Գորիս քաղաքում ԵՄ ֆինանսավորմամբ...
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը:    Ծրագրի մասնակից 18 գործարարները բարելավել են իրենց ձեռնարկատիրական ...
Գորիս քաղաքում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հաջող սկիզբ» ծրագրի շրջանակներում սկսնակները ներկայացրեցին 12 գործարար ծրագիր
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: 
 
Ծրագրի մասնակից 18 գործարարները բարելավել են իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ձեռք բերել շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Մասնակիցներից 12-ը ներկայացրել է գործարար ծրագրեր հյուրատնային գործունեության, հացի արտադրության, հուշանվերների արտադրության, ազգային կերակրացանկով և դիզայնով ռեստորանի, տուրիստական ծառայության ոլորտներում: Սկսնակների համար դասընթացը վարել են «ԲիԷսՍի Բիզնեսի աջակցման կենտրոն» ընկերության դասընթացավարները:
 
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ և իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության: Ֆինանսական  աջակցությունը կարող է լինել վարկի և դրամաշնորհի տրամադրման տեսքով: Վարկի պայմաններն են՝ մինչև 5 մլն ՀՀ դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը, նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև դրամաշնորհի՝ մինչև 2 մլն ՀՀ դրամի չափով:  Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակները ստանում են անվճար ուղղորդում՝ իրենց բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին: 
 
Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության «Հաջող սկիզբ» ծրագիրը անցկացվել է ԵՄ ֆինանսաավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շրջանակներում: 
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։ Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որը գլխավորում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը։ Կոնսորցիումին մասնակցում են ևս չորս տեղական կազմակերպություններ` «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ, «Սյուն» ՀԿ։