Այս բաժնում կարող եք ծանոթանալ Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի հիմնական կարգավորող իրավական ակտերին` հարկային և մաքսային օրենսգրքերին:

ՓՄՁ ոլորտի հիմնական իրավական ակտերը և դրանց կարգավորման շրջանակը

Փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերից է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգիրքը։ Այն կարգավորում է հարկերի և օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափերը, հարկի հաշվարկման, վճարման և այլն։ Վճար վճարողների շրջանակը, վճարների դրույքաչափերը, վճարների հաշվարկման, վճարման, գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վճարների գծով արտոնությունները նույնպես սահմանվում են Հարկային օրենսգրքով կամ այլ օրենքներով:

Ոլորտըկարգավորողմեկայլիրավականակտի` Մաքսային օրենսգրքի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության սահմանով ապրանքների տեղափոխման, մաքսային հսկողության ներքո դրանց փոխադրման, ժամանակավոր պահպանության, մաքսային հայտարարագրման, բաց թողնման, մաքսային ընթացակարգերին համապատասխան ապրանքների օգտագործման, մաքսային հսկողության իրականացման, մաքսային վճարների վճարման, ինչպես նաև մաքսային մարմինների և նշված ապրանքների նկատմամբ տիրապետման և (կամ) օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքներ ունեցող անձանց միջև հարաբերություններն են:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը սահմանում է բաժնետիրական ընկերությունների իրավական վիճակը, նրանց ստեղծման, գործունեության իրականացման և դադարեցման կարգը, բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ապահովում է բաժնետերերի, պարտատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է այդ ընկերությունների ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման առնչությամբ ծագող իրավահարաբերությունները: Օրենքը սահմանում է նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավական վիճակը, ինչպես նաև նրա մասնակիցների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:

Ոլորտի հիմնական իրավական ակտը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքն է։ Դրա նպատակն է սահմանել ՓՄՁ սուբյեկտների չափորոշիչները, պետական աջակցության հիմնական ուղղությունները և այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները:

Այս առումով հատկանշական է, որ ՀՀ օրենսդրությամբ ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են՝

1. գերփոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը.

2. փոքր՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 50 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը.

3. միջին՝ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 250 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն գերազանցում համապատասխանաբար 1500 մլն դրամը և 1000 մլն դրամը:

Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղություններն են`

  • իրավական բարենպաստ դաշտի ձևավորումը,
  • ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը,
  • աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանը ու զարգացմանը նպաստելը,
  • տեղեկատվական և խորհրդատվական օգնությունը,
  • արտաքին տնտեսական գործունեության խթանումը,
  • նորարարական գործունեության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը,
  • բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը,
  • կադրերի պատրաստումը և վերապատրաստումը,
  • վիճակագրական հաշվետվությունների և հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի ստեղծումը,
  • պետական գնումների իրականացման գործընթացում աջակցությունը: