Հյուրատնային ոլորտը Հայաստաում․ ամփոփ ակնարկ


.Ներգնա զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության ամենադինամիկ զարգացող ոլորտներից է:

Վերջին տարիներին Հայաստանի ներգնա զբոսաշրջիկների թիվը աճի բավականին բարձր տեմպեր է գրանցում։ Զբոսաշրջության դինամիկ աճին մեծապես նպաստել է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, Երևանից դուրս զբոսաշրջային կենտրոնների զարգացումը (Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան, Տաթև) և ձմեռային տուրիզմի հնարավորությունների ընդլայնումը: Կարևոր դեր է խաղացել հյուրանոցային հանգրվանների և հանրային սննդի կետերի թվի ավելացումը և ծառայությունների որակի բարձրացումը, «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացումը: Հայաստանի բնության առավելությունները նպաստում են զբոսաշրջության ոչ ավանդական տեսակների զարգացմանը, այդ թվում՝ արկածային, էկո և ագրո զբոսաշրջության:

Հայաստան ժամանած միջազգային զբոսաշրջիկների թիվ, հազ. մարդ


Աղբյուր` ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (ՀՀ ԱՎԾ)

Չնայած` ՀՀ միջազգային զբոսաշրջիկների դինամիկ աճին, դրանց գերակշիռ մասը հարազատներին այցելողներն են, որոնք ավելի սահմանափակ են օգտվում հիմնական զբոսաշրջային ծառայություններից: 2017թ – ին Հայաստան այցելած միջազգային զբոսաշրջիկների միայն 17.7%-ն է հանգրվանել հյուրանոցային համալիրներում։

Հանգստի նպատակով ժամանումների հիմնական խթանը Հայաստանի բնությունը և տեսարժան վայրերն են։

Հյուրանոցային համալիրներում հանգրվանած ներգնա զբոսաշրջիկների բաշխվածությունն ըստ այցելության նպատակի


Աղբյուր՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (ՀՀ ԱՎԾ), ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007-2017թթ․

Հանգստի նպատակով ժամանած հյուրանոցային համալիրներում հանգրվանած զբոսաշրջիկների թիվ, հազար այցելու


Աղբյուր՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (ՀՀ ԱՎԾ), ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007-2017թթ․

Հյուրատները հիմնականում պահանջարկված են ազգությամբ ոչ հայ զբոսաշրջիկների կողմից։

Սոցիալական փաթեթներում զբոսաշրջային ոլորտի ընդգրկումը խթանեց ներքին զբոսաշրջության կտրուկ աճը։

ՀՀ կառավարության 2012թ-ի դեկտեմբերի 27-ի որոշմամբ պետական հատվածի աշխատակիցների սոցիալական փաթեթների մեջ ընդգրկվեց հանգստի ապահովման ծառայությունը, ինչը զգալիորեն խթանեց ներքին զբոսաշրջությունը: Սոցիալական փաթեթները ծածկում են միայն ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված զբոսաշրջային օպերատորների տրամադրած ծառայությունները: Հետևաբար, սոցիալական բարեփոխումից օգտվելու համար հյուրատները պետք է համագործակցություն հաստատեն համապատասխան զբոսաշրջային օպերատորների հետ: Տուր օպերատորների հետ համագործակցության ցածր մակարդակը հյուրատներին թույլ չի տալիս օգտագործել ներքին զբոսաշրջության պոտենցիալը:

Գծապատկեր 4. Հայաստանի ներքին զբոսաշրջիկների թիվ, հազ. մարդ(միայն հյուրանոցներում, հյուրանոցային հանգրվաններում, առողջարաններում և հանգստյան տներում հաշվառված զբոսաշրջիկներ):


Աղբյուր՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (ՀՀ ԱՎԾ)

Ներքին զբոսաշրջության սեզոնայնությունը չափազանց բարձր է՝ պայմանավորված արձակուրդային ժամանակաշրջանով և ձմեռային զբոսաշրջության ծառայությունների բարձր գներով: Ներքին զբոսաշրջության ամենաակտիվ սեզոնը հունիսից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածն է։

Հայաստանի հյուրանոցային ոլորտը զարգացման բարձր պոտենցիալ ունի: Զբոսաշրջիկների թվի դինամիկ աճը և դեմոգրաֆիայի ընդլայնումը բարենպաստ պայմաններ է ստեղծում գրեթե բոլոր տեսակի հյուրանոցային տնտեսությունների համար: Ոլորտի առանցքային խնդիրը տարբեր սեգմենտների ներսում որակի մակարդակի խիստ տարբերությունների շտկումն է:

Հյուրանոցային տնտեսությունների քանակն աճի միտում ունի ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Սակայն 2005-ից մինչև 2016թ-ը հյուրանոցային տնտեսությունների թիվը Երևանում ավելի արագ է աճել (23%), քան մարզերում (17%): Արդյունքում մարզերի հյուրանոցների կշիռը նվազել է 59%-ից մինչև 45%:

Մարզերում հյուրանոցային ենթակառուցվածքի զարգացմանը նպաստել է միջազգային հյուրանոցների ընդլայնումը դեպի մարզեր (Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան): Միաժամանակ մարզերում ընդլայնումը եղել է կենտրոնացված առկա հիմնական զբոսաշրջային կենտրոններում։

Գծապատկեր 5. Հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների թիվ


Աղբյուր՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (ՀՀ ԱՎԾ)

Հյուրանոցների զբաղվածության միջին տարեկան մակարդակը դեռևս շարունակում է ցածր մնալ Հայաստանում՝ ի համեմատ միջազգային ցուցանիշների: Հյուրանոցների միջին զբաղվածությունը աշխարհում տատանվում է 50-70% կախված սեզոնից և վայրից։ Վրաստանում այս ցուցանիշը 2016թ-ին եղել է 65.8% (աղբյուրը՝ KPMG, Վրաստանի հյուրընկալության ոլորտի ակնարկ, 2016թ.)։ Երևանի առաջնակարգ հյուրանոցներում զբաղվածության ցուցանիշը միջինում կազմում է 70-80%, մարզերում այն էականորեն ցածր է՝ նույնիսկ հաշվի առնելով մարզերում ստվերայնության ավելի բարձր մակարդակը։ Մարզերում զբաղվածության բարձր մակարդակ նկատվում է միայն ակտիվ զբոսաշրջային կենտրոններում (մասնագիտական գնահատական. Ջերմուկ՝ 65%, Ծաղկաձոր՝ 50%): Զբաղվածության ցածր ցուցանիշը պայմանավորված է նաև զբոսաշրջիկների հոսքի բարձր սեզոնայնությամբ։ Որպես կանոն պիկային ժամանակահատվածում առկա է հյուրանոցային համարների պակաս, այն դեպքում երբ ոչ սեզոնին հյուրանոցները հիմնականում դատարկ են։ 

Ցածր զբաղվածության մակարդակը խոչընդոտում է մեծ հյուրանոցների զարգացումը մարզերում, որը հնարավորություն է ստեղծում հյուրատնային սեգմենտի զարգացման համար։




Զբոսաշրջային տան կառավարման գործարար ուղեցույց

Ստորև ներկայացված տեղեկատվությունը նպատակ ունի ծառայելու որպես գործնական ձեռնարկ գյուղական համայնքներում զբոսաշրջային տուն բացել ցանկացող ձեռներեցների համար:

Այն հնարավորություն կտա սկսնակ ձեռներեցին պատկերացում կազմել զբոսաշրջային տան կառավարման սկզբունքների, խնդիրների, հիմնադրման և գործարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կարիքի, ինչպես նաև առաջմղման գործիքների վերաբերյալ։

Մոդելը ենթադրում է հիմնադրման ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ծրագիր շրջանակում տրամադրվող աջակցման մեխանիզմների օգտագործման հնարավորություն:

Հարկ է նշել, որ ուղեցույցում բերված է բիզնես մոդելի տիպային օրինակ, որը պետք է համապատասխանեցվի յուրաքանչյուր կոնկրետ բիզնես նախագծի առանձնահատկություններին։ Ուղեցույցին կից ներկայացվում է նաև տիպային զբոսաշրջային տան ֆինանսական մոդել MS Excel ֆորմատով, որի օգնությամբ սկսնակ գործարարը մի քանի հիմնական պարամետրերի փոփոխությամբ կարող է կատարել սեփական բիզնես ծրագրի ֆինանսական հաշվարկները։

Նշված ուղեցույցում ֆինանսական կանխատեսումները կատարվել են տիպային հյուրատան օրինակով և իրական ֆինանսական արդյունքները կարող են որոշակիորեն շեղվել՝ պայմանավորված տարբեր փոխկապակցված հանգամանքներով:

Ուղեցույցը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ համատեղ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (PRP) ծրագրի շրջանակում «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի կողմից։

Հաշվի առնելով Հայաստանում հյուրատների գործունեության պրակտիկան և այս բիզնեսի տնտեսական նպատակահարմարության գնահատականը՝ այս ուղեցույցում որպես հյուրատան տիպային մոդել է դիտարկվել հյուրերի համար 3 սենյակ (յուրաքանչյուրում 2 ննջատեղ) տրամադրող հյուրատունը: Տիպային մոդելի տնտեսական հաշվարկները կատարվել են հետևյալ հիմնական ենթադրությունների հիման վրա՝

· հյուրատունը գտնվում է զբոսաշրջային տեսարժան վայրի մոտակայքում (մինչև 30կմ հեռավորության վրա), որը հաճախորդների հոսքի ապահովման կարևոր նախադրյալն է։

· հյուրատնային գործունեությունը կազմակերպվում է սեփական առանձնատանը, որտեղ միաժամանակ բնակվում է նաև ձեռնարկատիրոջ ընտանիքը,

· հյուրատունը բացի գիշերակացից և նախաճաշից մատուցում է ճաշ և ընթրիք, ինչպես նաև տրամադրում է լրացուցիչ ծառայություններ (օրինակ՝ գինու, պանրի համտես, զբոսավարի ծառայություն և այլն),

· զբոսաշրջային ակտիվ ժամանակահատվածը կազմում է 6 ամիս՝ մայիսից հոկտեմբեր,

· հյուրատունը գործում է ընտանեկան ձեռնարկատիրության հարկային ռեժիմում,

· հյուրատան սեփականատերը և/կամ իր ընտանիքի անդամներից մեկը տիրապետում է որոշակի համակարգչային հմտությունների և օտար լեզվի, որը հնարավորություն կտա իրականացնել հյուրատան առաջմղումը համացանցում և հաղորդակցվել օտարերկրյա հաճախորդների հետ։

Տվյալ մոդելը չի ենթադրում նոր հյուրատան կառուցում կամ կապիտալ շինարարական աշխատանքներ, այլ միայն առկա շինության վերափոխում և վերանորոգում։

Հյուրատան հաջողության առաջին նախադրյալներ

Հյուրատների կառավարումը անձնական մեծ ներգավվածություն պահանջող գործունեություն է, որի արդյունավետությունը մեծապես կախված է գործունեության ձևաչափի ճիշտ ընտրությունից և իրագործումից: Նախքան հյուրատնային գործունեությամբ զբաղվելու ֆինանսական շահավետության դիտարկումը՝ ձեռներեցներին խորհուրդ է տրվում վերլուծել հյուրատան բացումից բխող բազմաթիվ մարդկային գործոնների ազդեցությունը հյուրատան բարեհաջող աշխատանքի վրա։

Ձեռնարկատիրոջ պատրաստակամություն և պատրաստվածություն

Հյուրատների կառավարման փորձը ցույց է տալիս, որ հաճախ ձախողման պատճառ է դառնում հյուրատան սեփականատերերի կողմից հյուրատների կառավարման բարդությունների թերագնահատումը:

Շատ կարևոր է որ, ձեռներեցը գործունեությունն սկսելուց առաջ գնահատի, թե արդյոք նա և իր ընտանիքը պատրաստ են ընդունել հյուրատնային գործունեությունից բխող մարտահրավերները և արդյոք տիրապետում են հյուրատան կառավարման համար անհրաժեշտ հմտություններին:

Ձեռներեցը կարող է սեփական կարողությունները գնահատել ըստ ստորև բերված աղյուսակում ներկայացված կետերի։

Սեփական կարողությունների գնահատման առաջնային կետեր


Հյուրատուն կառավարելու պատրաստակամությունը և պատրաստվածությունը գնահատելու համար պոտենցիալ հյուրատան սեփականատիրոջը խորհուրդ է տրվում քննարկումներ անցկացնել գործող հյուրատների սեփականատերերի հետ` խնդիրների բնույթի վերաբերյալ ավելի համապարփակ պատկերացում կազմելու համար։

Հյուրատան բիզնես կոնցեպցիան

Հյուրատուն բացելուց առաջ անհրաժեշտ է հստակորեն ձևակերպել դրա կոնցեպցիան՝ գնահատելով հյուրատան առանձնահատկությունները և մրցակցային առավելություններն այլ հյուրանոցային հանգրվանների նկատմամբ: Գործունեության նախնական պլանավորման հարցում թերացումները բերում են հյուրատան արժեքային առաջարկի անկատարության:

Հյուրատան արդյունավետ առաջմղման համար անհրաժեշտ է պոտենցիալ հյուրերին ներկայացնել գրավիչ արժեքային առաջարկ: Արժեքային առաջարկը ձևավորող հիմնական առանձնահատկությունները պետք է նախապես սահմանել, ընդ որում` դրանք պետք է լինեն փոխկապակցված և համալրեն միմյանց: Հյուրատան բիզնես կոնցեպցիան ձևավորող հիմնական առանձնահատկություններն են`

· Աշխարհագրական դիրք,

· Մատուցվող ծառայություններ,

· Հարմարություններ,

· Ներքին և արտաքին դիզայն ու հարդարում,

· Սեփականատիրոջև իր ընտանիքի ներգրավվածության մակարդակ։

Անհրաժեշտ է հստակ ձևակերպել նաև գնային քաղաքականությունը, թիրախավորվող զբոսաշրջիկների սեգմենտը, զբոսաշրջիկների գրավման մեթոդները և հյուրատան զարգացմանը նպաստող այլ ռազմավարական նախաձեռնություններ:

Հյուրատունն առավել գրավիչ դարձնելու համար ցանկալի է, որ այն ունենա հայկական ավանդական կամ տվյալ վայրին բնորոշ ճարտարապետական դիզայն։ Յուրաքանչյուր գյուղական բնակավայրում հնարավոր է ոչ մեծ գումարներով ձեռք բերել հնաոճ կահկարասի, որոնցով կարելի է հյուրատանը հաղորդել յուրօրինակ դիզայն և տվյալ բնակավայրի տիպիկ կենցաղային միջավայր։

Ներդրումայինծախսերի գնահատում և ֆինանսավորում

Ներդրումային ծախսեր

Անհատ ձեռներեց գրանցելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 12,000 դրամ գրանցման պետական տուրքի և նույնականացման քարտ ու սարք ձեռք բերելու նպատակով։

Ծախսերի մանրամասները, ինչպես նաև գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված են գործարար ուղեցույցում և Գրանցիր քո բիզնեսը բաժնում։

Գրանցումը հնարավոր է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում (www.e-register.am)՝ հետևելով առցանց գրանցման հրահանգներին:

Կապիտալ ծախսեր

Այս բիզնես մոդելում ենթադրվում է, որ որպես հյուրատուն օգտագործվելու է ձեռներեցի սեփական առանձնատունը, որտեղ վերջինս բնակվելու է իր ընտանիքի հետ միասին: Ենթադրվում է, որ հյուրերի համար նախատեսված սենյակները պետք է վերանորոգվեն և ապահովվեն առանձնացված սանհանգույցներով:

Հյուրերի սպասարկման համար կարող է օգտագործվել առկա կահույքը, խոհանոցային պարագաները և կենցաղային սարքավորումները: Սակայն սպասարկման որակի բարձր մակարդակ ապահովելու համար անհրաժեշտ է նոր գույքի գնում։ Բնականաբար, նշված դեպքերը ենթադրում են ներդրումային ծախսերի տարբեր մակարդակներ։

Ներդրումային ծախսերի ցածր մակարդակի դեպքում ծախսերի ընդհանուր գումարը հաշվարկվել է 2.5 մլն դրամ, բարձր մակարդակի դեպքում՝ 4.1 մլն դրամ։

Ներդրումային ծախսերի ամբողջական ցանկը ներկայացված է գործարար ուղեցույցում։

Շրջանառու միջոցներ

Հյուրատնային գործունության դեպքում շրջանառու միջոցների կարիքը փոքր է: Որպես կանոն, հյուրերը ծառայությունների համար վճարում են անմիջապես հյուրատնից դուրս գալու պահին: Հետևաբար, հյուրատունը պետք է ընդամենը բավարար միջոցներ նախատեսի առավելագույնը 2-3 օրվա հյուրերի սննդի համար:

Ֆինանսավորում

Որպես ֆինանսավորման աղբյուր են դիտարկվում ձեռներեցի սեփական միջոցները և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցման մեխանիզմների օգտագործման հնարավորությունը։

Բիզնեսի համար կարող է հասանելի լինել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող 5 մլն ՀՀ դրամի վարկը: Վարկը տրամադրվում է առանց գրավի, 5 տարի մարման ժամկետով և 10% մնացորդի վրա հաշվարկվող տարեկան տոկոսադրույքով: Գործում է նաև վարկի մարման արտոնյալ ժամանակահատված. մարման վճարումները հնարավոր է սկսել վարկի տրամադրումից ամենաուշը 6 ամիս հետո:

Չնայած նկարագրված մոդելում ենթադրվում է, որ բոլոր ներդրումային ծախսերը իրականացվում են հյուրատան բացումից առաջ՝ բարձր ներդրումային ծախսերով մոդելի դեպքում ձեռներեցը կարող է դիտարկել կահույքի, խոհանոցային և էլ. պարագաների ձեռքբերման գծով ծախսերի հետաձգման հնարավորությունը: Մասնավորապես, վերոնշյալ ձեռքբերումները կարող են իրականացվել աստիճանաբար՝ հյուրատան գործունեության առաջին 2-3 տարիների ընթացքում, ինչը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ներդրումային բեռը: Որպես այլընտրանք, կահույքի, խոհանոցային և էլեկտրական պարագաների ձեռքբերման համար կարող է օգտագործվել նաև ապառիկ գնման տարբերակը: Ձեռներեցը կարող է ներդրումային բեռը թեթևացնել նաև սեզոնային զեղչերից գրագետ օգտվելու պարագայում (որոշ դեպքերում զեղչերը կարող են հասնել մինչև 70%-ի): Վերանորոգման ծախսերը հնարավոր է կրճատել, եթե որոշ աշխատանքներ կատարվեն սեփական ուժերով։

Բիզնեսի ֆինանսավորման կառուցվածքը ցածր և բարձր ներդրումային ծախսերի դեպքում բերված է գործարար ուղեցույցում:

Հարկեր

Համաձայն ՀՀ հարկային օրենսդրության հյուրատները կարող են գործել ընտանեկան ձեռնարկատիրության, շրջանառության հարկի կամ ավելացված արժեքի հարկի դաշտերում։

Որպես կանոն հյուրատների շրջանառությունը չի անցնում շրջանառության հարկի սահմանաչափը, հետևաբար, ավելացված արժեքի հարկում աշխատելու սցենար այս մոդելով նախատեսված չէ։

Ընտանեկան ձեռնարկատիրություն

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի(ընդունված 2018թ-ի հունվարի 7-ին), ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում ձեռնարկատիրական եկամուտ ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող գործունեությունը: Ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, ամուսինը, զավակը, եղբայրը, քույրը:

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ են համարվում այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի (այսուհետ` իրացման շրջանառություն), չի գերազանցել 18.0 մլն դրամը:

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար անձը պետք է բավարարի հետևյալ պայմանները՝

1) Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև այդ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում շրջանառության հարկ կամ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե մինչև այդ տարվա փետրվարի 20-ը իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

2) Պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում շրջանառության հարկ կամ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի), եթե նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված) անձը պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն և ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամներին (այդ թվում` վարձու աշխատող համարվող) ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող հարկվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է յուրաքանչյուր անձի համար ամսական 5 հազար ՀՀ դրամի չափով:

Հարկը վճարվում է մինչև եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

Շրջանառության հարկ

Շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար հյուրատունը պետք է գրանցված լինի հարկային մարմիններում որպես անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն։ Հաշվի առնելով գործունեության բնույթը և շրջանառության ծավալները` ավելի նպատակահարմար է գործունեությունն իրականացնել որպես անհատ ձեռնարկատեր։

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի (ընդունված 2018թ-ի հունվարի 7-ին) այլ գործունեության տեսակներից եկամուտները հարկվում են 5% դրույքաչափով այն դեպքում, երբ նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի (այսուհետ` իրացման շրջանառություն), չի գերազանցել 115 մլն դրամի շեմը մինչև 2019թ-ի հունվարի 1-ը: 2019թ-ի հունվարի 1-ից կգործինախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 58.35 միլիոն դրամի շեմը։

ՀՀ հարկային օրենսգրքի (ընդունված 2018թ-ի հունվարի 7-ին) համաձայն շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հարկ վճարողները (տվյալ դեպքում՝ անհատ ձեռնարկատերը) եկամտային հարկը հաշվարկում և վճարում են ամսական 5,000 դրամի չափով:

Վարձու աշխատողների եկամտահարկը հաշվարկվում և վճարվում է օրենքով նախատեսված ընդհանուր կարգով։ Սակայն, տվյալ տիպային մոդելի շրջանակներում վարձու աշխատողներ նախատեսված չեն։

Ուղեցույցում ենթադրվել է, որ մոդելային հյուրատունը աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության հարկի դաշտում՝ որտեղ ներգրավված են մեկից ավել աշխատող (ընտանիքի անդամ):

Հարկատեսակների դրույքաչափերն ու այլ առանձնահատկությունները ներկայացված են գործարար ուղեցույցում։

Մարքեթինգ և առաջմղում

Հյուրատան զբաղվածության ապահովման հարցում առաջնային դեր է խաղում հյուրատան տեղակայումը, այն է, մոտիկությունը զբոսաշրջային վայրերին։ Սակայն, սույն մոդելով նախատեսված զբաղվածության մակարդակն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել հյուրատան ծառայությունների ներկայացում և առաջմղումը համացանցում։ Արդյունավետ առաջմղում իրականացնելու համար պարտադիր է, որպեսզի ձեռնարկատերը կամ ընտանիքի որևէ անդամ տիրապետեն առցանց պորտալներում գրանցվելու և պորտալում իրենց էջին հետևելու համար բավարար համակարգչային գիտելիքների։ Միջազգային առցանց պորտալների ծառայություններից օգտվելու համար պարտադիր է նաև անգլերենի իմացությունը։

Հաշվի առնելով, որ Հայաստանում հյուրատների հիմնական հաճախորդներն օտարազգի զբոսաշրջիկներ են` հյուրատունը պետք է պատշաճ կերպով ներկայացված լինի ոչ միայն հայկական, այլ նաև միջազգային առցանց պորտալներում։ Առկա են ինչպես նեղ թեմատիկ ուղղվածություն ունեցող (օրինակ`www.booking.com` միայն հյուրանոցներ և հյուրանոցային հանգրվաններ), այնպես էլ զբոսաշրջային ծառայությունների լայն ասպարեզ են ներկայացնող պորտալներ (հանգրվաններ-ռեստորաններ, ընտանեկան հանգիստ-արկածային հանգիստ, և այլն)։

Միջազգային ամրագրման հարթակներում գրանցվելու մանրամասն քայլերին կարող ես ծանոթանալ ամրագրման հարթակում հյուրատան գրանցմանգործարար ուղեցույցում։

Պորտալներում գրանցվելու համար հյուրատները պետք է նախ և առաջ ունենան էլեկտրոնային փոստի հասցե։ Էլ. փոստ կարելի է անվճար ստեղծել հայտնի կայքէջերեից մեկում (օրինակ` www.gmail.com,www.mail.ru,www.yahoo.com և այլն)։ Պորտալներում գրանցման ընթացակարգը ներառում է հյուրատան վերաբերյալ տվյալների լրացում (առցանց եղանակով)։ Պահանջվող տվյալները հիմնականում վերաբերվում են հյուրատան աշխարհագրական դիրքին (պետք է նշել հասցեն կամ նշել հյուրատան դիրքը քարտեզի վրա), սենյակների քանակին, մատուցվող ծառայություններին, սակագներին և վճարման եղանակներին։

Հյուրատան աշխարհագրական դիրքի, ծառայությունների և այլ առավելությունների հնարավորինս նկարագրությունն օգնում է զբոսաշրջիկներին ավելի հեշտ կողմնորոշվել հյուրատան ընտրության հարցում։ Հյուրատան սեփականատիրոջ և հյուրատան պատմության վերաբերյալ կարճ տեղեկատվությունը ևս կարող է գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը և ազդել հյուրատան ընտրության վրա։ Շատ կարևոր է նաև պորտալում տեղադրել հյուրատան և դրա շրջակայքի նկարներ ։

Զբոսաշրջային պորտալները որպես կանոն հյուրատներից գրանցման վճար չեն գանձում, սակայն յուրաքանչյուր պատվերից պահում են միջնորդավճար` ամրագրման արժեքի 5-15% չափով։

Հիմնական զբոսաշրջային պորտալների միջնորդավճարների չափերին և հյուրատների վճարում ընդունելու եղանակների հանդեպ պահանջներին կարող եք ծանոթանալգործարար ուղեցույցում։

Պորտալներն իրենց հաճախորդներին երաշխավորում են նաև հյուրանոցային օբյեկտներում վճարման եղանակների առկայությամբ, հետևաբար, պորտալների հետ համագործակցելու համար անհրաժեշտ է տիրապետել նաև համապատասխան վճարում ընդունելու ենթակառուցվածքներին (օրինակ` քարտային վճարում ընդունելու սարք, բանկային հաշվեհամար փոխանցումների ընդունելու համար)։

Զբոսաշրջային պորտալներում գրանցվելիս հյուրատան սեփականատերը պետք է ունենա բանկային հաշվեհամար` անկանխիկ տարբերակով վճարումներն ընդունելու համար։

Ձեռներեցը պետք է նաև օրական 1-2 անգամ ստուգի իր էլեկտրոնային փոստը, որպեսզի ժամանակին հաստատի կամ մերժի ստացված պատվերները։

Պատվերներին, ինչպես նաև պորտալում հյուրատան վերաբերյալ զբոսաշրջիկների մեկնաբանություններին արագ արձագանքելու դեպքում հյուրատունը ավելի մեծ հնարավորությունների ունի զբոսաշրջիկների կողմից բարձր գնահատականների արժանանալու։

Գրանցվելուց առաջ` ձեռներեցներին խորհուրդ է տրվում ծանոթանալ պորտալի պահանջներին և առաջարկվող ծառայություններին։ Որոշ դեպքերում պորտալներից հնարավոր է ստանալ նաև առցանց առաջմղման մեթոդների վերաբերյալ անվճար խորհրդատվություն (օրինակ` www.bedandbreakfast.com)։

Իմացեք ավելին վաճառքների խթանման և մարքեթինգի վերաբերյալ Վաճաքներ և մարքեթինգբաժնում։

Ֆինանսական արդյունքների վերլուծություն

Նշված բաժնում դիտարկվել են միայն կանխիկի հոսքի կանխատեսումները՝ այն օգտագործողի տեսանկյունից առավել պրակտիկ և հեշտ դարձնելու նպատակով: Նաև հաշվի է առնվել այն հանգամանքը, որ օգտագործողների մեծ մասը հանդիսանում են հյուրատների սեփականատերերը, որոնք կարող են չտիրապետել ֆինանսական խորը գիտելիքների:

Հյուրատան դրամական միջոցների ներհոսքը ձևավորվում է գիշերակացի, սննդի մատուցման և այլ ծառայություններից: Դրամական միջոցների ներհոսքը տարբեր է մոդելի ցածր և բարձր ներդրումային տարբերակների դեպքում, քանի որ բարձր ներդրումները թույլ են տալիս ապահովել ծառայության որակի ավելի բարձր մակարդակ, որի դեպքում հնարավոր կլինի սահմանել գիշերակացի ավելի բարձր սակագին` 7,000 դրամ տարբերակ 1-ի 5,000 դրամի փոխարեն։

Ընթացիկ ծախսերի վերաբերյալ արված հիմնական ենթադրությունները․

Մատուցվող սննդի և այլ ծառայությունների ինքնարժեք – ենթադրվել է, որ մատուցվող սննդի և այլ ծառայությունների (օրինակ` տրանսպորտ, գինու համտես և այլն) գծով ծախսերը միջինում կկազմեն նշված ծառայությունների վաճառքի արժեքի մոտ 15%-ը։ Սա ճիշտ է այն դեպքում, եթե հյուրատունը մատուցվող սննդի պատրաստման համար մասամբ օգտագործում է նաև սեփական տնտեսությունում արտադրված գյուղմթերքը։

Ինտերնետ պորտալների միջնորդավճար – ինտերնետ պորտալները որպես կանոն գրանցման վարձ չեն պահանջում։ Միջնորդավճարի որպես միջին մակարդակ վերցված է գիշերակացի սակագնի շուրջ 10%-ը:

Պահպանման ծախսեր – պահպանման ծախսերը ուղղված են հյուրատան ընթացիկ տեխնիկական խնդիրների լուծմանը, օրինակ` ծորակի վերանորոգում, կոտրված ապակու փոխարինում և այլն։ Ենթադրվել է, որ պահպանման տարեկան ծախսերը կազմում են հյուրատան ներդրումների 0.2%-ը։

Կոմունալ ծախսեր – հյուրատան կոմունալ ծախսերը կախված են դրա հյուրերի թվից և նրանց մատուցվող ծառայություններից։ Նշված կապից ելնելով` կոմունալ ծախսերի մակարդակը գնահատվել է ընդհանուր վաճառքների 15%-ի չափով։

Ինտերնետ կապի վճար – հյուրատունը օգտագործում է ամսական 6,000 դրամ սակագնով ինտերնետ կապ: Նշված սակագնով հնարավոր է ձեռք բերել շուրջ 4Մբ/վ արագությամբ ինտերնետ կապ, ինչը ավելի քան բավարար կլինի ինտերնետի միջոցով հյուրատան առաջմղումն ապահովելու համար։

Այլ վարչական ծախսեր – այլ վարչական ծախսերը ներառում են հեռախոսակապի, բանկային հաշվեհամարի սպասարկման և հաշվետվությունների առցանց ներկայացման համար անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրության ձեռքբերման գծով ծախսերը։

Հյուրատան տարեկան հասույթի և ընթացիկ ծախսերի բացվածքն ամբողջությամբ ներկայացված են գործարար ուղեցույցում։

Ֆինանսական մոդել

Ուսուցողական նյութեր

1․Հաճախորդների սպասարկում և հաղորդակցության հմտություններ PowerPoint ներկայացում

2․Հյուրընկալության ոլորտի կառավարում,PowerPoint ներկայացում


Հաջողության պատմություններ

Զբոսաշրջության Զարգացում Սյունիքի մարզի Տաթևի տարածաշրջանում

Հայկական OVOP հայեցակարգի կիրառմամբ պաշտոնապես նոր 11 հյուրատներ են բացվել Սյունիքի մարզի Տաթևի տարածաշրջանում։

Օգտակար հղումներ