Սիսիանում և Գորիսում Հայաստանի...
Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ 3 նոր ձեռնարկության բացումը: Ծրագիրն ...
Սիսիանում և Գորիսում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ԵՄ աջակցությամբ բացվեց 3 նոր ձեռնարկություն
Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ 3 նոր ձեռնարկության բացումը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Բացման արարողությանը մասնակցեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: «Նորաբաց ձեռնարկությունների գործունեությունը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը: Իսկ Սյունիքի մարզն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ»,- ընդգծեց Մնացականյանը: 
 
Գորիսում բացվեցին «Վան» և «Մեղու» հյուրանոցները, իսկ Սիսիանում՝ հուշանվերների արտադրություն, որին կից նաև գործելու է ֆիրմային խանութը: Բոլոր ձեռնարկությունների սեփականատերերը մասնակցել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի՝ սկսնակ գործարարների աջակցության «Հաջող սկիզբ» դասընթացին: Դասընթացի ավարտին նրանք ՓՄՁ աջակցության տարեկան ծրագրի շրջանակում ստացել են վարկային երաշխավորություն, իսկ  «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում` ընդհանուր առմամբ 5 միլիոն դրամ դրամաշնորհ: Հյուրատներում ծրագրից ստացած վարկային երաշխավորության և դրամաշնորհի միջոցով կատարվել են վերանորոգման և կահավորման աշխատանքներ, իսկ հուշանվերների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունը ձեռք է բերել հումք, կարի մեքենաներ և այլ հարակից սարքավորումներ և սկսել արտադրել Սյունիքին բնորոշ մոտիվներով հուշանվերներ: 
 
Լևոն Մնացականյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ու նրա գործընկերների ներկայացուցիչներն այցելեցին նաև Գորիսում գործող հուշանվերների արտադրություն: Ռե-ռայզ ընկերության հիմնադիր Արամ Գասպարյանը նույնպես մասնակցել է սկսնակների դասընթացին, ստացել վարկային երաշխավորություն: Իսկ  «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում ստացած դրամաշնորհի միջոցով ձեռք է բերել նոր սարքավորումներ և սկսել է արտադրել տեղական մոտիվներով հուշանվերներ: 
 
Ծրագրի գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն շահառուներին տրամադրել է մասնագիտացված խորհրդատվություն՝ շուկայում ծառայությունների պատշաճ ներկայացման, ճանաչվածության բարձրացման, վաճառքի կազմակերպման և այլ ուղղություններով։