Ստեփանավան քաղաքում ԵՄ...
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: Ծրագրի 9 մասնակիցները ...
Ստեփանավան քաղաքում ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հաջող սկիզբ» ծրագրի շրջանակներում սկսնակները ներկայացրեցին 8 գործարար ծրագիր
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: Ծրագրի 9 մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ և հմտություններ արտադրության կազմակերպման, պլանավորման, ֆինանսների, վաճառքի խթանման և այն բոլոր ոլորտների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են բիզնեսը գրագետ վարելու և առաջմղելու համար: 
 
Մասնակիցներից 8-ը ներկայացրել է գործարար ծրագրեր, որոնք ներառում են հանգստի գոտու, արագ սննդի կետի, հյուրատան, խմորեղենի արտադրության, զբոսաշրջիկների համար ժամանցի կազմակերպման, փայտե քոթեջային հյուրանոցի և մշակութային հյուրատան գաղափարներ: Ծրագրում մասնակցության հիմնական չափանիշն իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն էր, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: 
 
Ծրագիրը ենթադրում է աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրություն: Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական  աջակցության: Արտոնյալ վարկի պայմաններն են՝ մինչև 5 միլիոն դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև դրամաշնորհի՝ մինչև 2 մլն ՀՀ դրամ: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակները ստանում են անվճար ուղղորդում՝ իրենց բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին:
 
Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության «Հաջող սկիզբ» ծրագիրը իրականացվել է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շրջանակում: 
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։ Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որը գլխավորում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը։ Կոնսորցիումին մասնակցում են ևս չորս տեղական կազմակերպություններ` «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ, «Սյուն» ՀԿ։