Եվրոպական միության աջակցությամբ հյուրընկալության...
Արման Առաքելյանը, փորձ ունենալով տուրիզմի բնագավառում, նախաձեռնել է հյուրընկալության ծառայությունների մատուցման նոր կազմակերպության հիմնադրումը ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։    Լոռու մարզը, մասնավորապես, Ստեփանավան քաղաքը իր շրջակա տարածքներով հայտնի տուրիստական ուղղություններից ...
Եվրոպական միության աջակցությամբ հյուրընկալության նոր ծառայություններ կմատուցվեն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում
Արման Առաքելյանը, փորձ ունենալով տուրիզմի բնագավառում, նախաձեռնել է հյուրընկալության ծառայությունների մատուցման նոր կազմակերպության հիմնադրումը ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ 
 
Լոռու մարզը, մասնավորապես, Ստեփանավան քաղաքը իր շրջակա տարածքներով հայտնի տուրիստական ուղղություններից է։ Նշված տարածաշրջանի պատմամշակութային արժեքները, գեղատեսիլ բնությունը, փոշոտման շրջանում Ստեփանավանի բնության բուժիչ  հատկությունները գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների։
 
Արման Առաքելյանը ձեռնարկատիրության բնագավառում գիտելիքները զարգացնելու  նպատակով 2017 թվականին մասնակցեց ՓՄՁ ԶԱԿի և նրա գործընկերների կողմից ԵՄ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրին։ Արման Առաքելյանը ձեռք բերեց կառավարման, մարքեթինգի, արտադրության պլանավորման և բիզնեսի այլ կարևոր ասպեկտներում համապարփակ գիտելիքներ և հմտություններ:
 
Սկսնակ գործարարը նշեց. «Եվրամիության աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ սիրողական մակարդակից անցնել ավելի գրագետ բիզնեսը վարելուն: Դասըթացների շնորհիվ կարելի է ասել, որ մեր աչքերը բացվեցին, ու հիմա այնպիսի կարևոր հանգամանքներ ենք տեսնում, որ առաջ չէինք էլ նկատում կամ կարևորում։ Ֆինասական աջակցությունը հնարավորություն տվեց պատշաճ տեսքի բերել տարածքները և ընդլայնել մեր ծառայությունները: Կարծում ենք՝ մոտ ապագայում կընդլայնվենք և կստեղծենք նոր աշխատատեղեր»։  Նա տեղեկացրեց, որ արդեն պլանավորել է առաջին օգնության և արտակարգ իրավիճակների դեպքում գործողությունների հատուկ դասընթաց դպրոցականների և երիտասարդների համար և շուտով հյուրընկալելու է առաջին խմբերին: Իսկ սեպտեմբերի վերջից արդեն գործելու է էքստրիմ պարկը: 
 
Արման Առաքելյանը «Լոռե» կամավորական փրկարարական ջոկատի նախկին բազայի տարածքում հիմնեց «Լոռե» ՍՊԸ-ն: Այն կմատուցի ակտիվ, և պասիվ հանգստի սիրահարների համար նախատեսված հյուրընկալության ծառայություններ։ Լոռեն տրամադրելու է գիշերակացի ծառայություններ, առաջարկվում են հանգստյան առանձնատներ, կազմակերպվում են արշավներ,  ճամբարներ և այլն։ Ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով Արման Առաքելյանը ավարտին հասցրեց շինարարական և բարեկարգման աշխատանքները և ձեռք բերեց անհրաժեշտ կահավորանքը, կառուցեց մագլցման պատը: Այդ ամենի արդյունքում ստեղծվեց հավելյալ երկու կայուն աշխատատեղ։
 
Գործարարի շուկայավարման կարողությունների զարգացման նպատակով, Ծրագրի շրջանակում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն տրամադրել է  մասնագիտացված խորհրդատվություն՝ շուկայում ծառայությունների պատշաճ ներկայացման, ճանաչվածության բարձրացման և այլ ուղղություններով:
 
Մշակվել է «ԼուսեԹև» ապրանքանիշը, մշակվել և տպագրվել են բազմաթիվ գովազդային նյութեր:
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Այն իրականացվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։
 
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ-ի, «Սյուն» ՀԿ-ի հետ գործընկերությամբ։