Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն առաջինը...
Դեպի կատարելություն ճանապարհորդությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը սկսել էր այս տարվա փետրվարից: Նախաձեռնությունն իրականացվել է  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ ...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն առաջինը Հայաստանում ստացավ Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի հավաստագիր (EFQM)
Դեպի կատարելություն ճանապարհորդությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը սկսել էր այս տարվա փետրվարից: Նախաձեռնությունն իրականացվել է  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի համագործակցության շրջանակում: 
 

Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի (EFQM) հիմնադրամի գնահատող փորձագետ Մաքսիմ-Անրի Լագրիերը Երևանում ամփոփեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատակիցների անցած ճանապարհը, ներդրած ջանքերը կառավարման որակը բարելավելուն ուղղված 4 ծրագրի իրականացման հարցում: 
 
«Շատ կարևոր է, որ Հայաստանում որակի կառավարման սերտիֆիկատն առաջինը ստանում է ՓՄՁ ԶԱԿ-ը: Կարծում եմ՝ դա խթան կհանդիսանա ոչ միայն մյուս աջակցող կառույցների, այլև ՓՄՁ-ների համար, և նրանք նույնպես կսկսեն դեպի կատարելություն տանող ուղին, որն արդեն սկսել է ՓՄՁ ԶԱԿ-ը»,- ասաց Լագրիերը:  Ըստ  նրա՝ EFQM որակի կառավարման սերտիֆիկատ ունեն ոչ միայն եվրոպական աջակցող կառույցները և ՓՄՁ-ները, այլև Հին աշխարհամասի խոշորագույն կազմակերպությունները և կորպորացիաները:  
 
Գնահատողն ամփոփիչ խոսքում նաև նշեց, որ այլ նման կազմակերպությունների ցուցանիշների հետ համեմատած՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն ունի միջինից զգալիորեն բարձր արդյունք: «Շատ գովելի էր, որ ՓՄՁ ԶԱԿ-ի երևանյան գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատակիցներն ակտիվորեն ներգրավված էին կատարելության ծրագրերում և սերտորեն համագործակցում էին գնահատման ժամանակ»,- շեշտեց բելգիացի Լագրիերը, որը Հայաստանում գտնվելու երկու օրերի ընթացքում արդեն հասցրել է սիրել հայկական գարեջուրը: 
 
EFQM սերտիֆիկատ Կովկասում ստացել է միայն Վրաստանի կազմակերպություններից մեկը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի խոսքով՝ նման սերտիֆիկատը ենթադրում է Եվրոպայում ընդունված բարձրակարգ կառավարման համակարգի ներդրում: «Նման համակարգերի ներդրմամբ է պայմանավորված նաև փաստը, որ մենք 2016 թ.-ից սկսած՝ մոտ 80 ֆինանսավորված ՓՄՁ-ի դեպքում չունենք որևէ ձախողված դեպք»,- շեշտեց Մնացականյանը: Ըստ նրա՝ կատարելության ճանապարհը երկար է, և ՓՄՁ ԶԱԿ-ն իր գործընկերների հետ արդեն սկսել է այդ ուղին: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենի խոսքով՝ որպես առաջին արդյունք կարելի է համարել սերտիֆիկատի շնորհումը կենտրոնին: 
 
«Ճանապարհ դեպի կատարելություն» ծրագրի ընթացքում մշակվել են նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նոր տեսլականն ու առաքելությունը: Կենտրոնի նոր տեսլականն է՝ «Լինել փոքր և միջին ձեռնարկատիրության կայուն զարգացման ուղենիշը Հայաստանում՝ տրամադրելով համալիր և նպատակային աջակցություն»: Իսկ առաքելությունը սահմանվել է մի քանի նպատակներով՝ «Ապահովել ՓՄՁ ոլորտի աջակցության և զարգացման շարունակական բարեփոխումը», «Բարձրացնել  ՓՄՁ-ների մրցունակությունը՝ առաջնորդվելով գիտելիքահեն տնտեսության սկզբունքներով», «Դառնալ վստահելի գործընկեր փոքր և միջին բիզնեսին հաջողության հասնելու իր ճանապարհին՝ տրամադրելով բարձրորակ գործարար լուծումներ և ծառայություններ»: