հայ
Ապրանքների մակնշումը, պիտակավորումը և փաթեթավորումը տարբեր երկրներում կարգավորվում է օրենսդրությամբ՝ բոլոր ապրանքատեսակների համար մեկ ընդհանուր, կամ առանձին տեսակների համար առանձին օրենքներով/տեխնիկական կանոնակարգերով։ Ապրանքի մակնշման նպատակն է շուկայի վերահսկողության մարմիններին, ներմուծողներին, դիստրիբյուտորներին և վերջնական օգտագործողներին տրամադրել տեղեկատվություն անվտանգության, առողջության, էներգաարդյունավետության կամ ապրանքի/ծառայության հետ կապված բնապահպանական խնդիրների վերաբերյալ։

Սննդամթերքի մակնշում

Մակնշման եղանակով քո սպառողին ներկայացրու՛ արտադրանքիդ վերաբերյալ անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն

ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ

Սույն տեղեկատվությունը նպատակ ունի ծառայելու որպես ուղեցույց Հայաստանում արտադրված և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում սպառվող սննդամթերքի մակնշման համար՝ նպատակ ունենալով արտադրողներին օգնել ապահովելու սննդամթերքի անվտանգության պահանջները և սպառողների իրազեկվածության իրավունքը:

Էջում տրված են սննդամթերքի մակնշմանը ներկայացվող ընդհանուր պահանջները և դրանց մանրամասները 2018 թ. նոյեմբերի դրությամբ:

Տեղեկատվությունը հիմնված է ԵՏՄ տարածքում սննդամթերքի մակնշման մասին տեխնիկական կանոնակարգման պահանջների վրա, որոնք գործում են Հայաստանում:

Սննդամթերքի առանձին տեսակների համար ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերով կարող են սահմանվել սննդամթերքի մակնշման հավելյալ պահանջներ։ Էջում սննդամթերքի մակնշման ընդհանուր պահանջներից բացի անդրադարձ է կատարվում մասնավորապես պանրի (ՄՄ ՏԿ 033/2013 «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգ) և չրերի մակնշման հավելյալ պահանջներին:

Տեղեկատվությունից օգտվողը պետք է նկատի ունենա, որ այն չի հավակնում լինել սննդամթերքի մակնշման սպառիչ և ամբողջական ներկայացում և չպետք է օգտագործվի որպես միակ հիմք որոշումներ կայացնելիս։ Հնարավոր իրավական հարցերի կամ խնդիրների պարագայում հարկավոր է հիմնվել Հայաստանում գործող համապատասխան իրավական ակտի դրույթների վրա և (կամ) դիմել անկախ իրավաբանական խորհրդատվության։

Տեղեկատվությունը ներկայացված է մշակման պահի դրությամբ գործող համապատասխան օրենսդրության հիման վրա։ Գրանցման գործընթացը փաստացի սկսելուց առաջ անհրաժեշտ է կրկին ուսումնասիրել համապատասխան օրենսդրությունը և կարգերը կամ դիմել գրանցող մարմիններին և մասնագիտացված խորհրդատուների:

Այդ գործընթացում տնտեսվարողի համար ուղեցույց կարող է հանդիսանալ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) և ՓՄՁ ԶԱԿ-ի կոմից մշակված ԵՏՄ մակնշման ճանապարհային քարտեզը, որը կարելի է ներբեռնելայստեղ։

Ոչ ԵՏՄ անդամ երկրներ արտահանման նպատակով Հայաստանում արտադրված սննդամթերքի մակնշման պահանջներին էջում չենք անդրադառնում։

Ընդհանուր տեղեկություն

Գոյություն ունեն պարտադիր տեղեկատվության տեսակներ, որոնք պետք է ներառված լինեն մակնշման մեջ և տեղեկատվության այնպիսի տեսակներ, որոնք կարող են ներառվել արտադրողի ընտրությամբ։ Պարտադիր տեղեկատվությունը հիմնականում հանդիպում է սպառման ապրանքների պիտակների վրա և վերաբերում է սպառողների անվտանգությանն ու առողջությանը և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներին։ Այդպիսիք են՝

· արտադրության ամսաթիվ,

· պիտանելիության ժամկետ,

· պահպանման պայմաններ,

· օգտագործման վերաբերյալ ցուցումներ, և այլն։

Ապրանքի/ծառայության մակնշման մեջ ներառվող կամավոր տեղեկատվությունը հիմնականում ծառայում է որպես մարքեթինգային գործիք։ Այն արտադրողի և սպառողի միջև հաճախ առաջին կոնտակտային կետն է։ Օգտակար տեղեկատվություն պարունակող, աչք գրավող դիզայնով պիտակն օգնում է արտադրողի բրենդի առաջմղմանը և արտադրանքի վաճառքին։ Այդպիսի տեղեկատվության օրինակներ են «Օրգանական», «Պատրաստված է Հայաստանում», և այլ նշումներ։

Սննդամթերքի մակնշում

Մակնշումը ներկայացնում է սննդամթերքի մասին տեղեկություններ, որոնք տրվում են գրառումների, նկարների, նշանների և դրանց համակցության տեսքով` արտադրանքի փաթեթի, տրանսպորտային փաթեթի վրա կամ այլ կերպ։

Տեղեկատվությունը սպառողին պե՛տք է ներկայացնես անմիջապես սննդամթերքի հետ՝ փաթեթավորված ապրանքի (սպառողական տարայի), պիտակի, կրկնապիտակի, ներդիրի վրա՝ սննդամթերքի առանձին տեսակների համար ընդունված տեքստային և/կամ մակնշման եղանակով:

Անհրաժեշտ է հավաստիանալ, որ տպագրված տեքստում ներկայացված տեղեկատվությունը միանշանակ է, հասկանալի, ամբողջական և հավաստի, որպեսզի քո սպառողը թյուրիմացության կամ մոլորության մեջ չընկնի սննդամթերքի բաղադրության, հատկությունների, սննդի արժեքավորության, բնույթի, ծագման երկրի, պատրաստման և օգտագործման հարցերում։

Մակնշման համար օգտագործվող միջոցները ներառում են՝



Ինչու՞ է սննդամթերքի մակնշումը կարևոր

Սննդամթերքի մակնշումը օրենսդրական պահանջ է՝ հիմնականում ուղղված արտադրանքի անվտանգության և սպառողների իրազեկվածության իրավունքի ապահովմանը։

Ամբողջական և ճշգրիտ մակնշումը նպաստում է արտադրանքի վերաբերյալ հավաստի տեղեկատվության հաղորդմանը և օգնում է սպառողներին ճիշտ ընտրություն կատարել տարբեր արտադրանքների միջև։

ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան սննդամթերքի մակնշումն ապահովում է դրա ազատ տեղաշարժը (այլ պահանջների բավարարման պարագայում) ԵՏՄ տարածքում՝ Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզական Հանրապետություն: ԵՏՄ միասնական տարածքը հանդիսանում է 180 միլիոն սպառողների շուկա։

· Արտադրանքի պիտակը նաև կարևոր մարքեթինգային գործիք է, քանի որ այն արտադրողի և սպառողի միջև հաճախ առաջին կոնտակտային կետն է։

· Օգտակար տեղեկատվություն պարունակող, աչք գրավող դիզայնով պիտակն օգնում է արտադրողի բրենդի առաջմղմանը և արտադրանքի վաճառքին։

Ինչպե՞ս մակնշել

Սննդամթերքի մակնշումը նախատեսված է սպառողի համար:

Ստորև ներկայացված են այն գործոնները, որոնք ունեն առաջնային կարևորություն մակնշելիս.

· տառատեսակ,

· տառատեսակի չափ,

· տեքստի գույն(եր), ֆոն,

· շարահյուսություն,

· թղթի առաձնահատկություններ:

Մակնշելիս անհրաժեշտ է ընտրել տառատեսակ, որը սպառողին հեշտ ընթեռնելի լինի, իսկ տառատեսակի չափը պետք է լինի ընթեռնելի: Հատուկ նշումներն անհրաժեշտ է գրել` օգտագործելով այլ չափ, որպեսզի վերջիններս ընդգծվեն տեքստում:

Ինֆորմացիայի մատչելիությունը կախված է ոչ միայն տառատեսակի չափից, այլ նաև տեքստի գույն(եր)ից: Ինֆորմացիան կարող է տպագրվել մեկ կամ մի քանի գույնով, որը, սակայն, պետք է հստակորեն առանձնացնի տեքստը ֆոնից: Շատ կարևոր է, որպեսզի տեքստի և ֆոնի միջև առկա լինի գունային կոնտրաստ և համադրելիություն: Գունային վատ համադրությունը կամ տեքստի և ֆոնի միջև գունային աննշան տարբերությունը կարող է բացասաբար ազդել տեղեկատվության մատչելիության վրա:

Հետևաբար, խորհուրդ չի տրվում տեղադրել տեքստը ֆոնային պատկերների վրա, քանի որ այն կարող է դժվարացնել տեքստի ընթեռնելիությունը: Հիմնականում մուգ գույնի տեքստը տպվում է համեմատաբար բաց ֆոնի վրա, սակայն կարող է լինել հակառակը` բաց տեքստ մուգ ֆոնի վրա` ուղղված ինֆորմացիան կարևորելուն, օրինակ՝ զգուշացումների դեպքում: Առհասարակ, այնպիսի գործոններ, ինչպիսիք են թղթի քաշը, գույնը, տեքստի չափը և խտությունը, թղթի և տեքստի գույները, պետք է նույնպես հաշվի առնվեն:

Նախադասությունների շարահյուսությունը պետք է լինի հնարավորինս պարզ և հասանելի: Խորհուրդ չի տրվում օգտագործել երկար նախադասություններ. առավել գերադասելի է գրել մի քանի կարճ նախադասություն մեկ երկարի փոխարեն:

Թուղթը պետք է լինի բավականաչափ հաստ, որպեսզի նվազեցնի թափանցելիությունը, ինչը դժվարացնում է տեքստի ընթեռնելիությունը, մասնավորապես երբ տեքստի չափը փոքր է: Փայլուն թուղթն անդրադարձնում է լույսը` տեքստը դարձնելով դժվար ընթեռնելի, ուստի խորհուրդ է տրվում չօգտագործել այն: Ավելին, թղթի տեսակը պետք է ընտրվի այնպես, որ տվյալ սննդամթերքի պահման պայմանների պատճառով շարքից արագ դուրս չգա (մասնավորապես՝ կաթնամթերքի դեպքում սնունդը պահվում է սառնարաններում, ինչի հետևանքով շատ ժամանակ մակնշման տեքստը դառնում է անընթեռնելի):

Ի՞նչ օրենսդրություն է գործում

Հայաստանի Հանրապետությունում գործում է «Սննդամթերքի մակնշման մասին» տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 022/2011, հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից 2011 թ. դեկտեմբերի 9-ի թիվ 881 որոշմամբ):

Բացի «Սննդամթերքի մակնշման մասին» ԵՏՄ տեխնիկական կանոնակարգից, որոշ սննդամթերքների դեպքում մակնշման համար գործում են ԵՏՄ հավելյալ տեխնիկական կանոնակարգման պահանջներ: Մասնավորապես՝ կաթնամթերքի համար գործում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ԵՏՄ տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 033/2013, հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից 2013 թ. հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ):

Ստորև կարող ես ծանոթանալ սննդամթերքի մակնշման վերաբերյալ վերոնշյալ երկու տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Հայաստանում վերոնշյալ կանոնակարգերի ու մակնշման վերահսկող մարմինն է:

Սկսած 2016 թ. հունվարի 2-ից՝ ՀՀ օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին սննդամթերքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում (համաձայն Հայաստանի Հանրապետությունում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը գործողության մեջ դնելու կարգի մասինԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թ. ապրիլի 14-ի թիվ 28 որոշման):

Այստեղ չենք անդրադառնում ոչ ԵՏՄ անդամ երկրներ արտահանման նպատակով Հայաստանում արտադրված սննդամթերքի մակնշման պահանջներին։

Սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջները չեն տարածվում հետևյալ սննդամթերքի վրա՝

§ հանրային սննդի ոլորտում արտադրվող և տեղում իրացվող,

§ արտադրված ֆիզիկական անձանց և գյուղացիական տնտեսությունների կողմից՝ սեփական սպառման, այլ ոչ թե ձեռնարկատիրական գործունեության նպատակով:

Սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջները

Փաթեթավորված սննդամթերք

Սննդամթերքի մակնշումը պարտադիր պետք է լինի հայերեն և ռուսերեն լեզուներով:

Փաթեթավորված սննդամթերքի մակնշումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը (համաձայն ТР ТС 022/2011 տեխնիկական կանոնակարգի 4.1 1-11 կետերի)`

· արտադրանքի անվանումը,

· բաղադրությունը,

· արտադրանքի քանակը,

· արտադրման ամսաթիվը,

· պիտանիության ժամկետը,

· պահման պայմանները,

· արտադրողի անվանումը, իրավաբանական և գործունեության հասցեները,

· սննդամթերքի օգտագործման վերաբերյալ ցուցումները և/կամ սահմանափակումները` եթե այդպիսիք կան,

· սննդային արժեքի ցուցանիշները,

· սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված բաղադրիչների առկայության մասին տվյալները,

ԵՏՄ անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը (միասնական նշանը տրամադրում են ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմնի» կողմից հավատարմագրված արտադրանքի (ծառայությունների) հավաստագրման մարմինները):

Արտադրանքի (ծառայությունների) հավաստագրման մարմինների ցանկին կարող ես ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.armnab.am/։

Կաթ և կաթնամթերք

Մակնշման մեջ պետք է ներառել նաև լրացուցիչ հետևյալ տվյալները`

· Յուղի զանգվածային մասը տոկոսով (բացառությամբ յուղազերծված մթերքից, պանիրներից, պանրային արտադրանքից, հալած պանրից, հալած պանրային արտադրանքից)

· Յուղի զանգվածային մասը չոր նյութում տոկոսով (պանիրների, պանրային արտադրանքի, հալած պանրի, հալած պանրային արտադրանքի համար)

· Կաթնաթթվային մթերքի համար` կաթնաթթվային բակտերիաների, բիֆիդոբակտերիաների և այլ պրոբիոտիկ միկրոօրգանիզմների քանակը (ԳԱՄ 1 գրամում)

· Պանիրների համար`մակարդի տեսակը, կաթ մակարդող ֆերմենտի ծագման բնույթը,

· Նշում նորմատիվ փաստաթղթի մասին, որի համաձայն արտադրանքն արտադրվել է։

Արտադրանքի մակնշումը կարող է պարունակել լրացուցիչ տվյալներ, որոնք չեն հակասում ՄՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգերին։ Օրինակ՝

· սննդամթերքի համար մտածված անունը,

· ապրանքային նշանը,

· նորմատիվ փաստաթղթի նշագիրը

· ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներ ունեցողի մասին տվյալները,

· ծագման վայրի անվանումը,

· լիցենզիա տրամադրողի անվանումը և գտնվելու վայրը,

· կամավոր հավաստագրման համակարգերի նշանները

Փաթեթավորված սննդամթերքի քանակը պետք է նշված լինի ծավալային միավորով (միլիլիտր, սանտիլիտր կամ լիտր), քաշով (գրամ կամ կիլոգրամ) կամ քանակով (հատ)։

Չափման միավորի ընտրությունը կախված է սննդամթերքի տեսակից՝

· եթե սննդային արտադրանքը հեղուկ է, ապա քանակը պետք է նշված լինի ծավալով,

· եթե սննդային արտադրանքը մածուցիկ է, ապա քանակը պետք է նշված լինի կամ ծավալով կամ քաշով,

· եթե սննդային արտադրանքը պինդ է կամ հանդիսանում է պինդ և հեղուկ նյութերի խառնուրդ, ապա քանակը պետք է նշված լինի քաշով։

Թույլատրվում է միաժամանակյա օգտագործում 2 չափման միավորների, օրինակ՝ քաշ և քանակ կամ քաշ և ծավալ:

Փոխադրման փաթեթավորմամբ սննդամթերք

Փոխադրման փաթեթավորմամբ սննդամթերքի մակնշումը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

· արտադրանքի անվանումը,

· արտադրանքի քանակը,

· արտադրման ամսաթիվը,

· պիտանիության ժամկետը,

· պահման պայմանները,

· խմբաքանակի նույնականացման համար տեղեկատվություն (օրինակ՝ խմբաքանակի համարը),

· արտադրողի անվանումը, իրավաբանական և գործունեության հասցեն,

եթե արտադրանքի սպառողական փաթեթի մակնշումը դյուրին ընթեռնելի է առանց փոխադրման փաթեթավորման ամբողջականության խախտման, ապա փոխադրման փաթեթավորման վրա առանձին մակնշում չի պահանջվում։

Կաթ և կաթնամթերք

Արտադրանքի խմբային, բազմակի օգտագործման կամ փոխադրման փաթեթավորման դեպքում նշվում է հետևյալը՝

· ապրանքային նշանը,

· խմբաքանակի համարը,

· զտաքաշը (բրուտտո քաշը ըստ արտադրողի հայեցողության),

· բաղադրությունը,

· նախազգուշացնող նշանները,

· նշում նորմատիվ փաստաթղթի մասին, որի համաձայն արտադրանքն արտադրվել է։

Սննդամթերքի անվանումը

Մակնշման մեջ նշված անվանումը պետք է արտացոլի հավաստի հատկանիշներ տվյալ սննդամթերքի վերաբերյալ և թույլ տա այն տարբերակել այլ սննդամթերքից։

Ըստ առկայության՝ անվանման մեջ կամ դրա մոտակայքում պետք է ներառվի սննդամթերքի տարբերակիչ հատկությունների և հատուկ մշակումների (օրինակ՝ «խտացրած, ապխտած, մարինացված, ճառագայթման միջոցով վերամշակված, չորացրած» և այլն) մասին տեղեկատվություն, եթե նմանատիպ տեղեկատվության բացակայությունը կարող է սպառողին մոլորության մեջ գցել։

Արտադրանքի անվանման մեջ արգելվում է ներառել բաղադրիչներ, եթե դրանք կամ դրանց վերամշակման արտադրանքն առկա չեն սննդամթերքի բաղադրության մեջ։

Համային հավելման գործածման դեպքում, այն բաղադրիչը, որը փոխարինվել է համային հավելմամբ և չի մտնում սննդամթերքի բաղադրության մեջ, կարելի է նշել սննդամթերքի անվանման մեջ հետևյալ կերպ՝ «համով» և/կամ «բույրով»։

Սննդամթերքի բաղադրությունը

Ընդհանուրնշումներ

Սննդամթերքի բաղադրամասերը նշվում են ըստ զանգվածային մասի նվազման կարգի։

Եթե սննդամթերքի բաղադրության մեջ առկա է մեկից ավելի բաղադրիչներից բաղկացած բաղադրամաս, բաղադրիչները տրվում են ըստ զուտ քաշի նվազման կարգի։

Եթե սննդամթերքի մեջ մեկից ավելի բաղադրիչներից կազմված բաղադրամասերից մեկի զանգվածային մասը կազմում է 2 տոկոս կամ պակաս, թույլատրվում է չնշել բաղադրամասի մեջ մտնող տվյալ բաղադրիչները, բացի հետևյալից՝

· սննդային հավելումներ,

· համային հավելումներ,

· կենսաբանական ակտիվ նյութեր և դեղաբույսեր,

· բաղադրիչներ, որոնք ստացվել են ԳՁՕ օգտագործմամբ,

· բաղադրիչներ, որոնց օգտագործումը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ կամ որոնք հակացուցված են որոշակի հիվանդությունների համար։

Հատուկ նշումներ

Սննդային հավելումների առկայության դեպքում պետք է նշվի դրանց ֆունկցիոնալ (տեխնոլոգիական) նշանակությունը (օրինակ` թթվայնության կարգավորիչ, կայունացուցիչ, էմուլգատոր) և սննդային հավելման անվանումը, որը կարող է փոխարինվել Միջազգային թվային համակարգի (INS, http://www.fao.org/fao-who-codexalimentarius/codex-texts/list-standards/en/) կամ Եվրոպական թվային համակարգի (E) սննդային հավելման ինդեքսով։

Բաղադրության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է չնշվել հետևյալ դեպքերում`

· մշակում չանցած թարմ մրգեր (այդ թվում՝ հատապտուղներ) և բանջարեղեն,

· սննդամթերք, որը կազմված է մեկ բաղադրիչից, պայմանով, որ սննդամթերքի անվանմամբ հնարավոր է սահմանել այդ բաղադրիչի առկայությունը։

Ջուրը կարող է չնշվել բաղադրության մեջ, եթե՝

· օգտագործված է կոնցենտրացված, խտացրած կամ չոր սննդամթերքի վերականգնման համար,

· հեղուկ բաղադրամասի մաս է կազմում (արգանակ, աղաջուր, թթվաջուր, օշարակ և այլն), որը նշված է բաղադրության մեջ։

Բաղադրիչները, որոնք սննդամթերքի արտադրության ընթացքում վերականգնվել են կոնցենտրացված, խտացրած կամ չոր վիճակից, թույլատրվում է նշել վերականգնումից հետո ըստ իրենց զանգվածային մասի։

Այն պարագայում, երբ համապատասխան խառնուրդի մեջ ներառված մրգերը (այդ թվում՝ հատապտուղները), բանջարեղենը, ընկույզը, հացահատիկը, սունկը, համեմունքները զանգվածային մասով էապես չեն տարբերվում, սննդամթերքի բաղադրության մեջ կարող են տրվել ցանկացած հերթականությամբ, հետևյալ նշումով՝ «փոփոխվող հարաբերակցությամբ»:

Այն պարագայում, երբ սննդամթերքի բաղադրության մեջ մտնում է քաղցրացուցիչներ-շաքարասպիրտներ, մակնշումը պետք է ներառի հետևյալը՝ «Պարունակում է քաղցրացուցիչներ: Չափից ավելի օգտագործումը կարող է ունենալ լուծողական ազդեցություն»:

Նշումներալերգիկռեակցիաներիևորոշակիհիվանդություններիդեպքումհակացուցումներիվերաբերյալ

Սննդամթերքի բաղադրամասերը (այդ թվում՝ սննդային և համային հավելումներ), կենսաբանական ակտիվ հավելումները, որոնց օգտագործումը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, կամ որոնք հակացուցված են որոշակի հիվանդությունների համար, ապա սննդամթերքի բաղադրության մեջ դրանք նշվում են անկախ քանակից:

Վերոնշյալ ամենատարածված բաղադրամասերից են՝ որոնց օգտագործումը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, կամ որոնք հակացուցված են որոշակի հիվանդությունների համար.

· գետնանուշ և դրա վերամշակված արտադրանք,

· ասպարտամ և ասպարտամ-ացեսուլֆամի աղ,

· մանանեխ և դրա վերամշակված արտադրանք,

· ծծմբի երկօքսիդ և սուլֆիտներ, եթե դրանց ընդհանուր բաղադրությունը մեկ կիլոգրամի մեջ 10 միլիգրամից ավելի է (կամ մեկ լիտրի մեջ 10 միլիլիտրից ավելի է),

· գլյուտեն պարունակող հացահատիկ և դրա վերամշակված արտադրանք,

· քունջութ և դրա վերամշակված արտադրանք,

· լյուպին և դրա վերամշակված արտադրանք,

· խեցեմորթեր և դրա վերամշակված արտադրանք,

· կաթ և դրա վերամշակված արտադրանք (ներառյալ կաթնաշաքար),

· ընկույզ և դրա վերամշակված արտադրանք,

· խեցգետնակերպեր և դրա վերամշակված արտադրանք

· ձուկ և դրա վերամշակված արտադրանք (բացի ձկան դոնդողից),

· նեխուր և դրա վերամշակված արտադրանք

· սոյա և դրա վերամշակված արտադրանք,

· ձու և դրա վերամշակված արտադրանք:

Բաղադրիչների ալերգիկ հատկությունների մասին տեղեկատվություն չի պահանջվում նշել սննդամթերքի մակնշման մեջ, բացառությամբասպարտամի և ասպարտամ-ացեսուլֆամի աղի մասին, վերջինիս օգտագործման դեպքում բաղադրությունից հետո պետք է գրվի «Պարունակում է ֆենիլալանինի աղբյուր»:

Այն սննդամթերքը, որը պարունակում է ներկանյութեր (ազոռուբին E122, դեղին քինոլինային E104, դեղին "մայրամուտ" FCF E110, կարմիր հրապուրիչ AC E129, պոնսո 4R E124 և տարտրազին E102), պետք է ունենա զգուշացնող գրառում «Պարունակում է ներկանյութ (ներկանյութեր), որոնք կարող են ունենալ բացասական ազդեցություն երեխաների ակտիվության և ուշադրության վրա»:

Կենսաբանական ակտիվ հավելումների համար պարտադիր նշվում է «Չի հանդիսանում դեղամիջոց»:

Արտադրման ամսաթիվը և պիտանիության ժամկետը

Արտադրման ամսաթիվ

Սննդամթերքի արտադրման ամսաթիվը մակնշման ժամանակ ցույց տալը կախված է վերջինիս օգտագործման, պիտանիության ժամկետից`


Պիտանիության ժամկետ

Սննդամթերքի պիտանիության ժամկետը մակնշման ժամանակ անհրաժեշտ է կատարել հետևյալ կերպով՝


«Արտադրության ամսաթիվը» և «Պիտանիության ժամկետը» բառերը կարող են փոխարինվել ցանկացած նույնիմաստ բառերով:

Մակնշման ժամանակ սննդամթերք արտադրողի, նրա կողմից լիազորված անձի, ներմուծողի անունը և գտնվելու վայրը ցույց տալու ընդհանուր պահանջներ

Սննդամթերք արտադրողի գտնվելու վայրը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վայրն է: Անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնապես գրանցված անվանումն ու գրանցման վայրը` հասցեն, ինչպես նաև երկիրը: Եթե արտադրության հասցեն չի համընկնում գտնվելու վայրի հետ, ապա պետք է նշել նաև արտադրության հասցեն: Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից ներմուծված ապրանքների մակնշման ժամանակ նշվում է ներմուծողի անվանումն ու գրանցման վայրը: Տվյալ արտադրանք արտադրողների անվանումն ու գրանցման վայրը թույլ է տրվում գրել նաև լատինական տառերով և արաբական թվերով, կամ էլ այն երկրի պաշտոնական լեզվով, որտեղ գրանցված է արտադրողը, սակայն տվյալ երկրի անունը պետք է նշել նաև ռուսերեն:

Սննդամթերքի սննդային արժեքը նշելու ընդհանուր պահանջներ

1. Սննդամթերքի սննդային արժեքը, որը նշվում է մակնշման մեջ, ներառում է հետևյալ ցուցանիշները`

· էներգետիկ արժեքը (կալորիականությունը)

· սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակը

· վիտամինների և հանքային նյութերի քանակը

2. Համային հավելումների, մաստակի, սուրճի, բնական հանքային ջրի, շշալցված խմելու ջրի, սննդային հավելումների, սննդային հումքի տեսքով` սնկի, ձկների, բանջարեղենի (ներառյալ կարտոֆիլ), մրգերի (ներառյալ հատապտուղներ), կերակրի աղի, համեմունքների, քացախի, թեյի սննդային արժեքը կարող է չնշվել, եթե այլ բան սահմանված չէ Մաքսային միության այդ տեսակների սննդամթերքի տեխնիկական կանոնակարգերով: Այլ սննդամթերքի սննդային արժեքը կարող է չնշվել, եթե Մաքսային միության առանձին տեսակների սննդամթերքի տեխնիկական կանոնակարգերով չի նախատեսվում:

3. Սննդամթերքի սննդային արժեքը պետք է բերված լինի 100 գրամ կամ 100 միլիլիտր և/կամ մեկ չափաբաժնի համար (սննդամթերքի պիտակավորման մեջ նշվող որոշակի թվով`որպես մեկ չափաբաժին՝ այդպիսի քանակի պարտադիր նշման դեպքում):

4. Սննդամթերքի էներգետիկ արժեքը (կալորիականությունը) պետք է նշվի արտահայտված ջոուլներով և կալորիաներով կամ այդ մեծությունների պատիկային կամ մասնաբաժնային միավորներով:

5. Սննդային նյութերի քանակը` այդ թվում սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, սննդային արտադրանքում պետք է նշված լինեն գրամով կամ նշված մեծությունների պատիկային կամ մասնաբաժնային միավորներով:

6. Սննդային արտադրանքում վիտամինների և հանքային նյութերի քանակը պետք է նշել միջազգային համակարգի միավորներով (մգ կամ մկգ) կամ այլ չափման միավորներով, որոնք թույլատրվում են Մաքսային միության անդամ երկրներում՝ Մաքսային միության օրենսդրության համաձայն չափումների միասնականության ապահովման համար:

7. Սննդամթերքի սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակը և էներգետիկ արժեքը (կալորիականություն) պետք է նշվի սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և էներգետիկ արժեքի (կալորիականության) հարաբերակցությամբ, եթե այդպիսի քանակությունը 100 գրամի կամ 100 միլիլիտրի մեջ կամ մեկ չափաբաժնի համար (պարենային արտադրանքի մակնշման մեջ նշվող որոշակի թվով` որպես մեկ չափաբաժին՝ այդպիսի քանակի պարտադիր նշման դեպքում) կազմում է 2 կամ ավելի տոկոս` արտացոլելով չափահաս մարդու միջին օրական պահանջը սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և էներգիայի նկատմամբ: Այլ դեպքերում սննդամթերքում սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակը և էներգետիկ արժեքը (կալորիականության) կարող է նշվել արտադրողի հայեցողությամբ:

8. Սննդամթերքի վիտամինների և հանքային նյութերի քանակը պետք է նշվի այն դեպքում, եթե սննդամթերքում վիտամիններ և հանքային նյութեր ավելացվել են արտադրման ժամանակ: Այլ դեպքերում պարենային արտադրանքում վիտամինների և հանքային նյութերի քանակը կարող է նշվել վիտամինների և հանքային նյութերի հետ հարաբերակցությամբ, որոնց համար այդ քանակը 100 գրամում կամ 100 միլիգրամում կամ պարենային արտադրանքի մեկ չափաբաժնի համար կազմում է 5 և ավելի տոկոս` արտացոլելով չափահաս մարդու վիտամինների և հանքային նյութերի միջին օրական պահանջը:

9. Այն սննդային արտադրանքի սննդային արժեքի ցուցանիշները, որի պատրաստումը պետք է իրականացվի սպառողի կողմից, նշվում է մակնշման մեջ առանց հաշվի առնելու դրանց հետագա պատրաստումը:

10. Սննդամթերքի սննդային արժեքի ցուցանիշները որոշվում են արտադրողի կողմից հետազոտման կամ հաշվարկման ճանապարհով:

11. Սննդային արտադրանքի էներգետիկ արժեքի և նրա մեջ պարունակվող սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի վերաբերյալ նշումների դեպքում կարող են կիրառվել սննդային արժեքի ցուցանիշների հաշվարկման կլորացման կանոնները` Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածի համաձայն, եթե Մաքսային միության որոշ տեսակների սննդային արտադրանքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով այլ բան սահմանված չէ:

12. Սննդային արտադրանքի սննդային արժեքների մակնշման մեջ կարող է լրացվել հետևյալ խոսքերով` «Միջինացված տվյալներ»: Սննդային արտադրանքի էներգետիկ արժեքը (կալորիականությունը) որոշելիս պետք է օգտագործվեն հիմնական սննդանյութերի վերահաշվարկման գործակիցները՝ փոխարկելով դրանք էներգետիկ արժեքի՝ համաձայն Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածի:

13. Սննդային արտադրանքում ածխաջրերի պարունակությունը որոշելիս հաշվի է առնվում քանակը, որը պարունակվում է սննդային արտադրանքում (բացառությամբ սննդային մանրաթելերի), և մարդու օրգանիզմի նյութափոխանակության ներգրավվածութունը, ինչպես նաև քաղցրացուցիչներ-շաքարասպիրտների քանակը:

14. А վիտամինի և А պրովիտամինի քանակը հաշվարկելիս օգտագործվում է վերահաշվարկման գործակցով՝ այն հաշվարկով, որ մեկ միկրոգրամ ռետինոլը կամ դրան համարժեքը համապատասխանում է վեց մկգ բետա-կարոտինին:

15. Սննդային արտադրանքի սննդային արժեքի վերաբերյալ լրացուցիչ պահանջները, որոնք չեն հակասում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին, կարող են տեղադրվել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում սննդամթերքի առանձին տեսակների համար:


Սննդամթերքի տարբերակիչ հատկանիշներին ուղղված մակնշման ընդհանուր պահանջներ

1. Սննդամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկատվությունը մակնշվում է կամավոր հիմունքներով:

2. Սննդամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկատվությունը, այդ թվում սննդամթերքում այնպիսի բաղադրիչների բացակայությունը, որոնք ստացվել են ԳՁՕ կամ առանց ԳՁՕ-ի օգտագործման, պետք է հաստատվեն ապացույցներով այն անձի կողմից, ով նշել է այդ հայտարարությունը մակնշման մեջ:

3. Սննդամթերքի տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկատվութունը պետք է համապատասխանի Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի Հավելված 5-ում նշված պահանջներին:

4. Սննդամթերքի սննդային արժեքի հետ կապված տարբերակիչ հատկանիշների մասին ինֆորմացիան պետք է ուղեկցվի մակնշման մեջ տվյալ սննդային նյութերի քանակի մասին նշումով՝ սահմանելով սննդամթերքիսննդային արժեքը:


Մակնշման պահանջներ սննդամթերքում գենոմոդիֆիկացված օրգանիզմների կիրառելիության արդյունքում առաջացած բաղադրիչների առկայության մասին

1. Սննդամթերքի համար, որն ստացվել է գենոմոդիֆիկացված օրգանիզմների կիրառելիության արդյունքում, այդ թվում, եթե վերջինս չի պարունակում դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և սպիտակուց, պետք է նշված լինի ինֆորմացիա «գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանք» կամ «արտադրանք, որը ստացվել է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներից»:

2. Սննդամթերքում 0,9% և պակաս գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառմամբ ստացված բաղադրիչների պարունակությունը համարվում է պատահական կամ տեխնիկապես անվերանալի խառնուկ և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների բաղադրիչների նշված քանակ պարունակող սննդամթերքը չի դասվում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառմամբ ստացված բաղադրիչներ պարունակող սննդամթերքի դասին:

Օրգանական ծագման սննդամթերք

Էկոսննդամթերքը ենթադրում է քիմիական պաշտպանական միջոցների, թունաքիմիկատների և սինթետիկ պարարտանյութերի զրոյական կիրառելիություն, ինչպես նաև բացառվում է իոնացնող ճառագայթումը, գենետիկորեն վերափոխված տարրերի կիրառելիությունը։

Օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքներն են՝

1) բույսերի տեսակների և սորտերի ընտրասերման, տոհմային անասնաբուծության բարելավման, ինչպես նաև մարդկանց գործունեությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցման արդյունքում կենսաբազմազանության պահպանման համար նպաստավոր միջավայրի ձևավորումը,

2) բնական ճանապարհով (ցանքաշրջանառության կիրառում, օրգանական պարարտացում, հողատարման դեմ պայքարում անտառաշերտերի ստեղծում և այլն) հողի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական կազմի բարելավումը, բերրիության պահպանումը,

3) գյուղատնտեսական մթերքի վերամշակման այնպիսի եղանակների և տեխնոլոգիաների ընտրությունը, որոնք կապահովեն դրանց կենսաբանական արժեքի առավելագույն պահպանումը,

4) շրջակա միջավայրի աղտոտման բացառումը` սինթեզված քիմիական նյութերի օգտագործման դադարեցումը, գյուղատնտեսական գործունեության ընթացքում էկոլոգիապես բարենպաստ տեխնոլոգիաների կիրառումը,

5) բուսաբուծության և անասնապահության ոլորտների ներդաշնակեցումը,

6) հորմոնների, հորմոնալ պատրաստուկների, ինչպես նաև կենդանի վերափոխված օրգանիզմների, գենային ինժեներիայի ու ժամանակակից այլ կենսատեխնոլոգիաների և իոնային ճառագայթման մեթոդների կիրառման բացառումը:

Էկոսննդամթերքը մակնշման մեջ «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձևերը կիրառելու համար պետք է պարտադիր հավաստագրում, ինչը վստահելիության ցուցանիշ է, որ մթերքն արտադրվել է օրգանական գյուղատնտեսության ստանդարտի պահանջներին լիովին համապատասխան։

Էկոսննդամթերքը վաճառելը, արտահանելը, ներմուծելը և վերոնշյալ մակնշումները կիրառելն արգելվում է, երբ.

· օրգանական մակնշում պարունակող սննդամթերքը հավաստագրված չէ,

· ներկայացված ուղեկցող օրգանական հավաստագիրը կեղծված է,

· հավաստագրում ներկայացված տվյալները չեն համապատասխանում սննդամթերքի պիտակում կամ մակնշման մեջ ներառված տեղեկատվությանը,

· ներմուծված օրգանական գյուղատնտեսական սննդամթերքը «Բուսասանիտարիայի մասին» կամ «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն ենթարկվել է կարանտին այնպիսի միջոցառումների, որոնք համատեղելի չեն օրգանական գյուղատնտեսական սննդամթերքին ներկայացվող պահանջների հետ:

Հավաստագրումն սկսվում է այն պահից, երբ ֆերմերը դիմում է հավաստագրման մարմին, տալիս է օրգանական արտադրության նկարագրությունը՝ ըստ հավաստագրող մարմնի կողմից տրամադրվող ձևաչափերի։ Հայտի հաստատումից հետո քննության են առնվում ներկայացված փաստաթղթերը և դրական եզրակացության դեպքում կատարվում է առաջին ստուգայցը, որի դրական գնահատման արդյունքի դեպքում կնքվում է պայմանագիր՝ հայտառուի և հավաստագիր տրամադրող մարմնի միջև։ Նախքան օրգանական հավաստագիր տալը հայտառուին տրամադրվում է օրգանական արտադրության անցումային փուլի հավաստագիր։ Հավաստագրող մարմինն իրավասու է կատարել հետևյալ ստուգայցերը՝ անցումային փուլի, տարեկան և ոչ պլանային ստուգայցեր։

ՀՀ-ում հավաստագիր տրամադրող մարմինը «Էկոգլոբ» ՍՊԸ-ն է (http://www.ecoglobe.am/

Օգտակար հղումներ