Նոր նախաձեռնություն՝ սպանդանոցային...
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) հետ համատեղ հայտարարում է նոր նախաձեռնության մեկնարկ՝ ուղղված ...
Նոր նախաձեռնություն՝ սպանդանոցային հզորություններն ավելացնելու նպատակով
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) հետ համատեղ հայտարարում է նոր նախաձեռնության մեկնարկ՝ ուղղված Հայաստանում փոքր սպանդանոցների ստեղծմանը, որոնք կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին և  սպանդանոցային մորթի բոլոր պահանջներին:
 
Հանրապետության վարչապետը կառավարության նիստում, անդրադառնալով պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին, անհրաժեշտ էր համարել ստեղծել նոր սպանդանոցներ՝ ապահովելու համար կառավարության ծրագրով սահմանված՝ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու առաջնահերթությունը: Հանձնարարական էր տրվել ներկայացնել առաջարկություն հանրապետության տարածքում նոր սպանդանոցային կարողությունների ձևավորման հնարավորությունների վերաբերյալ՝ ներառելով դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:
 
Այդ շրջանակներում մեկնարկող ծրագրին մասնակցելու համար Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, համագործակցելով ՍԱՊԾ-ի հետ,  հրավիրում է բոլոր սկսնակ գործարարներին, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը սպանդանոցային մորթի կազմակերպման բնագավառում, կամ գործող ՓՄՁ-ներին, որոնք վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» հատուկ ծրագրին: Դասընթացի շրջանակներում, ձեռնարկատիրական գործունեության հիմնական գիտելիքներից բացի, ՍԱՊԾ և ոլորտի առաջատար այլ մասնագետները մասնակիցներին կներկայացնեն սպանդանոցային մորթի կազմակերպման բոլոր պարտադիր պահանջները, անասնաբուժասանիտարական փորձաքննության ու եզրակացության կարգը, ուղեկցող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, ինչպես նաև գործունեության այս տեսակի տեխնոլոգիական առանձնահատկությունները: 
 
Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց թե ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ, թե կվերազինվեն նեղ մասնագիտական՝ սպանդանոցների ստեղծման ու գործարկման համար անհրաժեշտ գիտելիքներով և անասնաբուժասանիտարական պահանջների մասին տեղեկատվությամբ: Փորձառու մասնագետների ուղղորդմամբ՝ սկսնակ գործարարները նախ պետք է մշակեն իրենց անհատական գործարար ծրագիրը, ապա՝ անցնեն դրա իրականացմանը:
 
Ծրագրի մասնակիցները նաև հնարավորություն կունենան Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ստանալ ֆինանսական աջակցություն՝ սպանդանոցային մորթի կազմակերպման ձեռնարկություն ստեղծելու համար:
  Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ և իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական աջակցության Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով հետևյալ պայմաններով․
  • առավելագույնը 5 մլն դրամ,
  • տարեկան տոկոսադրույքը` 10%,
  • առավելագույնը 5 տարի մարման ժամկետ,
  • Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):
 
Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել մինչև 20 սկսնակ գործարարի։ Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական կամ մարզային մասնաճյուղեր (հասցեները հետևյալ հղումով՝ http://smednc.am/am/contact/):  
 
Հուլիսի 11-ին ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է Ծառայության կողմից կատարված վերլուծություն իրացվող մսի ծավալներն ու գործող սպանդանոցների թե՛ հզորության, թե՛ սփռվածության մասին, ինչպես նաև՝ գնահատել նոր սպանդանոցներ ստեղծելու անհրաժեշտությունն ըստ հանրապետության մարզերի՝ ամբողջացնելով ներդրումների համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել սպանդանոցների ստեղծման համար տիպային բիզնես պլան՝ այն տնտեսվարողներին տրամադրելու նպատակով:
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսի մեկից սկսած, փուլային տարբերակով անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի` զուգահեռաբար ձեռնարկելով սպանդանոցների հզորություններն աստիճանաբար ավելացնելու քայլեր: