25 Երիտասարդ ստացավ խրախուսական գումարներ
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և գործընկեր կազմակերպությունների իրականացրած «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում ամփոփվեց Հայաստանի 7 համայնքներում ավարտված Երիտասարդների աջակցություն Հայաստանի մարզերում ծրագրի արդյունքը:    Հայաստանի ...
25 Երիտասարդ ստացավ խրախուսական գումարներ
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և գործընկեր կազմակերպությունների իրականացրած «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում ամփոփվեց Հայաստանի 7 համայնքներում ավարտված Երիտասարդների աջակցություն Հայաստանի մարզերում ծրագրի արդյունքը: 
 
Հայաստանի Ալավերդի, Գյումրի, Աշտարակ, Ճամբարակ, Դիլիջան, Վայք և Գորիս համայնքներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի պրոֆեսիոնալ դասընթացավարների ուղեկցությամբ մոտ 311 երիտասարդ քննարկել են իրենց բիզնես գաղափարները: Մասնակիցները ոչ միայն նշված համայնքների, հարակից բնակավայրերի բնակիչներ էին: Երիտասարդներից լավագույն բիզնես գաղափարն առաջարկած 25 մասնակցի շնորհվեցին խրախուսական գումարներ` գործի մեկնարկին նպաստելու համար: Նրանց բիզնես գաղափարները ներառում էին ձեռագործ հուշանվերների, տիկնիկների, խմորեղենի պատրաստում, համակարգչային ծառայություններ, մեղվաբուծություն, կավե իրերի արտադրություն, ջերմոցային տնտեսության հիմնում: Մի քանի խմբի բաժանված 18-35 տարեկան երիտասարդների խմբերը վերլուծել են և քննարկել են գործարարների հատկանիշները, բիզնեսին առնչվող ռիսկերը, սեփական գործարար գաղափարները: Նախաձեռնությունն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի Երիտասարդական բանկ ծրագրի փորձառության հիման վրա: 
 
«Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի թիրախային ուղղություններից մեկը մարզերի երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելը և գործարարությամբ զբաղվելու նոր հնարավորությունների ընձեռումն է: 
 
«Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի ղեկավար Սյունիք Թադևոսյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և կարևերց երիտասարդներին սեփական բիզնես գաղափարը հղկելու և կյանքի կոչելու համար անհրաժեշտ գիտելիքներով զինելը:  Նա մաղթեց, որպեսզի երիտասարդները զարգանան, զարգացնեն իրենց համայնքը, անմնացորդ նվիրվեն իրենց սկսած գործին և դառնան իրենց համայնքների զարգացման քաշող ուժը՝ օրինակ ծառայելով մյուսներին: USAID/PRP ծրագրի ղեկավարը համոզված է՝ կարևորը չերկնչելն է խոչընդոտների առաջ, և համարձակությունն ըստ նրա՝ կնպաստի, որպեսզի ապագայում մեր երկիրն ունենա ստեղծարար մտածելակերպ ունեցող, նոր ավյունով, օրինակելի և վարակիչ ոգևորություն ունեցող  գործարարներ:
 
«Ես լիահույս եմ, որ դուք շնորհիվ ձեր ստեղծագործ մոտեցումների և նվիրվածության կնվաճեք նորանոր հարթակներ, կստեղծեք նոր աշխատատեղեր՝ զարգացնելով ձեր համայնքը»,- ասաց Սյունիք Թադևոսյանը: Նա նաև նշեց, որ երիտասարդներն իրենց բիզնես գործունեության ընթացքում հետագայում նույնպես կարող են դիմել USAID/PRP ծրագրին, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին՝ աջակցության առկա բազմազան  գործիքներից օգտվելու համար: Ծրագրի ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ-ին՝  երիտասարդների գործարար հմտությունները և գիտելիքը զարգացնելու հնարավորությունն իրականություն դարձնելու համար, իսկ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամին՝ գործընկերության և տպավորիչ արդյունքների համար: