Հյուրատնային բիզնեսով զբաղվող 18...
Վայոց Ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերը ներկայացնող 18 գործարար դեկտեմբերի 1-2-ը մասնակցեց «Մարքեթինգ և վաճառք հյուրատների համար» խորագրով դասընթացին: Այն կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ...
Հյուրատնային բիզնեսով զբաղվող 18 գործարար բարելավեց մարկետինգի և վաճառքի գիտելիքը և կարողությունը

Վայոց Ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերը ներկայացնող 18 գործարար դեկտեմբերի 1-2-ը մասնակցեց «Մարքեթինգ և վաճառք հյուրատների համար» խորագրով դասընթացին: Այն կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և նրա գործընկերներ` «Ի-վի քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:

Երկօրյա դասընթացը վարում էր հյուրատնային և հյուրընկալող բիզնեսում տարիների փորձ ունեցող խորհրդատու Դիանա Ավետյանը: Դասընթացի առաջին օրվա ընթացքում մասնավոր փոքր հյուրատների տնօրենները և սեփականատերերը լսեցին, թե ինչ պետք է անել իրենց շուկան և առնչվող ծառայություններն ավելի լավ ճանաչելու համար, ինչպես տարբերվել տեղական և գլոբալ մրցակիցներից, ինչպես ապահովել առցանց ներկայություն՝ սեփական վեբկայքի և սոցցանցերում բացված էջերի միջոցով: Մասնակիցները նաև ծանոթացան հյուրերի համար «Տան կանոնակարգ» սահմանելու քայլերին:

Դասընթացի երկրորդ օրվա ընթացքում հյուրատների ղեկավարները տեղեկացան ոլորտի համակարգերի և չափորոշիչների, ինչպես նաև հյուրերի սպասարկման յուրահատկությունների մասին: Միջոցառման վերջում հյուրատների ներկայացուցիչները ծանոթացան քայլերին, որոնք անհրաժեշտ է  ձեռնարկել, եթե իրենց հյուրատունը գտնվում է հիմնական զբոսաշրջային երթուղիներից հեռու:

Դիանա Ավետյանը կարևորեց, որ պետք է հետևել ոլորտի և ընդհանուր շուկայի զարգացման միտումներին և յուրաքանչյուր հաճախորդին առաջարկել նրա կարիքները բավարարող ծառայություններ: Փորձագետը նաև շեշտեց, որ մասնակիցներն ուշադրություն դարձնեն հատկապես թվային դարաշրջանում հաճախորդների նախասիրությունների փոփոխություններին:

«Ի-վի քոնսալթինգի» ծրագրերի ղեկավար Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում սա հերթական դասընթացն էր ծրագրի շահառուների համար:«USAID/PRP ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր շահառուների համար նոր շուկաների հասանելիությունն ապահովելը և նրանց մարքեթինգային աջակցություն տրամադրելն է: Այդ առումով մարքեթինգային հմտություններ  գիտելիք տրամադրող դասընթացները կարևոր նշանակություն ունեն»,- ասաց Հովհաննիսյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց Հյուրատների զարգացման հայկական ասոցիացիային, որն աջակցել է դասընթացի կազմակերպմանը: «Մեր հյուրատներից շատերը կարիք ունեն նման դասընթացների, որոնց շնորհիվ գործարարները կկարողանան ավելի շատ հաճախորդ ներգրավել և զարգացնել իրենց ծառայությունները»,- շեշտեց ասոցիացիայի նախագահ, դասընթացի մասնակից Օֆելյա Պետրոսյանը:

Մարքեթինգի և շուկայում շահառուների առաջ մղման միջոցառումներն իրականացվում են  «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի բաղադրիչներից մեկի շրջանակում: Ծրագրի մյուս բաղադրիչներն են ընտրված համայնքներում տեղական տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների զարգացումը և բնության պահպանությունը: