Հայկական տուրիստական ընկերությունները ներկայանալու...
7 զբոսաշրջային կազմակերպություն սեպտեմբերի 20-23-ը Ճապոնիայի մայրաքաղաքում ներկայացնելու է Հայաստանի  զբոսաշրջային  գրավչությունը: «Tourism Expo Japan» 2018 ցուցահանդեսին պատշաճ կերպով նախապատրաստվելու և հաջողությամբ անցկացնելու նպատակով հուլիսի 27-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ ...
Հայկական տուրիստական ընկերությունները ներկայանալու են Ճապոնիայում կայանալիք ցուցահանդեսին
7 զբոսաշրջային կազմակերպություն սեպտեմբերի 20-23-ը Ճապոնիայի մայրաքաղաքում ներկայացնելու է Հայաստանի  զբոսաշրջային  գրավչությունը: «Tourism Expo Japan» 2018 ցուցահանդեսին պատշաճ կերպով նախապատրաստվելու և հաջողությամբ անցկացնելու նպատակով հուլիսի 27-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը և Հայաստանի Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի (ՀԶԶՀ) գործադիր տնօրեն Արա Խզմալյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց հետ փոխանակելու են համապատասխան փորձը, գիտելիքը և տեղեկությունները: 
 
ՀԶԶՀ-ն, Զբոսաշրջության զարգացման 2018 թվականի ծրագրի շրջանակում, ցուցաբերելու է ֆինանսական աջակցություն՝ Հայաստանի ազգային տաղավարի ձևավորման, կառուցապատման և կահավորման գործում, տրամադրելու է գովազդատեղեկատվական նյութեր «Tourism Expo Japan» 2018թ. միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին զբոսաշրջային օպերատորների մասնակցության պատշաճ ապահովման համար: 
 
Զբոսաշրջության կոմիտեն վերահսկելու է նախատեսվող միջոցառումների համար ՀԶԶՀ-ի կողմից հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, նախապատրաստական և ընթացիկ աշխատանքները:
 
«Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում – փուլ 2» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ ծրագրի շրջանակում իրականացվելու է զբոսաշրջային կազմակերպությունների ճանապարհորդական ծախսերի լիարժեք ֆինանսավորում և տաղավարի վարձակալության համաֆինանսավորում, Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ներկայացնող ճապոներեն տեղեկատվական նյութի հրատարակման ֆինանսավորում։ 
 
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (ՃՄՀԳ)՝ JICA-ն, ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության ապահովման համար տրամադրում է  տեխնիկական աջակցություն՝ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում – փուլ 2» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ – ՃՄՀԳ համատեղ ծրագրի շրջանակում: 
 
Մասնակից զբոսաշրջային օպերատորները ցուցահանդեսին մասնակցելու են համաֆինանսավորման սկզբունքով: