ԵՄ աջակցությամբ մեկնարկել է...
Օգոստոսի 8-ին Երևանում ԵՄ աջակցությամբ մեկնարկեց «Թվային մարքեթինգ» թեմայով եռօրյա դասընթացը, որին մասնակցում են ՀՀ Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերի սննդի վերամշակման զբոսաշրջության և հարակից ոլորտների 17 սկսնակ և ...
ԵՄ աջակցությամբ մեկնարկել է «Դասընթացներ ՓՄՁ-ների և տեղական աշխատուժի համար» դասընթացների շարքը
Օգոստոսի 8-ին Երևանում ԵՄ աջակցությամբ մեկնարկեց «Թվային մարքեթինգ» թեմայով եռօրյա դասընթացը, որին մասնակցում են ՀՀ Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերի սննդի վերամշակման զբոսաշրջության և հարակից ոլորտների 17 սկսնակ և գործող ՓՄՁ-ների ներկայացուցիչներ: Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան թվային մարքեթինգի ռազմավարության մշակման հիմունքներին, մարքեթինգի ռազմավարության մեջ թվային տեխնոլոգիաների կիրառմանը, թվային մարքեթինգի գործիքներին և հնարավորություններին, համացանցում բիզնեսի ծավալմանը և առաջխաղացմանը, վեբկայքի հնարավորությունների կիրառմանը, որոնողական համակարգերի հետ աշխատանքին, թվային մարքեթինգի արդյունավետության գնահատման գործիքներին և թվային մարքեթինգի ամբողջ գործընթացի կառավարմանը: Դասընթացը կազմակերպվել է ԵՄ աջակցությամբ և ՀՀ կառավարության հաաֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում: Դասընթացներն անցկացնում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC): 
 
ՀՀ Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերի սննդի վերամշակման, զբոսաշրջության, ինչպես նաև հարակից ոլորտների առնվազն 120 սկսնակ և գործող ՓՄՁ-ների ներկայացուցիչներ կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, թվային մարքեթինգի, սննդի անվտանգություն և HACCP-ի սկզբունքների, հյուրընկալության կառավարման վերաբերյալ գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:
 
Միաժամանակ, տեղական աշխատուժի առնվազն 90 ներկայացուցիչներ, մասնակցելով դասընթացներին,   կբարելավեն իրենց կարիերայի կառավարման կարողությունները և ձեռք կբերեն հմտություններ, որոնք կնպաստեն աշխատանքի նկատմամբ անձի մոտիվացիայի ձևավորմանը, ղեկավարման ու առաջնորդման կարողությունների ու հմտությունների ձևավորմանը, մասնագիտական կողմնորոշման ապահովմանը: Իսկ  զբոսաշրջության ոլորտում աշխատանք փնտրողները ձեռք կբերեն նաև հաճախորդների կառավարման և հյուրընկալության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ  և համապատասխան պրակտիկ հմտություններ, ինչը նրանց առավել մրցունակ կդարձնի աշխատաշուկայում: 
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ-ի, «Սյուն» ՀԿ-ի հետ գործընկերությամբ: