Ձեռագործ հագուստի արտադրություն` հայկական զարդանաշխերի տարրերով
Loom Weaving-ը հայկական ապրանքանիշ է: Այն հիմնադրել են Ինգա և էլեն Մանուկյան քույրերը` 2014 թվականին: Նրանց ապրանքանիշի յուրաքանչյուր արտադրանքն ինքնատիպ ձեռագործ աշխատանք է՝ ստեղծված հայկական զարդանախշերի, գույների և ժամանակակից ...
Ձեռագործ հագուստի արտադրություն` հայկական զարդանաշխերի տարրերով
Loom Weaving-ը հայկական ապրանքանիշ է: Այն հիմնադրել են Ինգա և էլեն Մանուկյան քույրերը` 2014 թվականին: Նրանց ապրանքանիշի յուրաքանչյուր արտադրանքն ինքնատիպ ձեռագործ աշխատանք է՝ ստեղծված հայկական զարդանախշերի, գույների և ժամանակակից սարքավորումների համադրությամբ: Որպես արդյունք` Մանուկյան քույրերը ստացել են  նորաձև, գունեղ, հարմարավետ, նրբաճաշակ և անկրկնելի արտադրատեսականի:  «Մեր կարդիգանների, զգեստների, շարֆերի, ժակետների, գլխարկների և ողջ տեսականու համար օգտագործում ենք ազգային ուրվագծերի, բազմազան գույների և նախշերի համադրություն, ինչը յուրահատուկ ոճ է հաղորդում դրանց»,- ասում է Ինգան։ 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի հետ համագործակցությունը գործարար կանանց տվել է բիզնեսի պլանավորման և կառավարման մասին գիտելիքների մեծ պաշար, շուկայավարման և արտադրության պլանավորման համապատասխան գործարար հմտություններ: Սեփական ապրանքանիշ ունենալու գաղափարը ծագել է դեռ տարիներ առաջ: Այդ ժամանակ LOOM ընկերության կրեատիվ տնօրեն Ինգա Մանուկյանն ուսանող էր։ Սերն ու հետաքրքրությունը դեպի նորաձևությունը և դիզայնը ձևավորվել են դեռ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Հագուստի մոդելավորում բաժնում ուսանելիս:
 
«Այդ ընթացքում ես ոգեշնչվում էի հայկական գորգագործության հնագույն ու յուրօրինակ մշակույթով՝ նպատակ ունենալով վերականգնելու ավանդական գունային համադրությունները և վերածելու նորաձևության էքսկլյուզիվ աշխատանքների» ։ Ավելի ուշ նրա քույրը` Էլենը,  ոգևորել է նրան, և միասին նրանք որոշել են վերականգնել նորաձև հայկական 

գործվածքների արտադրությունը: «Երբեք ուշ չէ սկսել, կարևորը սիրով իրականացնելն է»` ահա նրանց հաջողության բանաձևը և գլխավոր կարգախոսը: Հաջողության հասնելու համար քույրերը համոզված են, որ պետք է լինել համարձակ, աշխատասեր և ամենակարևորը` սիրել սեփական գործը: Գործունեության ընթացքում կազմակերպությունը հանդիպում է նաև դժվարությունների: Հիմնական դժվարություններից են տեղական շուկայի սահմանափակ լինելը, հումքի ձեռքբերումը, ինչպես նաև որակյալ մասնագետների պակասը:
 
Ապագայի համար Մանուկյան քույրերը նպատակ ունեն հայկական արտադրանքը ներկայացնել և ավելի ճանաչելի դարձնել արտերկրում: Արդեն գործարարության որոշ փորձ կուտակած և սեփական սխալները վերլուծած քույրերը սկսնակներին և նրանց, ովքեր նոր են ցանկանում սկսել բիզնեսը խորհուրդ են տալիս գործունեությունը սկսելուց առաջ ուսումնասիրել շուկան, լինել համարձակ և յուրօրինակ, ունենալ սեփական ոճը և չվախենալ մրցակցությունից: