«Օթևանային բիզնեսը՝ որպես համայնքի...
Ստեփանակերտում ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի  Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի համագործակցության շրջանակներում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում «Օթևանային բիզնեսը՝ որպես համայնքի զարգացման գործոն» թեմայով: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանը ...
«Օթևանային բիզնեսը՝ որպես համայնքի զարգացման գործոն» թեմայով կլոր սեղան-քննարկում Արցախում

Ստեփանակերտում ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի  Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի համագործակցության շրջանակներում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում «Օթևանային բիզնեսը՝ որպես համայնքի զարգացման գործոն» թեմայով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանը «Տուրիզմ պարբերական» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ոսկանյանը ներկայացրել է ՀՀ փորձը, թե ինչ սպասումներ ունի B&B (խմբ.՝ B&B-ն երկու անգլերեն բառերի սկզբնատառերով կազմված հապավում է՝ Bed & Breakfast. մահճակալ և նախաճաշ) նախընտրող զբոսաշրջիկը, ինչ խնդիրների հետ է առնչվում այդ կապակցությամբ նա Արցախում և մի շարք այլ հարցեր:
 
«Ծառայությունը շատ կարևոր է, որպեսզի զբոսաշրջիկները ծանոթանան երկրի ազգաբնակչությանը՝ մնալով այդ մարդկանց տներում և ապրելով այդ ընտանիքի կենցաղով: B&B բիզնեսը զբոսաշրջիկին կացարանով ապահովելու և հանգիստը կազմակերպելելու տեսակ է, երբ տները սպասարկվում են տանտիրոջ կողմից: Տանտերը կարող է նաև լրացուցիչ ծառայություններ մատուցել՝ կազմակերպելով էքսկուրսիաներ, միջոցառումներ: B&B կացարանը կարող է ծառայել ագրոտուրիզմի, գյուղական, արշավային, էքստրիմ տուրիզմների զարգացմանը: B&B-ն մեծ ներդրում ունի երկրի տնտեսության զարգացման գործում՝ այն զբոսաշրջության զարգացման անկյունաքարերից է, ինչպես նաև համայնքների ակտիվության կարևոր գործոններից է: Չեմ կարծում, որ այս ոլորտում Արցախի խնդիրները շատ են տարբերվում Հայասատանի խնդիրներից: Ավելին, Արցախը ավելի էկզոտիկ առաջարկ կարող է անել իր յուրահատուկ պատմության, բնության, խոհանոցի շնորհիվ: Հայաստանյան ընդհանուր առաջարկի մեջ Արցախը առանձնահատուկ տեղ կարող է ունենալ: Արցախը որպես բրենդ կարող է ներկայանալ և դրական ազդեցություն ունենալ այս ոլորտի զարգացման գործում»,- ասել է Ա. Ոսկանյանը:
 
Քննարկման ընթացքում կարևորվել է Արցախում ոլորտի պատասխանատուներին աշխատանքի առանձնահատկությունների ծանոթացումը՝ սկսած կացարանի, սենյակների և նախաճաշի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներից մինչև սենյակների հարդարում, հաճախորդի հետ շփում, այդ թվում առաջարկի ներկայացման տարբերակները զբոսաշրջային շուկա ձևավորելու համար:
 
Նշվել է, որ Արցախի տուրիստական կացարանները պետք է միավորվեն և ստեղծեն մի կառույց, որը կներկայացնի իրենց խնդիրները: Կլոր սեղան-քննարկմանը ներկա էին ԱՀ տարբեր գերատեսչությունների և B&B բիզնեսի ներկայացուցիչներ: