Դիզայներական ստուդիան հաջողությամբ զարգանում է
Գևորգ Համբարձումյանը Գյումրիում բացել է իր դիզայն ստուդիան: Բիզնեսի բացման հարցում աջակցություն է ստացել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից: Գևորգը հաճախորդների պատվերով յուղաներկով, ջրաներկով, մատիտով նկարներ է պատրաստում, կատարում ...
Դիզայներական ստուդիան հաջողությամբ զարգանում է
Գևորգ Համբարձումյանը Գյումրիում բացել է իր դիզայն ստուդիան: Բիզնեսի բացման հարցում աջակցություն է ստացել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնից: Գևորգը հաճախորդների պատվերով յուղաներկով, ջրաներկով, մատիտով նկարներ է պատրաստում, կատարում արտաքին և ներքին որմնանկարներ: Դիզայն ստուդիան նաև իրականացնում է համակարգչային դիզայն և գրաֆիկա, համակարգչային եռաչափ (3d) մոդելավորում, նախագծում, ինչպես նաև գունավոր փոքրածավալ տպագրություն` ֆոտոթղթի, կտավի, բաների վրա: Կենտրոնը մատուցում է նաև համակարգիչների վերածրագրավորման և ծրագրերի վերականգնման ծառայություն: 
 
«Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հետ գործակցությունն ինձ տվեց բիզնեսի մասին գիտելիքների մեծ պաշար, գործելու ավելի մեծ վստահություն»,- ասում է գործարարը: Նա իր  գաղափարը հղացել է վաղուց: «Դեռևս փոքր հասակից եղել եմ  արվեստի բնագավառում և ստացել  տվյալ մասնագիտության բարձրագույն կրթություն: Հայրս նույնպես  նախագծող, 3D դիզայնի մասնագետ է և տարիներ շարունակ աշխատելով նույն ոլորտում` դիզայներական ծառայություններ է մատուցել»,- նշում է Համբարձումյանը: Նա մինչև 2015թ. սիրողական մակարդակով իր նշած ծառայություններն  արդեն մատուցել է բիզնեսներին և անհատներին, սակայն պահանջարկի ավելացումը  խթան է եղել  հիմնելու գրանցված գործունեություն և մատուցելու ծառայությունների լայն տեսականի: 
 
«Բիզնեսում շարժվել կանոններով և մատուցել բարձրակարգ ծառայություն» կարգախոսը նրա հաջողության գրավականն է: Գևորգ Համբարձումյանը վստահ է` հաջողության հասնելու համար պետք է չմնալ նույն տեղում, միշտ առաջ նայել և  ձգտել ավելիին: Հավանական դժվարությունների մասին խոսելիս ասում է`«Չէի ասի` դժվարությունները շատ են, սակայն առաջընթացի համար  անընդհատ պետք են գալիս նոր սարքավորումներ, անհրաժեշտ է համապատասխանել ժամանակի պահանջներին»:Նա իր հիմնած ընկերությունը տեսնում է որպես շարունակական զարգացող բիզնես, քանի որ իր սիրելի գործով է զբաղվում և չի ցանկանում հրաժարվել այն զարգացնելու ցանկությունից: Գևորգ Համբարձոմյանը սկսնակներին խորհուրդ է տալիս կատարել ճիշտ ուսումնասիրություններ մինչ սեփական գործը ձեռնարկելը և անընդհատ զարգացնել բիզնեսը: