվության, տեղեկատվական, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: Սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Ծրագրի տևողությունը 7 ամիս է, որի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրերը, որից հետո ձեռնամուխ են լինում մշակված ծրագիրերի իրականացմանը:
 
Ծրագրի նպատակը
 
ՀՀ մարզերում և Երևանում նոր ՓՄՁ սուբյեկտների հիմնադրում և նոր աշխատատեղերի ստեղծում
 
Ծրագրի խնդիրները
ձեռնարկատիրական գիտելիքների մակարդակի բարձրացում,
գործարար ունակությունների և հմտությունների զարգացում,
նոր գաղափարների բացահայտում և իրականացման աջակցություն,
նոր ստեղծվող ձեռնարկություններին համակողմանի աջակցության տրամադրում, 
ֆինանսական աջակցության հասանելիության ապահովում:
 
Նպատակային խումբ
Սկսնակ գործարարներ - սկսնակ են համարվում գործարար գաղափար ունեցող անհատները, ինչպես նաև մինչև երեք տարի գրանցում ունեցող ՓՄՁ սուբյեկտները: 
 
Ծրագրի արդյունքում գործարարը
կունենա իր անհատական գործարար ծրագիրը,
կիրագործի իր գործարար գաղափարը խորհրդատուների ուղեկցման ներքո,
կհաստատի երկարատև համագործակցություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ:
 
Ծրագրի ընթացքը
Քայլ 1. Մասնակիցների ընտրություն
Ծրագրին մասնակցելու համար սկսնակ ձեռներեցները անցնում են հետևյալ երկու փուլերով` 1. հարցաթերթիկի լրացում, 2. հարցազրույց:
Ընտրության հիմնական չափանիշներն են.
իրատեսական և հստակ գործարար գաղափարի առկայություն,
գործարարությամբ զբաղվելու ձգտում և մոտիվացիա,
նախատեսվող գործունեությամբ զբաղվելու ուղղությամբ կատարված որոշակի աշխատանք և համապատասխան հմտություն,
սեփական ներդրում անելու պատրաստակամություն:
 
Քայլ 2. Ուսուցում/խորհրդատվություն
Մեկամսյա դասընթացի և անհատական խորհրդատվությունների ընթացքում սկսնակ գործարարը քայլ առ քայլ զարգացնում է իր գործարար գաղափարը` ստանալով հիմնարար գիտելիքներ շուկայավարման, արտադրության կազմակերպման, ֆինանսական պլանավորման և այլ կարևոր հարցերի շուրջ: Բացի այդ, սկսնակ գործարարը ստանում է խորհրդատվություն պետական գրանցման ընթացակարգերի և հարկային դաշտին վերաբերող այլ թեմաների շուրջ, ինչպես նաև կազմում է անհատական բիզնես պլան: Մեկ այլ կարևոր արդյունք էլ այն է, որ դասընթացը էապես նպաստում է ապագա ձեռներեցի գործարար մտածողության ձևավորմանն ու գործարար հատկանիշների զարգացմանը: 
Դասընթացը ինտերակտիվ է` գործնական և տեսական մասի օպտիմալ հարաբերակցությամբ և հետևյալ մեթոդների կիրառմամբ` ուղղորդող քննարկումներ, խմբային աշխատանքներ, գործարար իրավիճակների սիմուլյացիաներ, գործնական խնդիրների վերլուծություններ, դերային խաղեր և այլն:
 
Քայլ 3. Գործարար ծրագրերի ներկայացում
Դասընթացի ավարտին տեղի է ունենում գործարար ծրագրերի ներկայացում գնահատող հանձնաժողովի ներկայությամբ: Հանձնաժողովի անդամներն են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Քայլ 4. Ֆինանսական աջակցություն
Ծրագրի շրջանակներում սկսնակ գործարարը հնարավորություն ունի օգտվելու ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքներից: Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման որը իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով:
Ֆինանսական ռեսուրսների ներգրավման պայմաններն են.
գումարը` առավելագույնը 5 մլն դրամ,
տարեկան տոկոսադրույքը` 10 %,
ժամկետը` առավելագույնը 5 տարի,
գրավը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%),
նպատակային խումբը` սկսնակ գործարարներ:
 
Քայլ 5. Խմբային քննարկումներ/Ուղեկցում
Գաղափարը իրագործելու ընթացքում գործարարը միայնակ չէ. ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետները ուղեկցում են սկսնակ գործարարին և օգնում հաջորդող վեց ամիսների ընթացքում: Անհատական խորհրդատվությունների միջոցով սկսնակ գործարարը կատարելագործում է իր բիզնես ծրագիրը և լրացուցիչ աջակցություն ստանում` ելնելով իր անհատական կարիքներից: 
 

Մենք աշխատում ենք, որ դուք հզորանաք

2.   Հետազոտական և զարգացման ծրագրեր

Շուկայական տնտեսվարման պայմաններում առանձնակի կարևոր նշանակություն ունի ՓՄՁ-ներում հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացումը, որը նպաստում է տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ սուբյեկտների կողմից գիտատեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործմանն ու նրանց արտահանման ներուժի ընդլայնմանը:
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը նախապես մշակված հարցաթերթիկների միջոցով հավաքագրում է ՓՄՁ գործարար գաղափարները: Մեր իրականացրած աջակցության ծրագրերի շրջանակում ինչպես գործող, այնպես էլ սկսնակ ձեռնարկատերերի կողմից իրատեսական նախաձեռնություններ ներկայացնելու դեպքում դրանց առևտրայնացման նպատակով վերջիններին ցուցաբերում ենք տեխնիկական աջակցություն:
Դրա հետ մեկտեղ, իրականացնում ենք միջոցառումներ առանձին ձեռնարկություններին գործարար աջակցության տրամադրման ուղղությամբ` ելնելով նրանց կարիքներից և զարգացման միտումներից:

3.   «Գերփոքր և փոքր ձեռնարկությունների ֆինանսական ուսուցում»

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Միկրո և փոքր ձեռնարկությունների համար Ֆինանսական ուսուցման» դասընթացներ: 2013-2014 թվականների ընթացքում մենք մեր վերապատրաստում անցած փորձագետների միջոցով պլանավորել ենք անցկացնել դասընթացը` Հայաստանի տարբեր մարզերի 360 ձեռնարկության համար:

Դասընթացը կազմված է հետևյալ փուլերից՝

  • Վարկային ռեսուրսների հասանելիություն
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման հիմքեր
  • Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն և մեկնաբանում
  • Ֆինանսական պլանավորում և բյուջետավարման սկզբունքներ:

Դասընթաց տևողությունը 4 օր 16 ժամ է:
Դասընթացին կարող են մասնակցել USAID EDMC ծրագրի 4 արժեշղթաներից՝ դեղագործություն, ՏՏ, գյուղատնտեսական մթերքների վերամշակում և տուրիզմ, ոլորտների կազմակերպությունների ֆինանսական պատասխանատուները, հաշվապահները և տնօրենները:
Գրանցվելու համար կարող եք դիմել մեր մարզային մասնաճյուղերի գրասենյակներ: 

4.   Գործարար Ուսուցում

Գործարար ուսուցողական և վերապատրաստման դասընթացները նպաստում են ՓՄՁ սուբյեկտների ձեռնարկատիրությանն առնչվող գիտելիքների մակարդակի բարձրացմանը, գործարար հմտությունների զարգացմանը, ինչը հանգեցնում է ՓՄՁ սուբյեկտների գործունեության արդյունավետության և մրցունակության բաձրացմանը:  Ուսուցողական աջակցության ծրագրի նպատակն է գործարար ուսուցման և վերապատրաստման մատչելիության ապահովումը ՓՄՁ սուբյեկտների համար:
2013 թվականի ուսուցողական աջակցության ծրագրերի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում

ՓՄՁ սուբյեկտներին մասնակցելու դասընթացներին և սեմինարներին հետևյալ հիմնական թեմաներով`

  • ՀՀ հարկային օրենսդրության փոփոխություններ և պարզաբանումներ,
  • Գերփոքր և փոքր ձեռնարկությունների ֆինանսական ուսուցում,
  • Հաշվապահություն սկսնակների համար:
5.   «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխություն

 «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ: ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա այն կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ ի դեմս Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի:
ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնողության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու, հանրահռչակման և սատարման նպատակով ՀՀ վարչապետը հայտարարել է մրցանակաբաշխություն հետևյալ անվանակարգերում․

  • «Լավագույն կին գործատու»
  • «Լավագույն կին նորարար, նախաձեռնող»
  • «Լավագույն կին բարեգործ»
  • «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ»
  • «Լավագույն երիտասարդ կին գործարար»
  • «Լավագույն սկսնակ կին գործարար»:

Մրցանակաբաշխության սկզբունքներն են՝

  • յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ,
  • յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար,
  • հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ վարչապետի որոշմամբ:

2013 թ. մրցանակաբաշխությանը ներկայացվել է 159 հայտ, որից 37-ը՝ Երևանից և 122-ը՝ մարզերից: 

6.   «Աջակցություն սիրիահայերին» ծրագիր
2012 թվականի նոյեմբերից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նախաձեռնել է «Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը, որի շրջանակում պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ սեփական գործ հիմնել ցանկացող սիրիահայերի համար` Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության ծավալման առանձնահատկությունների, գործող հարկային, մաքսային օրենսդրութունների և այլ ուղղություններով, B2B հանդիպումներ Հայաստանի տարբեր ոլորտներում գործող գործարարների հետ, տեղեկատվական բնույթի հանդիպումներ արտադրություններում, ազատ տնտեսական գոտիներում և այլուր՝ ելնելով մասնակիցների ցանկություններից, տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս առաջացող խնդիրների վերաբերյալ։
 
Ստեղծվել է սիրիահայերի տվյալների հիմնապաշար, որը պարբերաբար համալրվում է և որի հիման վրա կատարվում է կարիքների բացահայտում և հստակեցում՝ հետագա աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով: Սեփական գործ հիմնել ցանկացող սիրիահայերի համար մենք իրականացվում ենք սկսնակ գործարարների աջակցության ծրագիր: Մասնակիցները ծանոթանում են Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու պայմաններին, ձեռք են բերում բիզնեսի պլանավորման համապատասխան գիտելիք և մեր մասնագետների օգնությամբ կազմում են բիզնես-ծրագիր՝ արտոնյալ վարկ ստանալու նպատակով: Ծրագիրը շարունակական է՝ ելնելով սիրիահայերի կարիքներից: