Հանդիպում JICA-ի ղեկավարության հետ
Մարտի 13-ին՝ Տոկիոյում գտնվող Ճապոնիայի միջազգային համագործակցության (ՃՄՀԳ) գործակալության գլխամասային գրասենյակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի պատվիրակությունը հանդիպեց  ՃՄՀԳ ղեկավարության հետ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն ...
Հանդիպում JICA-ի ղեկավարության հետ
Մարտի 13-ին՝ Տոկիոյում գտնվող Ճապոնիայի միջազգային համագործակցության (ՃՄՀԳ) գործակալության գլխամասային գրասենյակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի պատվիրակությունը հանդիպեց  ՃՄՀԳ ղեկավարության հետ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, ՃՄՀԳ ներկայացնում էին գլխավոր տնօրենի տեղակալ Կազույա Սուզուկին, ՃՄՀԳ Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի ղեկավար Հաջիմե Տանիգուչին, Գյուղական համայնքների զարգացման փորձագիտական խմբի անդամ Ջուն Դաիտոն: 
Կողմերը քննարկեցին Foodex Japan 2018 միջազգային ցուցահանդեսին հայկական պատվիրակության և Հայաստանի արտադրողների մասնակցությունը, «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում–փուլ 2» ծրագրի ընթացքը և հետագա համագործակցության հեռանկարները: 
 
ՃՄՀԳ ղեկավարները գոհունակություն հայտնեցին, որ հայ արտադրողների ապրանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել Ճապոնիայի պոտենցիալ ներկրողների և սննդի սպասարկման ոլորտը ներակայացնող գործարարների շրջանակում: «Շատ ուրախալի է, որ առաջին անգամ մասնակցելով՝ հայ արտադրողները նման մեծ հետաքրքրություն առաջացրեցին»,- ասաց Կազույա Սուզուկին: 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը նույնպես բարձր գնահատեց ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին, ՃՄՀԳ հետ համատեղ իրականացվող ծրագրի ընթացքը: «Հայաստանում այսօր զգալի առաջընթաց է գրանցել սննդի վերամշակման ոլորտը: Այդ իսկ պատճառով կարևոր է այդ ոլորտին տրամադրվող շարունակական աջակցությունը»,- շեշտեց Մնացականյանը: 
 
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի «Մակուհարի» ցուցահանդեսային համալիրում մարտի 6-9-ն ընթացավ «Foodex Japan 2018» 43-րդ միջազգային ցուցահանդեսը: Այն խոշորագույններից մեկն  է ամբողջ Ասիայի տարածաշրջանում: Առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցեց նաև Հայաստանի 8 արտադրող:
 
Հայկական ընկերությունների մասնակցությունը «Ֆուդեքս» ցուցահանդեսին հնարավոր դարձավ Ճապոնիայում ՀՀ դեսպանատան, Ճապոնիայի միջազգային համագործակցության և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի համագործակցության շնորհիվ:
 
Հայաստանից ցուցահանդեսին ներկայացան չրերի, գինիների, մեղրի և կոմպոտների արտադրությամբ զբաղվող ընկերություններ: Նրանցից ոմանք Ճապոնիայի ներկրողների հետ արդեն ձեռք են բերել դեպի Ծագող արևի երկիր արտահանում իրականացնելու առաջին փորձերը կատարելու պայմանավորվածություններ: