Շատերի համար բիզնեսի պլանավորումը բավականաչափ բարդ և «անհասկանալի» գործընթաց է: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է, մեզանից շատերը մտածել են ձեռնարկատիրությամբ զբաղվելու մասին և քչերն են իրականում ձեռնարկել այն: Այնուամենայնիվ, բիզնեսի պլանավորման գործընթացը կարող է ավելի հասանելի և մատչելի դառնալ, եթե ամբողջ գործընթացը բաժանենք մի շարք քայլերի: Հենց այս պահից սկսած, դուք կհամոզվեք, որ իրականում ոչ մի բարդություն չկա:

ԻՆՉՊԵ՞Ս ՊԼԱՆԱՎՈՐԵԼ ԲԻԶՆԵՍԸ: ԲԻԶՆԵՍԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ

Բովանդակություն

  1. Քայլ 1 - Գործարար գաղափարի գեներացում
  2. Քայլ 2 - Գործարար գաղափարի գնահատում
  3. Քայլ 3 - Գործարար ծրագրի մշակում
  4. Քայլ 4 - Ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունների բացահայտում

ՔԱՅԼ 1. Գործարար գաղափարների գեներացում մտագրոհի միջոցով

Հնարավոր է, դուք մոտավոր գիտեք, թե ինչ բիզնեսով կուզենայիք զբաղվել: Եթե նույնիսկ ոչ, մեծ խնդիր չէ. թուղթ ու գրիչ վերցրեք, մտագրոհ սկսեք: Սկսեք գրանցել այն բոլոր գաղափարները, որոնք ձեր մտքով կանցնեն: Կարևոր չէ, թե ինչքանով են անիրատեսական դրանք Ձեզ համար: Բոլոր գաղափարները գրանցելուց հետո, անհրաժեշտ է սկսել դրանց գանահատումը ըստ բազմապիսի գործոնների՝

  • Պահանջարկի առկայության,
  • Հումքի առկայության,
  • Տեխնոլոգիայի առկայության,
  • Համապատասխան որակի աշխատուժի հասանելության
  • Ֆինանսական ռեսուրսների հասանելության
  • Բիզնեսի ռազմավարական պիտանելության,
  • Շահութաբերության մակարդակ և այլն:

Վերլուծության արդյունքում ընտրեք այն ամենամեծ զարգացման ներուժ և ամենափոքր ներդրումներ պահանջող գործարար գաղափարը, որի իրագործմամբ հաճույքով կզբաղվեք:

Քայլ 2: Գործարար գաղափարի գնահատում

Սեփական կազմակերպություն ունենալու առավելությունները շատ են՝

  • չկա ղեկավար,
  • աշխատում եք այնքան, որքան ուզում եք,
  • ժամանակացույցը հարմար է,
  • վաստակը պայմանավորված չէ աշխատավարձի չափով:

Սակայն, եկեք ազնիվ լինենք: Չնայած բոլոր առավելություններին, բիզնես ունենալը շատ հավակնոտ խնդիր է և, ըստ վիճակագրության, նորաբաց ընկերությունների մեծ մասը փակվում են գոյության 1-3 տարիների ընթացքում:


Մենք ընտրել ենք 5 հարցեր, որոնց պատասխանելով դուք կհասկանաք, թե արդյոք պետք է ներդնեք ձեր գումարը, ժամանակը, էներգիան և ստողծեք ձեր բիզնեսը:


1. Որքանո՞վ եք կարողանում աշխատել առանց ուրիշների օգնության

Որքանո՞վ եք կարողանում աշխատել առանց այլ մարդկանցից (ընտանիք, հարազատներ, ընկերներ և այլոք) ստացված մոտիվացիայի: Կարողանում եք արդյո՞ք ինքներդ ձեր առջև խնդիրներ դնել և հետևել դրանց կատարմանը: Որքանո՞վ եք արդյունավետ ծախսում ժամանակը:

Շատերը հավատում են, որ ավելի հեշտ է, երբ պատասխանատվությունը միանձնյա է: Սակայն հաճախ, դա այդպես չէ: Իրականում ամենադժվարն այն դեպքն է, երբ հստակ սահմանված նպատակներ և ժամկետներ չկան: Առավել հաջողակ ձեռնարկատերերն իրենց բնույթով անկախ են և կարող են արդյունավետ աշխատել բոլոր պայմաններում:

2. Դուք գյուտարա՞ր եք թե ձեռնարկատեր

Շատ հաջողակ սկսնակ գործարարներ իրենց ձեռնարկատիրական գործունեությունը սկսում են հիմնվելով կրեատիվ և հրաշալի գաղափարի վրա, մոռանալով, որ լավ և հետաքրքիր ապրանքի/ծառայության գաղափարը անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար: Շատ հաճախ, «գյուտարարները» կենտրոնանում են միայն արտադրանքի, նմուշի, արտոնագրերի ստացման վրա՝ անտեսելով բիզնեսի զարգացման այլ կողմերը, հաճախորդներին: «Լավ և անհրաժեշտ» ապրանք ունենալը հաճախորդներ ունենալու երաշխիք չէ և «ձեռնարկատերը» դա գիտի:

3. Ի՞նչ արժեք ունի Ձեր գաղափարը պոտենցիալ հաճախորդների համար (ինչպիսի՞ ավելացված արժեք եք ստեղծում)

Հավանաբար, արդեն լսել եք «Անհրաժեշտ է սիրել այն, ինչ անում եք: Երբ սիրես և ներդնես այն ինչ ունես, փողն ինքն իրեն կգա»: Տեսականորեն, իհարկե, գաղափարին սիրահարված լինելը լավ է: Բայց իրական կյանքում այդ սցենարը հազվադեպ է աշխատում: Կասկած չկա, որ ձեր սիրած բիզնեսի հանդեպ ունեցած կիրքն ապագա հաջողությունների կարևոր բաղադրիչն է, բայց շահութաբեր կազմակերպություն ստեղծելու համար պետք է այնպիսի արժեք առաջարկել, որ մարդիկ պատրաստ լինեն վճարել: Ի վերջո, շուկային չի հետաքրքրում այն փաստը, որ դուք իրագործում եք Ձեր վաղեմի երազանքը: Մարդիկ փող են ծախսում այն արտադրանքի եւ ծառայությունների վրա, որոնք բավարարում են իրենց կարիքներն ու ցանկությունները:

4. Ինչո՞վ է ձեր բիզնեսը տարբերվելու մյուսներից

Արդյո՞ք Ձեր գաղափարը նման է գործող այլ բիզնես գաղափարներին, թե առկա են տարբերություններ: Որքանո՞վ են մրցունակ և «նոր ու կրեատիվ» Ձեր կողմից առաջարկվող ապրանքները/ծառայությունները: Այս դրույթները կարևոր են և պետք է հաշվի առնվեն: Բայց սա չի նշանակում, որ հաջողության բանալին լրիվ նոր ապրանք կամ ծառայություն շուկա դուրս բերելն է: Ավելին, կարևոր է այն, թե ինչպես եք պատրաստվում Ձեր ընկերությանն օգնել, որպեսզի զբաղեցնի իր տեղը շուկայում: Նույն «Starbucks»- ը սուրճ վաճառող առաջին և միակ կազմակերպությունը չէ և ,իհարկե, վերջինը չի լինելու:

Մի խոսքով, ձեր գործարար գաղափարը միշտ չէ, որ պետք է ամբողջովին նոր լինի: Պետք է ուշադիր ուսումնասիրեք ոլորտը, փորձեք գտնել շուկայի դեռևս ազատ հատվածը, հասկանաք, թե ինչպես լավագույնս զբաղեցնել այն և սկսել աշխատանքը:

5. Ունե՞ք արդյոք «ֆինանսական բարձ», որին կարող եք հենվել բիզնեսը սկսելու դեպքում

Եթե Դուք կենսականորեն կախված եք ամենամսյա աշխատավարձից, պարգևատրումներից և կանխավճարներից, ապա սեփական կազմակերպություն հիմնելն ու այնտեղ աշխատելը դժվար կլինի Ձեզ համար: Փոքր կազմակերպությունների ամսեկան եկամուտները հաճախ են տատանվում, ինչպես նաև նոր կազմակերպությունները հաճախ ընդհուպ մինչև մի քանի տարի շահութաբերությամբ չեն աշխատում:

Այս պարագայում շատ կարևոր է հստակ հասկանալ, թե որ ֆինանսական աղբյուրներն են ձեզ օգնելու սկզբնական շրջանում գոյատևելու և սնելու ձեր բիզնեսը: Հաճախ, սեփական բիզնես հիմնելուն անհրաժեշտ է նախապատրաստվել, և դա կարելի է անել այլ կազմակերպություններում աշխատելու և խնայողություններ անելու ճանապարհով:

Եվ վերջապես,

Նախապես բազմաթիվ «անհարմար» հարցերի պատասխանելով, դուք կօգնեք ինքներդ ձեզ հաջողության հասնելու և այլընտրանքային ռազմավարություններ մշակելու գործում:

ՔԱՅԼ 3: Գործարար ծրագրի մշակում

Եթե, այնուամենայնիվ, որոշել եք սեփական գործ հիմնել, անցեք գործարար ծրագրի նախագծմանը: Գործարար ծրագրի մշակումը բիզնես սկսելու կարևորագույն քայլերից մեկն է, որը չի կարելի բաց թողել նույնիսկ այն դեպքում, երբ գործարար գաղափարը պարզունակ է: Պատկերացրեք հայտնվել եք մեծ քաղաքում, և ձեզ անհրաժեշտ է բնակարան գտնել. այն էլ այն դեպքում, երբ միայն փողոցի անունը գիտեք և շենքի համարը: Ինչպե՞ս եք պատրաստվում գտնել անհրաժեշտ բնակարանը: Առանց որևէ օգնության դժվար թե հնարվոր լինի: Բնականաբար ձեզ անհրաժեշտ կլինի քարտեզ կամ որևէ «ծրագիր»:

Գործարար ծրագիրը հնարավորություն կտա Ձեզ կազմակերպություն հիմնելու և այն զարգացման ուղղությամբ վարելու: Գործարարությամբ կարող եք զբաղվել նաև առանց որևէ ծրագրի: Սակայն այդ դեպքում դուք միշտ պարտվելու եք Ձեր այն մրցակցին, որը թեև ձեր կազմակերպությունից փոքր է, սակայն գործարար ծրագիր ունի:

Գործարար ծրագիրը ծառայում է երկու հիմնական նպատակների.

  • Ներդրողին տալիս է պատասխան, թե արժե արդյոք միջոցներ ներդնել տվյալ ներդրումային նախագծի մեջ։
  • Ծառայում է տեղեկատվության աղբյուր այն անձանց համար, ովքեր անմիջականորեն իրականացնում են նախագիծը:
  • Գործարար ծրագիրն օգնում է ձեռնարկատիրոջը լուծել հետևյալ հիմնական խնդիրները.
  • սահմանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները.
  • թիրախային շուկաները և այդ շուկաներում ընկերության դիրքը.
  • ձևակերպել ընկերության երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակները, դրանց հասնելու ռազմավարությունը և մարտավարությունը.
  • սահմանել այն անձանց, ովքեր պատասխանատու են ռազմավարության իրականացման համար, ընտրել աշխատակազմ, կազմել ընկերության կողմից սպառողներին առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը և սահմանել դրանց ցուցանիշերը.
  • գնահատել դրանց ստեղծման և իրացման արտադրական և առևտրային ծախսերը.
  • բացահայտել ընկերության ունեցած կադրերի, նրանց աշխատանքի մոտիվացիայի պայմանների համապատասխանությունը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ պահանջներին.
  • սահմանել շուկայի հետազոտության, գովազդի, վաճառքների խթանման, գնագոյացման, իրացման ուղիների և ընկերության այլ մարքեթինգային միջոցառումների ցանկը.
  • գնահատել ընկերության ֆինանսական վիճակը և առկա ֆինանսական ու նյութական ռեսուրսների համապատասխանությունը սահմանված նպատակներին հասնելու հնարավորություններին, կանխատեսել խոչընդոտները, «ստորջրյա խութերը», որոնք կարող են խանգարել գործարար ծրագրի պրակտիկ իրականացմանը:

Գործարար ծրագիրն օգնում է ձեռնարկատիրոջը ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.

  • ինչ տեսակի արտադրանք կամ ինչ նոր գործ ընտրել հայրենական և արտասահմանյան շուկա դուրս գալու համար.
  • ինչպիսին կլինի առաջարկվող ապրանքների և ծառայությունների շուկայական պահանջարկը, և ինչպես է այն փոփոխվելու.
  • ինչ ռեսուրսներ և ինչ քանակով անհրաժեշտ կլինեն ԳԾ-ի կազմակերպման համար.
  • որքան են արժենալու անհրաժեշտ ռեսուրսները, և որտեղ գտնել վստահելի մատակարարներ,
  • որքան կկազմեն արտադրության կազմակերպման և համապատասխան շուկաներում արտադրանքի/ծառայությունների իրացման ծախսումները.
  • ինչպիսին կլինի տվյալ արտադրանքի շուկայական գինը, և ինչպես նրա վրա կազդեն մրցակիցները.
  • ինչպիսին կարող են լինել ընդհանուր եկամուտները. և ինչպես է պետք այն բաշխել բիզնես նախագծի բոլոր մասնակիցների միջև.
  • ինչպիսին կլինեն արտադրության արդյունավետության ցուցանիշերը, և ինչպես կարելի է դրանք աճեցնել:

ՔԱՅԼ 4: Ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունների բացահայտում

Քանի որ ձեռնարկատիրությամբ նոր եք սկսում զբաղվել, հետևաբար բնական է, որ բախվելու եք ռեսուրսների սահմանափակության խնդրին: Դա նշանակում է, որ ֆինանսներն առավել մանրակրկիտ պետք է պլանավորվեն, նախագծվեն ծախսման բոլոր ուղղությունները: Անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում ուսումնասիրել մասնագիտական գրականություն կամ խորհրդակցել «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի փորձագետների հետ:

Ստորև ներկայացված են մի քանի խորհուրդներ, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնելու բիզնեսի իրացվելիությունը՝

  • փորձեք խնայողություններ անել,
  • ձևավորեք և ունեցեք «ֆինանսական անվտնագության բարձ» (ֆինանսական ազատ միջոցներ),
  • կանխատեսեք և պլանավորեք բոլոր ֆինանսական հնարավոր ծախսերը,
  • ներդրումներ կատարեք վարկերը մարելուց հետո միայն,
  • սովորեք հաճույքով պլանավորել և վերահսկել ֆինանսական պլանը:

Օգտակար հղումներ