Արագածոտնի Ավան համայնքի 90...
Արագածոտնի մարզի Ավան համայնքի 90 ընտանիք այսուհետև կունենա որակյալ ջուր: 280 տնտեսություն ունեցող համայնքում մոտ 60 տարի առաջ կառուցված ջրագիծն արդեն մաշվել և հնացել էր, և Ավանի ղեկավարությունը, հանդիպելով ...
Արագածոտնի Ավան համայնքի 90 ընտանիք ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ կունենա որակյալ ջուր
Արագածոտնի մարզի Ավան համայնքի 90 ընտանիք այսուհետև կունենա որակյալ ջուր: 280 տնտեսություն ունեցող համայնքում մոտ 60 տարի առաջ կառուցված ջրագիծն արդեն մաշվել և հնացել էր, և Ավանի ղեկավարությունը, հանդիպելով Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ, առաջարկեց վերակառուցել այն: Համայնքի ղեկավարությունը, բարձրաձայնելով խնդրի մասին, նաև պատրաստակամություն էր հայտնել ջրագծի վերակառուցման գործում կատարել սեփական ներդրում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում վերակառուցեց հին ջրագծի ջրամբարը, անցկացրեց նոր խողովակներ: Նախագծի իրականացման շնորհիվ գյուղի 90 ընտանիքի կեսնամակարդակը զգալիորեն կբարելավվի: Նոր ջրագծից եկող ջուրը ավանցիները կօգտագործեն անասնաբուծության, հողագործության և կենցաղային կարիքները հոգալու համար:
 
2017 թ. Ավան համայնքում հիմնվել է մթերման կայան, որը համայնքի բնակիչներից գյուղմթերքը գնում է Երևանի մանրածախ շուկայական գներով՝ հնարավորություն ընձեռելով մեծացնել եկամուտները: Մինչև ջրագծի վերանորոգումը նշված 90 ընտանիքները ջրի բացակայության պատճառով չէին կարողանում համագյուղացիների նման զարգացնել գյուղատնտեսությունը: 
 
Նախնական գնահատականով, նախագծի շնորհիվ, այդ ընտանիքների եկամուտը կհասնի ամսական մինչև 500 հազար դրամի: «Նախագծի իրականացման շնորհիվ ջրով արդեն ապահովված կլինի համայնքի բնակիչների 80%-ից ավելին, ինչպես նաև կավելանա կենդանիների մթերատվությունը և այգիների բերքատվությունը»,-ասաց Ավանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հին ջրագծից ջրի կարուստը հասնում էր մինչև 70%-ի: 
 
Ընդհանուր առմամբ, 2013 թ. օգոստոսից մինչև 2018 թ. հուլիսի վերջը «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացվել է 40 ենթակառուցվածքային ծրագիր, ևս երկուսն ընթացքի մեջ է: Ենթակառուցվածքների զարգացումը USAID/PRP ծրագրի բաղադրիչներից մեկն է: Մյուս բաղադրիչներն են տեղական տնտեսական զարգացումը և բնության պահպանումը:  
  
# # #
2013 թ. օգոստոսից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը  և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD): USAID/PRP  ծրագրի հետ կապված հարցերի համար կարող եք կապվել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) հետ: