Ֆինանսական աջակցություն

Երբեք մի ծախսիր այն գումարը, որը դեռ չունես։

Թոմաս Ջեֆերսոն

Ֆինանսական աջակցություն

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ

Սկսնակ գործարարների աջակցության ծրագիր

 

Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում իրականացվող «Սկսնակ գործարարների աջակցություն»ծրագիրը օգնում է սկսնակներին իրականացնել իրենց գործարար գաղափարները:

Ծրագիրը ներառում է ուսուցողական, մասնագիտական խորհրդատվության, տեղեկատվական, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ:

Մասնակցելով ծրագրին սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:

Ծրագրի տևողությունը 1 տարի է, որի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:

 

Ծրագրի նպատակը

  • ՀՀ մարզերում նոր և որակյալ ՓՄՁ սուբյեկտների հիմնադրում,
  • նոր աշխատատեղերի ստեղծում:

 

Ծրագրի խնդիրները

  • ձեռնարկատիրական գիտելիքների մակարդակի բարձրացում,
  • գործարար ունակությունների և հմտությունների զարգացում,
  • նոր գաղափարների բացահայտում և իրականացման աջակցություն,
  • նոր ստեղծվող ձեռնարկություններին համակողմանի աջակցության տրամադրում,
  • ֆինանսական աջակցության հասանելիության ապահովում:

 

Նպատակային խումբ

  • Սկսնակ գործարարներ

        Սկսնակ են համարվում գործարար գաղափար ունեցող անհատները կամ մինչև երեք տարվա պետական գրանցում ունեցող ձեռնարկությունները: 

 

Ծրագրի արդյունքում գործարարը

  • կունենա իր անհատական գործարար ծրագիրը,
  • կիրագործի իր գործարար գաղափարը խորհրդատուների մշտական ուղեկցման ներքո,
  • կհաստատի երկարատև համագործակցություն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ և պետական գրանցման առկայության դեպքում կստանա աջակցության այլ ծրագրերից օգտվելու հնարավորություն:

 

Ծրագրի ընթացքը

Քայլ 1. Մասնակիցների ընտրություն

Ծրագրին մասնակցելու համար սկսնակ ձեռներեցները անցնում են հետևյալ երկու փուլերով`

  • հարցաթերթիկի լրացում,
  • հարցազրույց:

 

Ընտրության հիմնական չափանիշներն են.

  • իրատեսական և հստակ գործարար գաղափարի առկայություն,
  • գործարարությամբ զբաղվելու ձգտում և մոտիվացիա,
  • նախատեսվող գործունեությամբ զբաղվելու ուղղությամբ կատարված որոշակի աշխատանք և համապատասխան հմտություն,
  • սեփական ներդրում անելու պատրաստակամություն:

 

Քայլ 2. Ուսուցում/խորհրդատվություն

Մեկամսյա դասընթացի և անհատական խորհրդատվությունների ընթացքում սկսնակ գործարարը քայլ առ քայլ զարգացնում է իր գործարար գաղափարը` ստանալով հիմնարար գիտելիքներ շուկայավարման, արտադրության կազմակերպման, ֆինանսական պլանավորման և այլ կարևոր հարցերի   շուրջ: Բացի այդ,սկսնակը այս ընթացքում ստանում է խորհրդատվություն պետական գրանցման ընթացակարգերի և հարկային դաշտին վերաբերող այլ թեմաների շուրջ: Դասընթացի և խորհրդատվության արդյունքում սկսնակ գործարարը ունենում է անհատական բիզնես պլան: Մեկ այլ կարևոր արդյունք էլ այն է, որ դասընթացը էապես նպաստում է ապագա ձեռներեցի գործարար մտածողության ձևավորմանն ու գործարար հատկանիշների զարգացմանը:

Դասընթացը ինտերակտիվ է` գործնական և տեսական մասի օպտիմալ հարաբերակցությամբ և հետևյալ մեթոդների կիրառմամբ`

  • ուղղորդող քննարկումներ,
  • խմբային աշխատանքներ,
  • գործարար իրավիճակների սիմուլյացիաներ,
  • գործնական խնդիրների վերլուծություններ,
  • դերային խաղեր և այլն:

 

Քայլ 3. Գործարար ծրագրերի ներկայացում

Դասընթացի ավարտին տեղի է ունենում գործարար ծրագրերի ներկայացում գնահատող հանձնաժողովի ներկայությամբ: Հանձնաժողովի անդամներն են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Քայլ 4. Ֆինանսական աջակցություն

Ծրագրի շրջանակներում սկսնակ գործարարը հնարավորություն ունի օգտվելու ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքներից: Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը սկսնակի ցանկությամբ կարող են ներկայացվել վարկավորման: Վարկավորումը կիրականացվի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով:

Երաշխավորությամբ ֆինանսական ռեսուրսների ներգրավման պայմաններն են.

  • գումարը` առավելագույնը 5 մլն դրամ,
  • տարեկան տոկոսադրույքը` 10 %,
  • ժամկետը` առավելագույնը 5 տարի,
  • գրավը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%),
  • նպատակային խումբը` սկսնակ գործարարներ:

 

Քայլ 5. Խմբային քննարկումներ/Ուղեկցում

Գաղափարը իրագործելու ընթացքում գործարարը միայնակ չէ. ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետները ուղեկցում են սկսնակ գործարարին և օգնում հաջորդող մեկ տարվա ընթացքում: Անհատական խորհրդատվությունների միջոցով սկսնակ գործարարը կատարելագործում է իր բիզնես ծրագիրը և լրացուցիչ աջակցություն ստանում` ելնելով իր անհատական կարիքներից: