Հաջողությամբ հիմնել սեփական գործը
29-ամյա Ասյա Թաթոսյանը վարսավիրությամբ զբաղվում է արդեն 12 տարի: Նա իր հմտությունները կատարելագործել է Ռուսաստանում` երկու տարի բնակվելու ընթացքում: Չնայած ասում է, որ հայ վարսահարդարներին Ռուսաստանում շատ բարձր են ...
Հաջողությամբ հիմնել սեփական գործը

29-ամյա Ասյա Թաթոսյանը վարսավիրությամբ զբաղվում է արդեն 12 տարի: Նա իր հմտությունները կատարելագործել է Ռուսաստանում` երկու տարի բնակվելու ընթացքում: Չնայած ասում է, որ հայ վարսահարդարներին Ռուսաստանում շատ բարձր են գնահատում և լավ վարձատրում են, այդուամենայնիվ Ասյան որոշել է վերադառնալ հայրենիք: Իր ծննդավայր Սիսիան քաղաքում Ասյան հասցրել է ձեռք բերել մեծ համբավ և արդեն հավաքել է բազմաթիվ հաճախորդների:  Քաղաքի տարբեր գեղեցկության սրահներում աշխատելուց հետո որոշել է ստեղծել սեփական գեղեցկության սրահը:

«Ես մասնակցեցի Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ-ի) սկսնակների աջակցության դասընթացներին: Մեկ ամիս տևող այդ դասընթացների ընթացքում ձեռք բերեցի գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գիտելիքը: Ինձ համար սեփական գործը հիմնելու որոշումն ընդունելը դժվար չէր, քանի որ անցած տարիների ընթացքում իմ մասնագիտության մեջ ձեռք էի բերել զգալի փորձ»,- ասում է Ասյան: Նա ասում է, որ դասընթացի ընթացքում մասնագետներն իրեն օգնել են, որպեսզի կարողանա կազմել և այնուհետև ներկայացնել իր գործարար գաղափարը, ինչի շնորհիվ էլ ստացել է ֆինանսական աջակցությունը և կյանքի կոչել իր երազանքը:

Ասյան ամուսնացած է: Ունի 1 տարեկան 2 ամսական Անուշիկ անունով աղջիկ: Ամուսինը` Բենիկը, վերանորոգման արհեստավոր է, աշխատում է Ստեփանակերտում: Ասյան ասում է, որ ամուսինը Ռուսաստանից հայրենիք է վերադարձել, որպեսզի միասին լինեն: «Շատ ոգևորվեց, երբ իմացավ, որ ցանկանում եմ սեփական գործս հիմնել: Ասաց` ես էլ կողքից ինչով կարողանամ, կօգնեմ»,- ամուսնու մասին պատմում է Ասյան: Եվ օգնել է. Բենիկը Երևանից տեղափոխել է սրահի ամբողջ կահույքը:

2012 թ. նոյեմբերից Ասյան բացել է ԱՍԻԿ գեղեցկության սրահը: Սկսնակ ձեռներեցը դժվարություններից չի վախենում: Մինչև հիմա որևէ խոչընդոտ չի ունեցել, հաճախորդներն անընդհատ գալիս են, ավելանում: Նրա համար դա ամենակարևորն է: Մրցակցությունից էլ չի վախենում: Չնայած` մոտակայքում կա 5 գեղեցկության սրահ, Ասյան վստահ է, որ իր գործը չի տուժելու. «Հաճախորդներն ընտրում են բարձրորակ ծառայությունները»,- ժպտալով ասում է Ասյան:

Ասյան գեղեցկության սրահը հիմնել է զրոյից: Վարձակալությամբ վերցրել է դատարկ և հին նորոգմամբ մի սենյակ, կահավորել, նորոգել և վերաբացել է այն որպես ԱՍԻԿ գեղեցկության սրահ: Գույքը և անհրաժեշտ պարագաների մի մասը փորձառու վարսահարդարը  ձեռք է բերել ՓՄՁ ԶԱԿ-ի` սկսնակների աջակցության ծրագրի շնորհիվ ստացած 1,343,000 դրամ վարկի միջոցով: Գործը հաջողությամբ սկսելու համար դա բավական է եղել: Ասյան նաև կատարել է սեփական ներդրումներ:

Ասյան ցանկանում է հետագայում ընդլայնել գեղեցկության սրահը և ներգրավել սպասարկման նոր կետեր: Այժմ նրա վարսավիրանոցում կա երկու վարսահարդարի և մեկ մատնահարդարի սեղան: Սակայն նա ցանկանում է դա անել արդեն սեփական, այլ ոչ թե վարձակալած տարածքում: Դա նրա երազանքն է: Նա մտադիր է իր ապագա սրահն ամբողջությամբ կահավորել և ձևավորել ժամանակակից ոճով: Ասյան կարծում է, որ այդ ամենին հասնելու համար կպահանջվի առավելագույնը 5 տարի: Ժպտադեմ կին ձեռներեցը նաև ցանկանում է հաճախորդներին սպասարկել բարձրորակ նյութերով և դառնալ որևէ հանրահայտ ընկերության ներկայացուցիչը Սիսիան քաղաքում` այցելուներին սպասարկելով այդ ընկերության նյութերով:

Իր հաջողության գրավականը Ասյան համարում է մարդկանց հետ մարդկային շփումը: «Ես իմ կյանքում միշտ հաջողակ եմ եղել»,- ասում է Ասյան: Հաճախորդներից Նառան ասում է, որ միշտ հաճախել է Ասյայի մոտ, իսկ երբ իմացել է, որ նա իր սեփական գեղեցկության սրահն է բացել, շատ է ուրախացել:

Ապագա սկսնակներին, հատկապես` կանանց, Ասյան կոչ է անում դիմել ռիսկի: ինքը մինչև հիմա չի դիմել ռիսկի, սակայն երբ որոշել է, հաջողել է: «Հասկացա, որ ճիշտ է ռիսկի դիմելը: Պետք է մի քիչ պատրաստ լինես ամեն ինչին»,- հպարտորեն նշում է Ասյան: «Ռիսկը գործի կեսն է» կարգախոսով առաջնորդվող գործարարուհին համոզված է, որ եթե որևէ մեկը բիզնես է սկսում, ապա պետք է պատրաստ լինի անընդհատ փոքր ու մեծ ռիսկերի դիմելուն: Առանց դրա, ասում է Ասյան, չի ստացվի: Նա կարծում է, որ այսօրվա երիտասարդները ցանկանում են քիչ աշխատելով շատ վաստակել: Ասյան համոզված է, որ դա այսօրվա աշխարհում հնարավոր չէ: 

Փետրվար, 2013թ.

Հ.Գ. Այժմ Ասյան իր գեղեցկության սրահը նախկին վայրից տեղափոխել է նոր վայր և այնտեղ հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը: