Հայ-ճապոնական ծրագրով հետաքրքրվել են Մոսկվայում և Մոլդովայում
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գլխավոր գրասենյակում կայացավ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում –փուլ 2» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ ծրագրի միացյալ համակարգող ...
Հայ-ճապոնական ծրագրով հետաքրքրվել են Մոսկվայում և Մոլդովայում
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գլխավոր գրասենյակում կայացավ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում –փուլ 2» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ ծրագրի միացյալ համակարգող խորհրդի տարեկան հանդիպումը: 
 
Ծրագրի 2-րդ փուլն ուղղված է 1-ին փուլի դրական արդյունքների և ազդեցությունների սփռմանն ամբողջ երկրում՝ ավելի ընդարձակ առաջադրանքներով, ինչպիսիք են արտահանման  ու զբոսաշրջության խթանումը տեղական ու միջազգային շուկաներում: Ծրագրի հիմնական գործողություններն ուղղված են լինելու հայ գործարար դասընթացավարների կարողությունների զարգացմանը, տեղական ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանը, տեղական ապրանքերի առաջմղմանը դիվերսիֆիկացված միջազգային շուկաներում, զբոսաշրջային ծառայություններ մատուցողների զարգացմանը, ներքին և արտաքին զբոսաշրջիկների ներգրավմանը, շուկայավարման հարթակների ձևավորմանը՝ տեղական ապրանքերի և ծառայությունների ներկայացման նպատակով, մոնիտորինգը և տեղեկատվության կուտակումը՝ տվյալների բազայի ստեղծման միջոցով:
 
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, փոխտնօրեն Կարեն Գևորգյանը, միջազգային ծրագրերի համակարգող Լիլիթ Ափուջանյանը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Ուզբեկստանի գրասենյակի պատվիրակությունը՝ գրասենյակի ղեկավար Ֆուշիմի Կացուտոշիի գլխավորությամբ և Ծրագրի թիմը՝ գլխավոր խորհրդատու Սենո Ռյուիջիի գլխավորությամբ: Որպես դիտորդ հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Կեյիկո Մաիկավան և ԳՄՀԸ ներկայացուցիչ Արամ Բաբայանը:
 
Լևոն Մնացականյան ողջունեց հանդիպման  մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց հանդիպման հրավերն ընդունելու համար: Ծրագրի համակարգող Գառնիկ Մանուկյանը ներկայացրեց Ծրագրի գործունեության առաջին տարվա ամփոփումը: Այնուհետև Ծրագրի գլխավոր խորհրդատու Սենո Ռյուիջին ներկայացրեց հաջորդ երկու տարիների համար նախատեսվող գործողությունները: Այնուհետև տեղի ունեցան համագործակցության ընդլայնման և ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ քննարկումներ և կարծիքների փոխանակում:
 
ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Ֆուշիմի Կացուտոշին արդյունավետ գնահատեց ծրագրի իրականացումը՝ հույս հայտնելով, որ հետագա գործունեությունը նույնպես լինելու է բեղմնավոր: Նա նաև շեշտեց Ծրագրի իրականացման չկանխատեսված դրական արդյունքները, մասնավորապես՝ Մոլդովայից ներկայացված հետաքրքրությունը Ծրագրի և Ծրագրի մոդելի վերաբերյալ, Մոսկվայի Սկոլկովո դպրոցի ամսագրում Ծրագրի վերաբերյալ հոդվածի ներկայացումը, Ճապոնիայի Կագավա համալսարանի ներկայացրած հետաքրքրությունը: 
 
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին հաջորդող քայլերի վերաբերյալ շրջանակային փաստաթուղթը:
 
«Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագրի 1-ին փուլը 2013-2016թթ. իրականացրել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության տեխնիկական աջակցությամբ:  Ծրագրի նպատակն էր մշակել շուկայավարման մեթոդներ և աջակցել 

տեղական ՓՄՁ-ներին՝ կիրառելով «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգը, որը ծնունդ է առել Ճապոնիայում:  «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգը սահմանվում է որպես «Տեղական ռեսուրսների օգտագործմամբ տեղական տնտեսության, ՓՄՁ-ների, ապրանքների և ծառայությունների առաջմղում Հայաստանում»: