Ոռոգման և ջրարբիացման 5 նոր ենթակառուցվածք Հայաստանի մարզերում
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Շիրակի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում շահագործման է հանձնել 5 նոր ենթակառուցվածք:    Արմավիրի ...
Ոռոգման և ջրարբիացման 5 նոր ենթակառուցվածք Հայաստանի մարզերում
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Շիրակի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում շահագործման է հանձնել 5 նոր ենթակառուցվածք: 
 
Արմավիրի մարզի Սարդարապատ և Արևաշատ համայնքներում շահագործման են հանձնվել վերակառուցված ոռոգման ջրատարի կարևոր ճյուղերը: Սարդարապատում վերակառուցված հատվածի երկարությունը 520մ. է: Այն ոռոգման ջրով է ապահովելու համայնքի 300 հեկտար խաղողի, սալորի և այլ մրգերի այգիները:  Ջրագծից օգտվելու է համայնքի 360 ընտանիք: Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի խոսքով՝ վերակառուցված ջրատարը համայնքի համար երկու կարևոր հարց է լուծել. «Այսուհետև անջրդի հողերին առանց կորուստների և արագ ջուր կհասցնենք: Բացի այդ, բարեկարգվեց նաև համայնքի 20-րդ փողոցը»: Համայնքի ղեկավարը վստահ է. ժողովուրդը եկել-տեսել և համոզվել է, որ ջրատարն արդյունավետ է աշխատում և վստահություն ունենալով՝ նոր այգիներ կհիմնի: 
 
Արևաշատ համայնքում շահագործման հանձնված ենթակառուցվածքը նույնպես ջրատար է: 850մ երկարությամբ վերակառուցված ջրատարի միջոցով ջրվելու է համայնքի 128 ընտանիքի պատկանող 64 հեկտար հողատարածք: Արևաշատ համայնքի ղեկավար Սուսաննա Գևորգյանը տեղեկացրեց, որ գյուղացիները նոր ջրատարի շնորհիվ կկարողանան տարվա ընթացքում 2 անգամ բերք ստանալ: «Արդեն 8 տարի է, ինչ համայնքի 50-ից ավելի ընտանիք համայնքում ոռոգման ջուր չլինելու պատճառով վարձակալում էր այլ համայնքների հողը: Սակայն այս տարվանից սկսած՝ ջրատարի շնորհիվ նրանք կմշակեն հողը»,- ասում է Գևորգյանը: 
 
Վայոց Ձորի Վերնաշեն համայնքում USAID/PRP ծրագրի շրջանակում կառուցվել է գործող ջրագծից դուրս եկող 855մ. երկարությամբ  նոր ճյուղ, որը ծառայելու է համայնքի 110 ընտանիքի ավելի քան 60 հեկտար այգիները ջրելու համար: Ջրագծի շնորհիվ այդ տարածքներում հիմնվելու է մոտ 20 հեկտար ծիրանի նոր այգի: Համայնքի ղեկավար Միքայել Բաղդասարյանն ասաց, որ ջրագիծը համայնքին կապահովի ջրի անկորուստ ոռոգմամբ: «Արդեն մոտ 30 տարի գյուղն ուներ նման ջրագծի կարիք: Սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չէինք կարողանում իրագործել ծրագիրը»,- փաստեց Վերնաշենի գյուղապետը: 
 
Շիրակի մարզի Փանիկ և Մեղրաշեն համայնքներում էլ շահագործման են հանձնվել արոտավայրերի ջրարբիացման համակարգեր՝ ընտանի կենդանիների համար նախատեսված խմոցներով: Մեղրաշենում խմոցներից ջուր է խմելու համայնքին պատկանող 900 խոշոր եղջերավոր և 2000 մանր եղջերավոր, իսկ Փանիկում՝ 1670 խոշոր և 210 մանր եղջերավոր կենդանի: Ակնկալվում է, որ նոր խմոցների շնորհիվ կենդանիների կաթնատվությունը կբարձրանա 20%-ով, ինչը կբերի բնակիչների եկամուտների ավելացում: 
 
Ընդհանուր առմամբ, 2016թ. օգոստոսից մինչև 2017թ. հուլիսի վերջը «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացվել է 33 ենթակառուցվածքային ծրագիր, ևս 3-ն ընթացքի մեջ է: Ենթակառուցվածքների զարգացումը USAID/PRP ծրագրի բաղադրիչներից մեկն է: Մյուս բաղադրիչներն են տեղական տնտեսական զարգացումը և բնության պահպանումը: