Սեվծովյան ավազանի առևտրային ցանց ծրագիր
2011թ. հունիսի 1-ից մեկնարկել է ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո ֆինանսավորվող Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թթ. համատեղ գործողությունների ծրագրի  շրջանակներում իրականացվող “Սևծովյան ավազանի առևտրային ցանց՚” ծրագիրը:  Ծրագիրն իրականացվում ...
Սեվծովյան ավազանի առևտրային ցանց ծրագիր

2011թ. հունիսի 1-ից մեկնարկել է ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո ֆինանսավորվող Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թթ. համատեղ գործողությունների ծրագրի  շրջանակներում իրականացվող “Սևծովյան ավազանի առևտրային ցանց՚” ծրագիրը: 

Ծրագիրն իրականացվում է Ռումինիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Հայաստանից և Թուրքիայից ներկայացված ստորև նշված 7 կազմակերպությունների համագործակցությամբ. 

1. Կոնստանտայի առևտրաարդյունաբերական պալատ (համակարգող), Ռումինիա:
2. Դոբրիչի առևտրաարդյունաբերական պալատ, Բուլղարիա:
3. Հելենական արտաքին առևտրի խորհուրդ, Հունաստան:
4. Կավալայի առևտրաարդյունաբերական պալատ, Հունաստան:
5. Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն, Հայաստան:
6. Տրաբզոնի առևտրաարդյունաբերական պալատ, Թուրքիա:
7. Զոնգուլդակի առևտրաարդյունաբերական պալատ, Թուրքիա:

Ծրագրի հիմնական նպատակն է համատեղ ջանքերով և ռեսուրսներով խրախուսել ներտարածա-շրջանային և անդրսահմանային տնտեսական համագործակցությունը` նպատակ ունենալով խթանել Սևծովյան ավազանի հարակից շրջանների կայուն զարգացումը:

Ծրագրի խնդիրներն են.

- բարելավել անդրսահմանային գործարար տեղեկատվության և աջակցության գործիքների հասանելիությունը գործարարների և ներդրողների համար,

-   նախաձեռնել համասևծովյան ձեռնարկատիրական մշակույթի ձևավորում` Սևծովյան ավազանի հարակից շրջաններում գործարար և ներդրումային նախաձեռնությունները խրախուսելու, գործարար կապերի հաստատմանը և աջակցության գործիքների հասանելիությանը նպաստելու, գործարար համագործակցության հաստատման համատեղ միջոցառումներ կազմակերպելու և այլ միջոցներով,

-   խրախուսել գործարարությանն աջակցող կառույցների միջև համագործակցությունը` Սևծովյան ավազանի առևտրային ցանցի ստեղծման և 5 երկրներում գործող 7 կոնտակտային կետերի միջև գործարար կապերի հաստատման միջոցով, ինչը մեծապես կնպաստի ծրագրի մասնակից երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը,

- գործարարությանն աջակցող կառույցների կարողոությունների զարգացումը` նորամուծությունների, փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցով: Անդրսահմանային համագործակցության և առևտրային կապերի հաստատման վերաբերյալ փորձի փոխանակում նաև  Բալթիկ և Միջերկրական  ծովերի  այլ ցանցերի հետ:

Հիմնական գործողությունները.

-    ծրագրի մասնակից 5 երկրների (Ռումինիա, Հայաստան, Հունաստան, Բուլղարիա, Թուրքիա) առևտրատնտեսական միջավայրի վերլուծության հիման վրա Սևծովյան ավազանի կոմերցիոն քարտեզի  մշակում և տարածում,

- տեղեկատվական ինտերնետային կայքի ձևավորում, որը կունենա նաև գործարար համագործակցության առաջարկների առցանց հիմնապաշար,

-    Սևծովյան ավազանում համագործակցության  խթանման 7 համաժողովների անցկացում, որոնց ընթացքում տվյալ երկրի գործարարներին կներկայացվի ծրագրի մասնակից երկրների գործարար միջավայրը,

-    գործարար համագործակցության հաստատման միջոցառման կազմակերպում (Հունաստան) ծրագրի մասնակից 5 երկրների ՓՄՁ սուբյեկտների մասնակցությամբ,

-    տեղական գործարար համայնքին համապատասխան գործարար տեղեկատվությունը և ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով Սևծովյան առևտրային ցանցի  ձևավորում 7 կոնտակտային կետերով` տեղակայված ծրագրի գործընկեր կազմակերպություններում: