Տաթևում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող...
Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2017թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: Ծրագրին մասնակցած սկսնակ գործարարները ...
Տաթևում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աջակցությամբ սկսնակները ներկայացրեցին 12 նոր գործարար ծրագիր

Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2017թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: Ծրագրին մասնակցած սկսնակ գործարարները բարելավել են իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ստացել շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: 13 մասնակիցներից գործարար ծրագրեր ներկայացրել են 12-ը:

Գործարար ծրագրերը ներառել են պանրի, խմորեղենի, չրերի, պահածոների, հուշանվերների և թեյերի արտադրության, ջերմոցային տնտեսության, հյուրատան, և համտեսի սրահի հիմնման գաղափարներ: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում: Դասընթացներն անցկացրել են Բիզնեսի աջակցության կենտրոնի (Բի-Էս-Սի) բարձրակարգ մասնագետները։

Ծրագրում մասնակցության հիմնական չափանիշն իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն է, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Ծրագրի թիրախային ոլորտներն են սննդի արտադրությունը և զբոսաշրջությունը: Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ:

«Հաջող սկիզբ»-ի առաջին փուլում սկսնակները մասնակցում են ձեռնարկատիրական դասընթացի և մշակում գործարար ծրագրեր: Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական աջակցության: Արտոնյալ վարկի պայմաններն են՝ մինչև 5 միլիոն դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը, նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև դրամաշնորհի՝ մինչև 2 մլն ՀՀ դրամի սահմանում: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակը ստանում է անվճար ուղղորդում՝ իր բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին: