Ասիական զարգացման բանկի ծրագրերն...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Լևոն Մնացականյանը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) խորհրդատու Գրեհեմ Ուոլտերի և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գրիգոր Գյուրջյանի հետ քննարկեց Հայաստանում 2014-2018 թթ. իրականացված ծրագրերը:  Լևոն Մնացականյանը ...
Ասիական զարգացման բանկի ծրագրերն օգնել են զարգացնել կանանց ձեռներեցությունը Հայաստանում
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Լևոն Մնացականյանը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) խորհրդատու Գրեհեմ Ուոլտերի և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գրիգոր Գյուրջյանի հետ քննարկեց Հայաստանում 2014-2018 թթ. իրականացված ծրագրերը:  Լևոն Մնացականյանը շեշտեց, որ ԱԶԲ ծրագիրը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի իրականացրած ամենաարդյունավետներից մեկն է: Ըստ նրա՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն ամբողջությամբ կատարել է ծրագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները: 
 
Մնացականյանի խոսքով՝ ծրագրի շնորհիվ որպես զարգացման ուղղություն նախանշվեց նաև կանանց ձեռներեցության զարգացումը: «Կանայք կազմում են ԱԶԲ ծրագրերի շրջանակում մեր գործիքներով ֆինանսավորված սկսնակների 30%-ից ավելին և գործարար դասընթացների մասնակիցների գրեթե կեսը»,- ընդգծեց Մնացականյանը: Նա նաև նշեց, որ ի թիվս այլ ծրագրերի, կանանց ձեռներեցության զարգացման նպատակով ամեն տարի իրականացվում է ՀՀ վարչապետի՝ «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը նաև ասաց, որ կանանց ձեռներեցության աջակցության պետական ծրագրերի շրջանակում քննարկվում է նաև ֆինանսական աջակցության տրամադրումը ոչ միայն սկսնակ, այլև գործող կին ձեռնարկատերերին: 
 

Գրեհեմ Ուոլտերն ասաց, որ հանդիպման նպատակն է գնահատել անցած չորս տարվա ընթացքում Հայաստանի հետ իրականացրած համագործակցության ռազմավարության արդյունավետությունը մի քանի չափորոշիչներով: «Մենք ցանկանում ենք պարզել, թե ԱԶԲ ծրագրերը որքանով են եղել նպատակային, արդյունավետ, կայուն և ինչպիսին է եղել դրանց ազդեցությունը զարգացման հեռանկարների վրա»,- ասաց Ուոլտերը: Նա նաև նշեց, որ գնահատող խումբ ցանկանում է պարզել, թե որքան արդյունավետ են եղել տրամադրված վարկային միջոցները, տեխնիկական աջակցությունը և դրամաշնորհները շահառուների համար: «Նաև կարևոր է լսել Ձեր կարծիքները քաղած դասերի վերաբերյալ, լսել ծրագրի հաջորդ փուլի կատարելագործմանն ուղղված՝ Ձեր խորհուրդները»,- եզրափակեց հյուրը: 
 
Լևոն Մնացականյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ներկայացրեցին կանանց ձեռներեցությանն առնչվող չլուծված որոշ խնդիրներ: Մասնավորապես՝ ներկայացվեց կանանց ձեռներեցությանն առնչվող վիճակագրության բացակայությունը: ԱԶԲ ներկայացուցիչները նշեցին, որ գնահատումից հետո փորձագիտական խումբը կսկսի աշխատել 2018-2022 թթ. ռազմավարության ուղղությամբ: