Եվրոպական միության երկրներ արտահանման առանձնահատկությունները Գրանցում արտահանողների համակարգում (REX) ԵՄ առևտրի տեղեկատու (EU Trade Helpdesk)

ԵՄ Արտոնյալ Առևտրային Ռեժիմ

2008թ. վերջին Հայաստանը պաշտոնապես դիմել է Եվրոպական Հանձնաժողովին և 2009թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում է կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+):

2014թ.հունվարի 1-ից Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում (GSP Regulation 978/2012):

https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX%3A32012R0978

«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը հնարավորություն է տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Ապրանքների ծագման ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգ - REX system

«Registered EXporter System» (REX) -ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» (GSP+) արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման նոր էլեկտրոնային համակարգ է:

GSP+ շրջանակներում արտահանման գործընթացում ներկայումս կիրառվող ծագման երկրի հավաստագիրը (Ա ձև) փոխարինվում է ապրանքների ծագման ինքնահավաստագրման համակարգով:

Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով պետք է գրանցվեն REX էլեկտրոնային նոր համակարգում: Գրանցումը լինելու է անվճար և գրանցումը համակարգում կատարվում է մեկ անգամ: Այս գործընթացը համակարգում է ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության Հայաստան-Եվրամություն բաժինը:

REX համակարգի կիրառման նպատակով ձևավորված իրավասու մարմինը՝

  • պատասխանատու է REX համակարգում արտահանողների տվյալների գրանցման և պահպանման համար,
  • պատասխանատու է ԵՄ հետ վարչական համագործակցություն, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վերահսկողություն և տվյալների փոխանակում իրականացնելու համար:

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո «Գրանցված արտահանող» դառնալու առցանց հայտին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://customs.ec.europa.eu/rex-pa-ui/#/create-preapplication/

ԵՄ առևտրի տեղեկատու (EU Trade Helpdesk)

Եթե ցանկանում եք տեղեկանալ ԵՄ շուկայի պահանջներին և ԵՄ ներմուծման ընթացակարգերին, կարող եք այցելել ԵՄ առևտրի տեղկատուի կայքը ՝ http://trade.ec.europa.eu/tradehelp/, որտեղ կգտնեք համալիր տեղեկատվություն հետևյալի մասին՝

  • ԵՄ շուկա արտահանվող յուրաքանչյուր արտադրանքի ներմուծման պայմանները՝ անվտանգություն, տեխնիկական ստանդարտներ, շուկայահանման պահանջներ, ինչպես նաև տեղեկատվություն մաքսային և այլ իրավասու մարմինների վերաբերյալ.
  • Մաքսատուրքեր, արտոնյալ դրույքաչափեր, քվոտաներ.
  • Ինչպե՞ս օգտվել նվազեցված մաքսատուրքերից (արտոնություններից)՝ ծագման կանոններ.
  • Ու՞մ դիմել խորհրդատվության համար՝ ԵՄ իրավասու մարմիններ, մաքսային ծառայություններ, առևտրաարդյունաբերական պալատներ.
  • Առևտրային վիճակագրություն՝ որքա՞ն է արտահանվում ձեր արտադրանքից ԵՄ, ո՞ր երկրներից, ի՞նչ արժեքով.
  • Տվյալ արտադրանքի նկատմամբ գործող ԵՄ պահանջները.
  • ԱԱՀ և ակցիզային հարկեր: Լրացուցիչ տեղեկատվություն ԵՄ տվյալ անդամ երկրի ԱԱՀ օրենսդրության վերաբերյալ:

Ինչու՞ է այն օգտակար.

  • Համակարգը գործում է առցանց,
  • Տեղեկատվությունն անվճար է և միշտ թարմացվում է,
  • Առկա է առևտրին առնչվող հասանելի և ամփոփ վիճակագրություն՝ ըստ ապրանքատեսակի,
  • Գործում է դիմումների ներկայացման հաստատված ձևաչափ՝ պատասխանը տրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում,
  • Տեղեկատուն կօգնի Ձեզ իրականացնել 6 կարևոր քայլ դեպի ԵՄ արտահանման ճանապարհին՝
  1. Մաքսային դասակարգչի ստուգում,
  2. Ստուգել ապրանքների նկատմամբ գործող պահանջները,
  3. Ստուգել ներքին հարկերը,
  4. Ստուգել մաքսային տուրքերը,
  5. Ուսումնասիրել ծագման կանոննորը,
  6. Ստուգել վիճակագրության բաժինը՝ շուկայի ուսումնասիրության նպատակով:

Եվրոպական միության երկրներ արտահանման գործընթացը

«Արտահանում» մաքսային ընթացակարգը Միության ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան` նման ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքից դրա սահմաններից մշտապես դուրս գտնվելու համար (ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրք, Գլուխ 21):

Եվրոպական միության երկրներ արտահանման համար անհրաժեշտ քայլերն են.

1. Արտահանման համար պետք է պատրաստել փաստաթղթերի փաթեթ ներկայացնելու Մաքսային մարմին՝

  • REX էլեկտրոնային նոր համակարգում գրանցված հավաստագիրը ծածկագիրը: Սա փոխարինում է նախկինում Ծագման երկրի հավաստագիր (սերտիֆիկատ) «Ա ձև»- ը:
  • Պայմանագիր՝ կնքված արտահանողի և ներմուծողի միջև:
  • Հաշիվ-ապրանքագիր:
  • Ապրանքատրանսպորտային բեռնագիր: Արտահանողը որոշում է բեռնափոխադրման տեսակը և ընտրում է բեռնափոխադրում իրականացնող կազմակերպություն: Կնքում է պայմանագիր կազմակերպության հետ:
  • Եթե բեռը պարունակում է «Անասնաբուժական հսկողության ենթակա ապրանք» կամ «Բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք» ապա պետք է նաև ներկայացնեն համապատասխան սերտիֆիկատներ և թույլտվություններ:
  • Երրորդ երկիր արտահանելուց պետք է նախապես ճշտել այդ երկիր ներմուծելու համար այլ անհրաժեշտ փաստաթղթերի, թույլտվություների կամ սերտիֆիկատների անհրաժեշտության մասին:

2. Արտահանման փաստաթղթերի փաթեթը պատրաստելուց հետո ապրանքը նախապատրաստվում է արտահանման՝ այն կշռում, փաթեթավորում, պիտակավորում և պահեստավորում են:

3. Մաքսային մարմինը բեռը զննում է և ապահովման միջոցներով փակում է բեռը և վերցնում է մաքսային հսկողության տակ:

4. Արտահանվող ապրաքնի համար պետք է լրացվի մաքսային հայտարարագիր ըստ ընտրված մաքսային ընթացակարգի «Արտահանում»: Արտահանողը կարող է ինքնահայտարարագրել, եթե նախապես ստացել է ՀՀ Արտաքին Առևտրի Ազգային մեկ պատուհանի բանալի, կամ դիմել Մաքսային միջնորդի (բրոքերի) ծառայությանը:

5. Հայտարարագրումը ավարտելուց հետո Արտահանողը գնում է համապատասխան Մաքսատուն, որտեղ մակագրում են հայտարարագիրը:

6. Հայտարարագիրը մակագրելուց հետո արտահանողը ստանում է մաքսավճարների ցանկ, կատարում է վճարումները և վերցնում է կատարած վճարումների անդորագիրը և ստացականը:

7. Այս ամենից հետո ստանում է մաքսազերծման թերթիկ, որը ներկայացնում է Մաքսային պահեստ, որտեղ մաքսային տեսուչի կողմից ստուգվում է բեռի և փաստաթղթերի համապատասխանությունը և իրականացվում է բեռի բացթողնում: