2013 թվականի մարտից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ Հայաստանում սկսել է իրականացնել Կանանց ձեռներեցության աջակցության ծրագիր, որի շրջանակներում դասընթացների, տեղեկատվական արշավների, ֆինանսական աջակցության և այլ միջոցներով խրախուսվում է կանանց ձեռներեցությունը։
Կանանց ձեռներեցության զարգացումը Հայաստանի տնտեսության համար զգալի ներուժ է պարունակում։ Կարևորելով հայ կնոջ ներուժը ոչ միայն ընտանիքի զարգացման ու պահպանման այլև տնտեսական բարիքների ստեղծման գործընթացում՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն իր գործընկերների հետ համատեղ աջակցում է կանանց՝ հիմնել և զարգացնել իրենց սեփական գործը Հայաստանում։
Այս նպատակով մշակվել է կանանց ձեռներեցության զարգացման ռազմավարություն , որը նկարագրում է այն մոտեցումներն ու գործողությունները, որոնք կնպաստեն Հայաստանում կանանց կողմից նոր ձեռնարկությունների ստեղծմանը, դրանց կայացմանն ու զարգացմանը։ Կին գործարարների ներուժն ուսումնասիրվել է տուրիզմի արժեշղթայում՝ Լոռու, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում։ Մշակվել են գործողությունների ծրագիր, որոնց թիրախը հատկապես հյուրատների զարգացումն է՝ որպես կանանց հատուկ բիզնես։ 
Ծրագրի շրջանակներում իրականացվել են կին ձեռներեցների կարիքների գնահատման ուսումնասիրություններ  2013 և 2014 թվականներին:

 
Կազմակերպվել են կանանց տեղեկացվածության բարձրացմանն ուղղված աշխատանքային
հանդիպումներ Երևանում և մարզերում, սկսնակ գործարարների աջակցության ծրագրեր և այլն: 
 
Ծրագրի շնորհիվ Հայաստանի բոլոր մարզերում բազմաթիվ կանայք հնարավորություն ունեն մասնակցելու ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացմանն ուղղված դասընթացների և ստանալու ֆինանսավորում` իրենց սեփական գործը հիմնելու համար: Ի հավելումն դրա՝ սկսնակ կին գործարարներին աջակցություն են ցուցաբերում նաև ավելի կայացած և հմուտ կին գործարարները հատուկ մշակված մենթորության ծրագրի միջոցով: 
Կազմակերպվում են նաև կին ձեռներեցների կարիքներից բխող այլ դասընթացներ ևս, մասնավորապես՝ ֆինանսական պլանավորման և համակարգչային գրագիտության բնագավառներում:
Ծրագիրը շարունակվում է, և բոլոր կին գործարարներին հրավիրում ենք համագործակցության՝  ի նպաստ ձեր բիզնեսի զարգացմանն ու Հայաստանի տնտեսության մեջ նոր արժեքի ավելացմանը: 
 
 
ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԿՍՆԱԿ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ 2015Թ. ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ: 
 
Ծրագրի շրջանակներում իրականացվող այլ միջոցառումների վերաբերյալ տեղեկացեք մեր կայքի ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնից
 
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
 
2012 թվականից ի վեր տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն արժանվույնս գնահատելու նպատակով Հայաստանում անցկացվում է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը, որի հիմնական կազմակերպիչն է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և ԱԶԲ-ն ի դեմս Կանանց ձեռներեցության աջակցության ծրագրի: Մրցանակաբաշխության նպատակներն են վերջին տարիների ընթացքում առավել բարձր արդյունքներ արձանագրած կին գործարարների բացահայտումը, առավել արդյունավետություն ապահոված կին գործարարների խրախուսումը և առաջավոր փորձի տարածումը, կանանց գործարար ակտիվության բարձրացումը:
2015 թվականի մրցանակաբաշխություններն անցկացվում են հիմնականում հետևյալ 5 անվանակարգերով. «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար»:     
2015 թվականին մրցույթի արդյունքում, ՀՀ վարչապետի մրցանակին են արժանացել 10 կին գործարարներ, իսկ 17-ին խրախուսական պատվոգրեր, նվերներ և հատուկ մրցանակներ են հանձնել միջազգային մի շարք կազմակերպություններ. ԱՄՆ ՄԶԾ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագիրը (USAID PRP),  ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO),  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը (UNHCR), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի «Փոքր բիզնեսի աջակցություն Հայաստանում» (EBRD BAS) ծրագիրը և Գործարարության աջակցության գրասենյակը (EBRD BSO), ինչպես նաև «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (AYWA):