հայ
  • en
  • ru
Կան մարդիկ, որոնք վախենում են մարտահրավերներից և կան այնպիսիք, որոնք առճակատում են դրանք և հաղթահարում: Մենք աշխատում ենք նրանց հետ, ովքեր ձգտում են փոխել իրենց շրջապատող փոքրիկ աշխարհը` գյուղական համայնքներում կյանքը դարձնելով ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ:

2013թ. հուլիսից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» հնգամյա ծրագիրը:

Հայաստանի շուրջ 100 համայնքներում կմեկնարկեն տեղական տնտեսական զարգացման նախաձեռնություններ, որոնք գալու են ապացուցելու, որ մեր երկրում չկան ի վերուստ սահմանված հարուստ ու աղքատ բնակավայրեր, այլ կան կարծրատիպեր և գիտելիքի պակաս, որոնք խանգարում են զարգացնել մեր մեծ ու փոքր, հեռու և մոտ համայնքները:

Այս ծրագրի գլխավոր նպատակը մեկն է. հզորացնել գյուղական համայնքները՝ բացահայտելով և իրացնելով նրանցից յուրաքանչյուրի թաքնված ներուժը: Այդ նպատակին հասնելու համար առաջիկա 5 տարիների ընթացքում ծրագրի թիմը ձեռնարկելու է հետևյալ նպատակային քայլերը.

  • բացահայտելու է գյուղական համայնքներից յուրաքանչյուրի մրցակցային առավելությունները և միավորելով բնակիչների ջանքերը` իրականացնելու է այդ ներուժը,
  • այնպիսի գիտելիք և հմտություն է հաղորդելու ապագա ձեռնարկատերերին, որոնք կօգնեն նրանց ստեղծել մրցունակ և կայուն բիզնես մոդելներ,
  • նպաստելու է վարկային և ֆինանսական միջոցների ներհոսքին դեպի գյուղական համայնքներ,
  • համաֆինանսավորման սկզբունքով տրամադրելու է դրամաշնորհներ արտահանման ներուժ ունեցող ձեռնարկություններին՝ նոր տեխնոլոգիաների ներմուծման և սարքավորումների ձեռքբերման համար,
  • այդ համայնքներում գործող ձեռնարկությունների համար նոր շուկաներ է գտնելու և սպառման նոր դռներ բացելու գյուղում արտադրված ապրանքների և ծառայությունների առջև,
  • օժանդակելու է համայնքային նոր ենթակառուցվածքների ստեղծման և հների արդիականացման աշխատանքներին,
  • առավելագույնս նվազեցնելու է մարդկային գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և բնության քմահաճույքների ազդեցությունը գյուղական բիզնեսի վրա,
  • հատուկ ուշադրություն է դարձնելու կանանց և երիտասարդների խնդիրներին` վերջիններիս համար ստեղծելով աշխատատեղեր և գործարարությամբ զբաղվելու նոր հնարավորություններ:

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) գլխավորությամբ ծրագիրը կիրականացնեն համայնքային զարգացման մեծ փորձ ունեցող «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD), Գեղարքունիքի առևտրա-արդյունաբերական պալատը և «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը:
Մեր հաջողության ամենամեծ գրավականը համայնքի բոլոր անդամների համախմբումն է մի նպատակի շուրջ:
Մեր նախաձեռնության թևերը երիտասարդներն են. սեփական համայնքի զարգացման համար պատասխանատվություն ստանձնած համայնքի ապագա տերերը:

Տեղական տնտեսական զարգացում

  • Տեղական տնտեսական զարգացում -Ընտրված համայնքներում մրցակցային առավելությունների բացահայտում և խթանում: Թիրախ համայնքների տնտեսության մասնակցային գնահատում՝ մրցակցային առավելությունները բացահայտելու և նախաձեռնելու տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն տնտեսական և սոցիալական պայմանների, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավմանը:
  • Ձեռներեցության խթանում - Սկսնակ գործարարների ձեռնարկատիրական կարողությունների հզորացում, նոր տեխնոլոգիաների ներդրման համար մատչելի վարկային և ֆինանսական միջոցների հասանելիության ապահովում, զբաղվածության նոր հնարավորությունների ստեղծում:
  • Շուկաների հասանելիություն - Թիրախ համայնքներում գործող ձեռնարկությունների համար շուկաների հասանելիության ապահովում, աջակցություն առևտրին:

Փոքր ենթակառուցվածքների զարգացում

Նպաստել ընտրված համայնքների ենթակառուցվածքների կատարելագործմանը, ֆերմերների համար արդիականացված գյուղ ծառայությունների, արտադրության միջոցների և սպառման շուկաների մատչելիության բարձրացմանը, տվյալ համայնքներում գործարար միջավայրի և կենսապայմանների բարելավմանը:

Գյուղական համայնքների բնության պահպանություն

Կայուն զարգացում ապահովելու նպատակով աջակցել աղետակայուն համայնքների ձևավորմանը, որոնք իրենց զարգացման պլաներում կձեռնարկեն քայլեր ռիսկերի կառավարման ուղղությամբ: Աջակցել բացասական ազդեցության տակ գտնվող համայնքներին՝ բնապահպանական ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացում: