«Հաջող սկիզբ» ծրագիր

Իրատեսական գործարար գաղափարներ ունեցող սկսնակ գործարարները կարող են օգտվել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-կողմից իրականցվող ձեռնարկատիրական հմտությունների զարգացման «Հաջող սկիզբ» ծրագրից։

Ծրագիրը ներառում է ուսուցողական, մասնագիտական խորհրդատվության, տեղեկատվական, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Ծրագիրը իրականացվում է՝ օգտագործելով գերմանական ձեռնարկատիրական հմտությունների զարգացման լավագույն մեթոդաբանությունը՝ Գիտելիքահեն տնտեսության կառուցում՝ ձեռնարկությունների ձևավորման ճանապարհով (Competency Based Economies through Formation of Enterprises - CEFE):

Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագրերը, որից հետո ձեռնամուխ են լինում դրանց իրականացմանը: Այս ծրագիրն ավելին է քան գործարար ծրագիր մշակելը, այն գործարար մտածողության և վարքագծի հիմնարար սկզբունքները սահմանող գործիքակազմ է:


Ծրագրի առավելությունները

• ձեռնարկատիրական գիտելիքների մակարդակի բարձրացում,

• գործարար ունակությունների և հմտությունների զարգացում,

• նոր գաղափարների բացահայտում և իրականացման աջակցություն,

• նոր ստեղծվող ձեռնարկություններին համակողմանի աջակցության տրամադրում,

• ֆինանսական աջակցության հասանելիության ապահովում:

Նպատակային խումբը

Ծրագրի նպատակային խումբն են սկսնակ գործարարները: Սկսնակ են համարվում գործարար գաղափար ունեցող անհատները, ինչպես նաև մինչև երեք տարի գրանցում ունեցող ՓՄՁ սուբյեկտները:

Ծրագրի ընթացքը

Ծրագիրն իրականացման հաջորդական քայլեն են.

Քայլ 1. Մասնակիցների ընտրություն

Ծրագրին մասնակցելու համար սկսնակ ձեռներեցները անցնում են հարցազրույց:

Ընտրության հիմնական չափանիշներն են.

• իրատեսական և հստակ գործարար գաղափարի առկայություն,

• գործարարությամբ զբաղվելու ձգտում և մոտիվացիա,

• նախատեսվող գործունեությամբ զբաղվելու ուղղությամբ կատարված որոշակի աշխատանք և համապատասխան հմտություն,

• սեփական ներդրում անելու պատրաստակամություն:

Քայլ 2. Ուսուցում/խորհրդատվություն

Մեկամսյա դասընթացի և անհատական խորհրդատվությունների ընթացքում սկսնակ գործարարը քայլ առ քայլ զարգացնում է իր գործարար գաղափարը` ստանալով հիմնարար գիտելիքներ շուկայավարման, արտադրության կազմակերպման, ֆինանսական պլանավորման և այլ կարևոր հարցերի շուրջ: Բացի այդ, սկսնակ գործարարը ստանում է խորհրդատվություն պետական գրանցման ընթացակարգերի և հարկային դաշտին վերաբերող այլ թեմաների շուրջ, ինչպես նաև կազմում է անհատական բիզնես պլան: Մեկ այլ կարևոր արդյունք էլ այն է, որ դասընթացը էապես նպաստում է ապագա ձեռներեցի գործարար մտածողության ձևավորմանն ու գործարար հատկանիշների զարգացմանը:

Դասընթացը ինտերակտիվ է` գործնական և տեսական մասի օպտիմալ հարաբերակցությամբ և հետևյալ մեթոդների կիրառմամբ` ուղղորդող քննարկումներ, խմբային աշխատանքներ, գործարար իրավիճակների սիմուլյացիաներ, գործնական խնդիրների վերլուծություններ, դերային խաղեր և այլն:

Քայլ 3. Գործարար ծրագրերի ներկայացում

Դասընթացի ավարտին տեղի է ունենում գործարար ծրագրերի ներկայացում գնահատող հանձնաժողովի ներկայությամբ: Հանձնաժողովի անդամներն են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցներ և/կամ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քայլ 4. Ֆինանսական աջակցություն

Ծրագրի շրջանակներում սկսնակ գործարարը հնարավորություն ունի օգտվելու ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքներից: Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման, որը իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով:

Ֆինանսական ռեսուրսների ներգրավման պայմաններն են.

• գումարը` առավելագույնը 5 մլն դրամ,

• տարեկան տոկոսադրույքը` 10 %,

• ժամկետը` առավելագույնը 5 տարի,

• գրավը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն,

Քայլ 5. Խմբային քննարկումներ/Ուղեկցում

Գաղափարը իրագործելու ընթացքում գործարարը միայնակ չէ. ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետները ուղեկցում են սկսնակ գործարարին և օգնում են գործունեության սկզբնական փուլում: Անհատական խորհրդատվությունների միջոցով սկսնակ գործարարը կատարելագործում է իր բիզնես ծրագիրը և լրացուցիչ աջակցություն ստանում` ելնելով իր անհատական կարիքներից: