
Ինչն է փոխվել և փոխվելու Իջևան քաղաքում:
1985-1991 թթ. Իջևանում տեղի էր ունենում ամենամյա արվեստի փառատոն, որը կարճ ժամանակահատվածում մեծ հեղինակություն էր ձեռք բերել ամբողջ ԽՍՀՄ տարածքում և դարձել էր քաղաքի յուրօրինակ խորհրդանիշը:
Դա Քանդակի սիմպոզիումն էր, որը չնայած կազմակերպվել է ընդամենը 6 տարի, սակայն իր նշանակալի հետքն է թողել Իջևանի պատմության մեջ:
Տեղացի և օտարերկրյա քանդակագործների ստեղծած ավելի քան 100 մեծածավալ քանդակ (հիմնականում տեղադրված քաղաքի զբոսայգում) կերտել էին Իջևանի նոր դեմքը:
Վերջին սիմպոզիումից անցել է 22 տարի: Քանդակների մի մասն ավիրվել է, մի մասն՝ անհետացել, իսկ հիմնական մասը քաղաքային զբոսայգում լքված քարակույտ էր հիշեցնում: Չնայած այդ ամենին, Իջևանը մինչ օրս անվանում են քանդակների քաղաք:
Այսուհանդերձ, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնն (ՓՄՁ ԶԱԿ) այդ բրենդը համարել է Տավուշի մարզի, մասնավորապես` Իջևան քաղաքի մրցակցային առավելություններից մեկը և հանդես եկել արվեստի նոր ամենամյա փառատոն կազմակերպելու նախաձեռնությամբ:
Այն որպես հզոր ազդակ պիտի ծառայի համայնքային զարգացման համար` նախևառաջ խթանելով զբոսաշրջության զարգացումը:
2013 թ. մայիսին նոր-նոր ձևավորված գաղափարն ընդամենը 5 ամիս անց իրականություն դարձավ` շնորհիվ այն կազմակերպությունների, որոնք մեծ սիրով ընդունեցին և աջակցեցին ՓՄՁ ԶԱԿ-ի հիշյալ նախաձեռնությունը :
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԾԶ), Ճապոնիայի միջազգային զարգազման գործակալության (JICA), Իջևանի քաղաքապետարանի և, իհարկե, ՓՄՁ ԶԱԿԻ-ի համատեղ ջանքերով Իջևանը շատ կարճ ժամանակահատվածում փոխվեց իր բնակիչների աչքի առաջ: