Կապան քաղաքում ԵՄ ֆինանսավորմամբ...
Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: Դասընթացն իրականացել է ԵՄ և ՀՀ կառավարության ...
Կապան քաղաքում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում սկսնակները ներկայացրեցին 8 գործարար ծրագիր
Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: Դասընթացն իրականացել է ԵՄ և ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և նրա գործընկեր կազմակերպությունները:
 
Դասընթացի մասնակից 10 գործարարներ բարելավել են իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ձեռք բերել շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Մասնակիցներից 8-ը ներկայացրել է գործարար ծրագրեր հյուրատնային գործունեության, ջերմոցային տնտեսության, սննդի/լանչ բոքսերի, չրի արտադրության, վրանային ճամբար, արկածային տուրիզմի, զբոսաշրջային ու ժամանցային ծառայությունների ոլորտներում: Սկսնակների համար դասընթացը վարել են «Բի Էս Սի Բիզնեսի աջակցման կենտրոն» ընկերության դասընթացավարները:
 
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ և իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության: Ֆինանսական  աջակցությունը կարող է լինել վարկի և դրամաշնորհի տրամադրման տեսքով: Վարկի պայմաններն են՝ մինչև 5 մլն ՀՀ դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը, նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև դրամաշնորհի՝ մինչև 2 մլն ՀՀ դրամի չափով:  Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակները ստանում են անվճար ուղղորդում՝ իրենց բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին: 
 
Գործարարների շուկայավարման կարողությունների զարգացման նպատակով, ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն տրամադրելու է  մասնագիտացված խորհրդատվություն՝ շուկայում ծառայությունների պատշաճ ներկայացման, ճանաչվածության բարձրացման և այլ ուղղություններով: 
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։ Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որը գլխավորում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը։ Կոնսորցիումին մասնակցում են ևս չորս տեղական կազմակերպություններ` «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ, «Սյուն» ՀԿ։