Գիտնականից` գործարար
«Փնտրում էի զբաղմունք, գործ: Ես, ինչպես շատերը թափառեցի և Եվրոպայում և Ռուսաստանում, զանազան գործերով զբաղվեցի: Ցուցահանդեսներից մեկում, որոնց միշտ մասնակցել եմ, նկատեցի այս գործը և որոշեցի սկսեմ»,- ասում է ...
Գիտնականից` գործարար

«Փնտրում էի զբաղմունք, գործ: Ես, ինչպես շատերը թափառեցի և Եվրոպայում և Ռուսաստանում, զանազան գործերով զբաղվեցի: Ցուցահանդեսներից մեկում, որոնց միշտ մասնակցել եմ, նկատեցի այս գործը և որոշեցի սկսեմ»,- ասում է Յուրի Սահակյանը` իր հիմնադրած «Պոլիսերվ» ձեռնարկության պատմությունը ներկայացնելիս:

62 տարեկան Յուրի Սահակյանը խորհրդային տարիներին 15 տարի աշխատել է սրտաբանության ինստիտուտում, այնուհետև` վիրաբուժության ինստիտուտում: Նա սրտի աշխատանքը գրանցող սարքերի համար ստեղծել է ծրագրեր, որոնք վերծանում էին սրտի էլեկտրասրտագրումը, կանխագուշակում հնարավոր բարդությունները և ճգնաժամի առաջացման դեպքում անհապաղ ազդանշան արձակում դրա մասին, ինչպես նաև միացնում էր սրտի աշխատանքի կանգը կանխող սարքավորումները: Սահակյանի ստեղծած ծրագերի վայրկենական արձագանքի շնորհիվ հնարավոր է եղել փրկել բազմաթիվ մարդկանց կյանքը:

ԽՍՀՄ փլուզումից հետո Յուրի Սահակյանը դարձել է գործարար` ներգրավվելով էքստրուզիոն տեխնոլոգիայով (պոլիմերային հումքի վերամշակման տեխնոլոգիաներից մեկը) պոլիմերային իրերի արտադրության մեջ: Ոլորտին ծանոթացել է 1998 թ.` աշխատելով ծանոթների ընկերությունում: 2001 թ. առանձնացել է և գրանցել իր սեփական ընկերությունը:

«Պոլիսերվ» ընկերությունը Յուրի Սահակյանը հինել է իր քենեկալից փոխառած 2000 դոլարով: «Վերադարձրեցի 5 տարի հետո: Ամեն ինչ սկսել ենք զրոյից: Մի տեղից 100 դոլարով գնեցի առաջին անհրաժեշտ հաստոցը, շարժիչներն ու ռեդուկտորները ձեռք բերեցի ընթացքում: Հավաքեցի ընկերներից, ովքեր ժամանակին աշխատել էին Աբովյանի այն գործարաններում, որոնք արտադրանք էին տալիս ԽՍՀՄ զինված ուժերի համար»,- հիշում է Սահակյանը: 6 հոգով ստեղծել են առաջին հոսքագիծը, որն աշխատում է մինչև հիմա: Ամբողջն արտադրող հաստոցների մեծ մասը Սահակյանը և իր ընկերներն են պատրաստել:

Ընտանեկան բիզնես համարվող  նրա «Պոլիսերվ» ձեռնարկությունն այսօր արտադրում է 120 անուն արտադրանք: Արտադրատեսակներից ամենաշատը սպառվում են  մալուխների սակառները (канава): Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող ձեռնարկությունը որպես հումք օգտագործում է թե առաջնային պոլիմերը և թե պոլիմերային թափոնները: Թափոնները վերամշակում են, ստանում հումք և դրանից արտադրում պոլիմերային իրեր: Յուրի Սահակյանն ասաց, որ իր գնահատմամբ` Պոլիսերվը վերամշակում է ամբողջ Հայաստանի պոլիմերային թափոնների մոտ 30 տոկոսը: Վերամշակելուց հետո մի մասը նա վաճառում է այլ արտադրողների: Մեր հանդիպման պահին մեքենան բերել էր թափոնների նոր քանակ:  

Յուրի Սահակյանը ձեռնարկության աշխատանքներում ընդգրկել է որդուն`26-ամյա  Հայկին և կնոջը` Սեդային: Հայկն աշխատում է արտադրամասերից մեկում` որպես խառատ, իսկ տիկին Սեդան զբաղվում է ընկերության հաշվապահությամբ: Յուրի Սահակյանը ցանկանում է իր գործը փոխանցել Հայկին: Ասում է` նա արդեն սկսել է մտածել ընտանեկան բիզնեսը զարգացնելու ուղղությամբ, չնայած` շուտով ավարտելու է Տնտեսագիտական համալսարանի Մաքսային գործ բաժինը:

Սահակյանն ունի ևս երկու զավակ: Հովհաննեսը որպես Հայաստանից հրավիրված մասնագետ աշխատում է Էստոնիայի Տարտու քաղաքի համալսարանում: Այնտեղ Եվրամիության ֆինանսավորմամբ ուսումնասիրում են հին ազգերի ծագումնաբանությունը, իսկ Հովհաննեսն օգնում է նրանց ավելի լավ ճանաչել հայերին: Դուստրը` Լուսինեն, մասնագիտությամբ դեղաբան է, սակայն այսօր մեծացնում է զավակներին:

Այսօր ձեռնարկությունն ունի 22 աշխատող: Ձեռնարկությունում միջին աշխատավարձը 100,000 դրամ է: Մինչև ճգնաժամը և շուկայում մրցակիցների հայտնվելը ձեռնարկությունը 2006 թ. ունեցել է 51 աշխատող: Երկրորդ կարգի օպերատոր Սամվել Մելքոնյանն ընկերությունում աշխատում է արդեն 6 տարի: Ասում է, որ Սահակյանը հարգալից, բայց խստապահանջ ղեկավար է: «Երբ որևէ մեկը սխալ է թույլ տալիս, համբերատար բացատրում է սխալը և հորդորում չկրկնել»,- ասում է Սամվելը:

Միշա Մարտիրոսյանը «Պոլիսերվում» աշխատում է 5-րդ տարին: Աշխատանքի է ընդունվել տեղական հեռուստատեսությամբ ընկերությունում աշխատանքի հրավերի հայտարարությունը լսելուց հետո: Ուրախ է, որ աշխատում է մասնագիտությամբ` որպես ինժեներ-մեխանիկ «Գծագրում եմ, տաշում եմ, պատրաստում եմ»,- ասում է Մարտիրոսյանը:

Գծագրվում, տաշվում և պատրաստվում են նաև նորամուծություններ: Յուրի Սահակյանը հպարտորեն նշում է, որ հեղինակել է 7 անուն նոր պոլիմերային արտադրատեսակներ: Ուսումնասիրել է և պարզել, որ աշխարհում նման տիպի արտադրանք չկա: Օրինակ` Սահակյանը նախագծել է պաստառների շրիշակներ (планка), որոնք բաղկացած են երկու մասից: Հիմնական մասն ամրցացվում է պատին, իսկ դրա վրա փականներով կպչող դեկորատիվ դետալը թույլ է տալիս ծածկել դրանք պատին ամրացնող պտուտամեխերը:  Երկու մասերն էլ կարող են լինել տարբեր գույների` համապատասխանելով պաստառի և առաստաղի գույներին: Մտադիր է նաև հիմնել տանիքների հենքի հեծաններ: Դրանց արտադրության համար հիմնականում կիրառվում են երկաթը և փայտը, որոնցով Հայաստանն այդքան էլ հարուստ չէ: Իսկ նոր տեխնոլոգիայի շնորհիվ պրոպիլենային հեծանները կլինեն շատ ամուր: Սահակյանը նոր արտադրանքն առաջինն իր արտադրամասերի տանիքների վրա է փորձարկելու: Նոր արտադրատեսակը ևս ամբողջությամբ պատրաստվելու է թափոններից:

Ձեռնարկության կառավարման և խորհրդատվության հարցերում Յուրի Սահակյանը բարձր է գնահատում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տրամադրած աջակցությունը: Նա կենտրոնի հետ սերտորեն գործակցում է արդեն մի քանի տարի: Բացի խորհրդատվական աջակցությունից և դասընթացներից կենտրոնը նրան նաև օժանդակել է ֆինանսավորում ստանալու հարցում: Ձեռնարկության զարգացման համար ստացած 40,000,000 դրամ վարկից 5,000,000 դրամը Սահակյանը ստացել է ՓՄՁ ԶԱԿ-ի  երաշխավորությամբ: Կենտրոնի հետ այդպիսի արդյունավետ գործակցության 3 հաջողված օրինակ կա:

Յուրի Սահակյանն արձանագրել է, որ երկրում շուտով սուր է լինելու մասնագետների պահանջարկը: «Այսօր արդեն իրական պրոֆեսիոնալները թոշակի են անցել, իսկ երիտասարդներն այնքան էլ պատրաստ չեն և ցանկություն չունեն զբաղվել արտադրությամբ»,- ասում է գործարարը: Նա համոզված է, որ նոր կադրեր չպատրաստելու դեպքում շուտով երկիրը շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնի: Ինքը խնդրի լուծում դեռևս չի տեսնում: Սակայն կարծում է, որ ժամանակը կկարգավորի խնդիրը: «Եթե սոված մնան, կգան, կսովորեն, որ կարողանան ընտանիքը պահել»,- կանխատեսում է փորձառու ձեռներեցը: Ինքը ևս փորձում է երիտասարդներին ներգրավել արտադրության մեջ` նրանց իր արտադրամասեր բերելով և իր աշխատանքը ցուցադրելով:

Դժվարություններից մեկն էլ, ըստ նրա բանկերի առաջարկած վարկային պայմաններն են: Նրանք և դժվարությամբ են վարկ տրամադրում, և չեն ցանկանում փոխել վարկի որևէ պայման: Բացի այդ դժվար է նաև մաքսային հարցերում: Յուրի Սահակյանի կարծիքով` ավելի ճիշտ կլինի, եթե Պետեկամուտների կոմիտեն որոշի հումքը մաքսազերծել ոչ թե ըստ իր կողմնորոշիչ գներով, այլ ըստ ներկայացված փաստաթղթերի: Դա, ըստ գործարարի հանգեցնում է շուկայական գների անընդհատ աճին: «Եթե ես ջանք եմ թափել, էժան հումք եմ գտել, բայց այն պետք է ներմուծեմ շուկայի գնով, բնականաբար, դա չի նվազեցնի իմ արտադրանքի ինքնարժեքը և շուկայում կրկին կնկատվի թանկացում»:

 Յուրի Սահակյանն արդեն օգնել է դժվար իրավիճակում հայտնված սիրիահայերին: Նրա ձեռնարկությունում արդեն աշխատանքի է ընդունվել գործիքագործ և պոլիմերային արտադրանքի ձևող հաստոցներ արտադրող Խաժակ Խաչիկյանին: «Ի տարբերություն հայաստանցի երիտասարդների` Խաժակը համաձայնել է կատարել ցանկացած աշխատանքի, միայն թե զբաղմունք և եկամուտ ունենա»,- նշում է Սահակյանը: Սիրիահայերի համար նա ներկայացրել է ևս 10 աշխատատեղի հայտ:

«Եթե համարենք, որ գործը սկսելուց ես ընդհանրապես ոչ երկաթի, ոչ էլ պոլիմերի հետ գործ չեմ ունեցել, քանի որ եղել եմ կիբերնետիկ, ապա ինձ կարող եմ համարել հաջողակ գործարար», -ժպտում է Սահակյանը: Նա բազմաթիվ նախագծեր ունի, սակայն ժամանակը չի ներում դրանք ամբողջությամբ իրականանցելու համար: Դրա համար մեղադրում է միայն ինքն իրեն:  Օրինակ` արդեն երկու տարի շարունակ չի կարողանում աշխատեցնել նոր հոսքագիծը, որն ամբողջությամբ ստեղծել է վերանորոգված հաստոցներով: Այն ձեռնարկությունում հիմնելու է նոր ճյուղ` պոլիմերային թաղանթների և մեկանգամյա օգտագործման պոլիմերային տարաների արտադրություն:  

Սեփական գործը նախաձեռնել ցանկացող սկսնակներին Յուրի Սահակյանը հորդորում է կատարել լուրջ հաշվարկ: «Եթե նախկինում ես կարողանում էի կատարել այն ինչ մտածում էի, ասենք նախորդ գիշերը, հիմա չեմ կարողանում հաամրձակվել: Շուկան փոքրացել է, մրցակցությունն էլ մեծացել»,- սեփական փորձն է բերում Սահակյանը: Սակայն անգործ մնալն էլ ելք չէ, համոզված է նա: «Գործ չանելով, բարիք չստեղծելով` կքայքայվենք: Միայն առնել-վաճառելով կքայքայվենք, հաստատ»: Սակայն նա նաև հորդորում է դիմել ռիսկի` նախօրոք ուսումնասիրելով շուկան և վստահ լինելով, որ հաջողություն կլինի:  

Փետրվար, 2013թ.: