Ոռոգման նոր համակարգ՝ Սայաթ-Նովա համայնքում
Սայաթ-Նովա գյուղում նշվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ ուժերով իրականացված ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ...
Ոռոգման նոր համակարգ՝ Սայաթ-Նովա համայնքում
Սայաթ-Նովա գյուղում նշվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ ուժերով իրականացված ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: Սայաթ-Նովա համայնքի բնակիչների հետ միասին, ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և այլ հյուրեր: 
 
ԱՄՆ ՄԶԳ-ի ուսումնասիրությունները վկայում են, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազումը վտանգում է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ստորերկրյա ջրային ռեսուրսը: Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի գերօգտագործման հետևանքով տարածաշրջանի ավելի քան 30 համայնքներ մնացել են առանց խմելու և ոռոգման ջրի: Ոռոգման ջրի պակասը բացասաբար է ազդում ինչպես  ֆերմերային տնտեսությունների, այնպես էլ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի վրա՝ մեծացնելով բնակչության արտահոսքը գյուղերից: 
 
2017 թ. դեկտեմբերին ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի, ՀՕՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի և Սայաթ Նովա համայնքի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր համայնքում ոռոգման համակարգի բարելավման ծրագրի իրականացման նպատակով: 
 
Համայնքային հողատարածքների 60 հեկտարի ոռոգումն իրականացվելու է Մասիս-Ձուկ ձկնաբուծարանի հետադարձ ջրերով, որոնք նախկինում թափվում էին դրենաժային համակարգ: Նոր համակարգի շնորհիվ ոռոգումը կլինի ավելի մատչելի, իսկ ստորերկրյա ջրերի օգտագործումն ավելի արդյունավետ: Համայնքի և ձկնաբուծարանի միջև համագործակցության արդյունքում կառուցվել է նոր պոմպակայան ձկնային տնտեսության տարածքում, տեղադրվել է ոռոգման նոր համակարգ ավելի դիմացկուն պոլիէթիլենային խողովակներով: Ջրի որակի ստուգումները ցույց են տվել, որ ձկնաբուծարանի հետադարձ ջրերը կարող են օգտագործվել մշակաբույսերի աճեցման համար: «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ն իրականացրել է հողատերերի ուսուցում կայուն գյուղատնտեսության վարման թեմայով:
 
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն իր ողջույնի խոսքում նշեց. «Ջրի սակավությունը բացասական ազդեցություն ունի տարածաշրջանի գյուղատնտեսական ոլորտի վրա: Համայնքի բնակիչները կարող են հպարտանալ նրանով, որ Սայաթ-Նովան առաջիններից մեկն է կիրառել ձկնաբուծարանի հետադարձ ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու առաջադեմ պրակտիկան: Ծրագրի շնորհիվ ձկնաբուծարանի կողմից արտեզյան ջրերի օգտագործումը կլինի ավելի արդյունավետ, իսկ համայնքը ոռոգման համար լրացուցիչ ջրառ իրականացնելու կարիք այլևս չի ունենա: Ծրագիրը կկանխի հողերի դեգրադացիան և կնպաստի էլեկտրաէներգիայի խնայողությանը»: 
 
Պոմպակայանի բացումից հետո ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հյուրերի հետ միասին շրջայց կատարեցին դաշտերով՝ տեսնելու ոռոգման նոր համակարգը և հանդիպելու հողատերերին:    
 
Ներկա պահին 252 մարդ 98 տնային տնտեսություններից կօգտվի շուրջ 15 տարի անմշակ մնացած իրենց հողատարածքները ոռոգելու հնարավորությունից: Ամբողջ հզորությամբ գործածելու դեպքում համակարգը հնարավորություն է տալիս ոռոգել մինչ 190 հեկտար հողատարածք՝ ի շահ համայնքի 2400 բնակիչների: 
 
Հայանիստից հետո Սայաթ-Նովան երկրորդ համայնքն է, որտեղ ԱՄՆ ՄԶԳ-ն իր գործընկերների հետ համատեղ իրականացրել է այլընտրանքային, բնապահպանական տեսանկյունից անվտանգ ծրագիր՝ տրամադրելով լուծումներ ոռոգման նպատակով ձկնաբուծարանի հետադարձ ջրերի երկրորդային օգտագործման համար: Նմանատիպ ծրագրեր կարող են արդյունավետ կերպով իրականացվել նաև մարզի մյուս համայնքներում՝ որոշ չափով լուծելով Արարատյան դաշտի ոռոգման ջրի սակավության խնդիրը: